կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-30 17:02
Հասարակություն

Արզական գյուղի հին կենցաղային իրերը

Արզական գյուղի  հին  կենցաղային իրերը

Արզականի տարածքում մարդկային բնակության հետքերը  տանում են դեպի ամենավաղ ժամանակներ:  Գյուղի տարածքում   կան և' հեթանոսական ժամանակների հուշարձաններ, և' քրիստոնեական բոլոր շրջանները  բնութագրող կոթողներ:

19-րդ դարի սկզբում  գյուղը վերաբնակեցվեց Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ մնացած  հայկական բնակավայրերից գաղթած հայության բեկորներով, որոնք էլ իրենց հետ Արզական բերեցին և այստեղ պահպանեցին իրենց յուրահատուկ կենցաղն ու սովորույթները:

Հրաշագործ զնդանը

No description available.

Մինչև 19-րդ դարի երկրորդ քառորդին պաշտոնական մակարդակով կկազմակերպվեր հայության գաղթը դեպի  Արաքսի այս ափը, դրանից մոտ մեկուկես տասնամյակ առաջ` 1817 թվականին,  Մուշից Արզական տեղափոխվեց և հաստատվեց Դարբին Մնեի մեծ գերդաստանը: Արզականում նրանք կառուցում  են առաջին քարե տունը։ Բացի այդ՝ նրանք Մուշից իրենց հետ բերել էին փոքրիկ զնդան, որը, ըստ նրանց, հրաշագործ զորություն ունի: Այդ զնդանի վրա դեռևս Արևմտյան Հայաստանում կատարվել  է, այսպես կոչված, ՄՈՄ ԹԱՓԵԼՈՒ արարողություն: Այն կատարել է ընտանիքի մեծը, իսկ իր հաջորդին նա տեսում էր երազում, որը իրենից հետո կատարում էր այդ արարողությունը:

Արարողությունը կատարվում էր հետևյալ կերպ․ առողջական խնդիրներ ունեցող հիվանդը նստում էր զնդանի կողքին, զնդանը տաքացվում էր, և վրան դրվում էին մոմեր, որոնք հալչում և թափվում էին կողքին դրված թասով ջրի մեջ, առաջացած պատկերներով  հնարավոր  էր լինում որոշել հիվանդության պատճառը և տեսակը: Այդ ամենը կատարվում էր երեք անգամ, որից հետո  հիվանդը բժշկվում էր: Մոմ  թափելու արարողությունը, սովորաբար, կատարվում էր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Նմանատիպ այցերով այստեղ բուժվել են ոտքերը բռնված, հոգեկան շեղումներ ունեցող հիվանդները:

Այցելությունը և մոմավառությունը այս զնդանի մոտ օգնել է նաև մայրանալու հետ խնդրներ ունեցող կանանց: Ինչպես նշում է ընտանիքի մեծերից  Էլիդա Պետրոսյանը, այս դեպքում պարտադիր պայման է, որ  կինը զնդանի մոտ գա և մոմավառություն կատարի  բոլորից թաքուն, բոլորի աչքից հեռու, այնպես, որ անգամ զնդանի տերերը չիմանան, թե ով է եղել այցելողը,  և  ամենակարևորը՝ անվերապահ հավատքով:

Շարշուղ աղայի սանդը

No description available.

 

Ահա այս սանդը  հայտնաբերվել է Արզականի հին դպրոցի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ:

No description available.

 

 

Գյուղի մեծերից Ռուբեն Թադևոսյանը, որը սերում է պապենական երկաթագործներ Նաժարի (հետագայում հնչյունափոխվել և դարձել է Նաջարի) գերդաստանից  նշում է, որ այն պատկանել է Արզականի նախկին երևելիներից Շարշուղ աղային, որը եղել է Արզականի ամենահին դպրոցի հիմնադիրը:

Ըստ  Ռուբեն Թադևոսյանի՝ 1930-ական թվականներին Շարշուղ աղայի ունեցվածքը, ներառյալ՝ այս սանդը, տեղի ունեցած մեծ կռվի արդյունքում անցել է գյուղի երևելիներից մյուսին՝ Ծատուր աղային․ ընտանիքներով եղել են թշնամիներ: Ի դեպ, Ծատուր աղան էլ իր հերթին խորհրդային տարիներին ենթարկվել է Պետական անվտանգության կոմիտեի հետապնդումներին և վերջինիս ձեռքը չընկնելու համար ինքնասպան է եղել:

Հին պղնձե կաթսան

No description available.

No description available.

 

Թադևոսյան ընտանիքը  առ այսօր մեծ խնամքով իր տանն է պահում  ամբողջությամբ ձեռքի աշխատանքի արդյունք հանդիսացող այս պղնձե կաթսան: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները դրա հնությունը գնահատել են 250-300 տարի: Ռուբեն պապիկը  ստույգ չի հիշում, թե այն իր  հետ ընտանիքը բերել է Արևմտյան Հայաստանից՞, թե՞ գտել են Արզականում հաստատվելուց հետո, բայց մի բան հստակ է, որ Արզականում հաստատվելուց ի վեր այն միշտ եղել է  իրենց տանը, և սրբորեն պահել ու պահպանել են կաթսան` որպես ընտանեկան մասունք:

 

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության  ուսուցիչ