Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ճանապարհ սկսեց գործել, կիրականանան Թուրքիայի եւ Ադրբեջանի պանթյուրքիստական երազանքի առաջին քայլերը։ Yerkir.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պ․գ․թ․ Արմեն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանին Հայաստանով դեպի Նախիջեւան ճանապարհ տալու որոշմանը։
«Խոսքը գերազանցապես Մեղրիի միջանցքի բացման մասին է։ Որքան էլ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ «միջանցք» բառը չկա, բայց Ադրբեջանի նախագահը այդ մասին պարբերաբար հայտարարում է։ Այս ճանապարհը միայն Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների եւ Նախիջեւանի կապը չի ապահովելու։ Նախիջեւանը ցամաքային ճանապարհ եւ շփում ունի Թուրքիայի հետ։ Սա նշանակում է՝ ուղիղ ցամաքային կապ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասաց նա։
Եթե Փաշինյանն իսկապես որոշի ճանապարհ տալ Ալիեւին, ապա դեպի Միջին Ասիա՝ Ադրբեջանի, Կասպից ծովի վրայով, Էրդողանի նեոօսմանական քաղաքականությունը կիրականանա։ Մարուքյանի խոսքով՝ սա լրջագույն սպառնալիք է ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ տարածաշրջանի այնպիսի խաղացողների համար, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը։
Պատմաբանը շեշտում է՝ կարճատեսություն են այն հայտարարությունները, թե՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ տնտեսական շփումներ սկսենք, կոմունիկացիաներ բացենք, լավ կապրենք։ Եթե սկզբում դա կարող է հանգեցնել սոցիալ-տնտեսական փոքր-ինչ բարելավման, հետագայում սուվերենության եւ դեմոգրաֆիական լրջագույն խնդիրների կհանգեցնի։
Պատկերացրեք՝ եթե Հայաստանում բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռնարկություններ բացեն, թուրքեր եւ քրդեր են գալու, փորձելու են բնակվել, հաստատվել, բազմանալ, եւ սա ժողովրդագրական աղետ է լինելու։ Կարճ ասած՝ մի քանի տարի անց Հայաստան այլեւս չի լինելու։
«Մեր աչքի առաջ Աջարիայի օրինակը ունենալով՝ պետք է ծայրահեղ զգուշանանք այդ «լավատեսական» հայտարարություններից։ Իրականում, պետք է զգուշանալ Թուրքիայի նման պետության գործողություններից եւ քաղաքականությունից։ Թուրքիան իր առջեւ գերտերություն դառնալու խնդիր է դրել։ Նման պայմաններում Հայաստանը շարունակում է խանգարող հանգամանք լինել նրա պանթյուրքիստական երազանքը կյանքի կոչելու գործում։ Մենք ազգովի, իշխանություններից սկսած, սթափվելու կարիք ունենք, հակառակ դեպքում՝ սա հղի է շատ ծանր հետեւանքներով։ Ովքեր Թուրքիայի հետ քիրվայության, բարեկամության կոչեր են անում, խորհուրդ կտամ հայոց պատմության դասագրքերը կրկին վերընթերցեն»,- նշեց Մարուքյանը։
Ըստ նրա՝ մեր ժողովրդի պատմությունն է պատասխանում այն հարցին, թե ինչու չի կարելի Թուրքիայի հետ բարեկամություն անել կամ վերաբերմունք փոխել այս պետության նկատմամբ։ Մարուքյանը նշեց՝ մեր հարեւանը ոչ միայն չի ճանաչել իր կողմից կատարված հանցագործությունը հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ պետական բարձր մակարդակով վարում է ժխտողական քաղաքականություն, ավելին՝ փորձում է կանխել տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը։
«Թուրքական պետությունը հստակ թշնամական քաղաքականություն է որդեգրել Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Դրա ականատեսը եղանք տառացիորեն ամիսներ առաջ՝ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում։ Այս իրողությունները, Նախիջեւանում թուրքական ստորաբաժանումների առկայությունը ուղիղ սպառնալիք են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Հետեւաբար, բարեկամության ցանկացած կոչը կա՛մ կուրության, կա՛մ սեփական ժողովրդի պատմությունը չիմանալու, կա՛մ էլ ինչ-որ այլ հատուկ մտադրությունների դրսեւորում է»,- շեշտեց պատմաբանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան