կարևոր
2089 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-06 23:13
Հասարակություն

5 տարի առաջ այս անիծյալ օրը․ հրադադարի ու պատերազմը դադարեցնելու առաջարկը Նիկոլը մերժել էր. Խաչատրյան

5 տարի առաջ այս անիծյալ օրը․ հրադադարի ու պատերազմը դադարեցնելու առաջարկը Նիկոլը մերժել էր. Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

«5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․

Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա 4-5- կողմերն էր։ Արդեն միջանցիք պարզ էր, որ վատ լուրեր էին եկել պատերազմից։ Էլի զոհեր ունեինք։ Ովքեր էին, քանի հոգի, հայտնի չէր։ 3 օր առաջ հուղարկավորել էինք Գեղամին, արդեն ստացել էինք Մհերի զոհվելու բոթը։ 6-ի կողմերը բարձրացա ֆրանսիական համալսարան։ Դաս ունեի։ Չեմ հիշում ինչպես դասն անցկացրեցի ու հետ իջա գրասենյակ։ ԳՄ սենյակում մեռելային լռություն էր։ Մոտեցա Սպարտակին։ Հարցրեցի՝ քանի՞ հոգի։ Մի թղթի կտորի վրա գրեց 23 ու արագ ջնջեց։ Երկինքը փուլ եկավ։ Ովքեր էին, դեռ պարզ չէր։ Եկավ ընկ․ Հրանտը։ Ասացի, որ գոնե հիմա պիտի ինձ թողնի, որ գնամ։ Ուղարկեց, որ տղերքի վերադարձը կազմակերպեմ։

Տղերքը մնացել էին միջդիրքային տարածությունում։ Սպասում էին, որ հրադադար հայտարարվի, որ կարողանան հանեն։ Հրադադար չհայտարարվեց։ Հետո, շատ ավելի ուշ լուր տարածվեց, որ հրադադարի ու պատերազմը դադարեցնելու առաջարկը Նիկոլը մերժել էր։ Չգիտեմ․․․ Կգա ժամանակը, կպարզվի։ Մի քանի օր սպասելուց հետո, տղերքը գիշերը դուրս էին եկել դիրքերից ու հանել ընկերների աճյունները։ Ու նաև մի բուժակի մարմին․ ուսին բժշկական պայուսակ կար։ Ո՞վ էր, ոչ ոք չգիտեր։ Հայ զինվոր էր։ Կամուֆլյաժի տակ կարմրա-մանուշակագույն սվիտեր էր հագել։ Դա եմ հիշում։

Աչքիս առաջ է Ստեփանակերտի մորգը։ Իշխանյան Դավթի հետ գնացի։ Տղերքին արդեն բերել էին։ Չպատմեմ․․․ Հերթական օդային տագնապը հայտարարեցին։ Ոչ ոք ոչ մի տեղ չգնաց։ Մորգը ռմբապաստարան չուներ։ Բակում կանգնած ծխում էինք։ Էդոն ու Սիմոնն էին մտել: Եկավ Լեռնիկը։ Բարեկամներից մեկին էին բերել։ Հետո էլի ծանոթ մի ղարաբաղցու տեսա։ Մտնում էին ներս՝ դիակները ճանաչելու։ Սարսափելի էր։ Բժիկը մոտեցավ։ Ժամանակից շուտ ծերացել էր։ Ակնոցներն եմ հիշում։ Աչքերը փախցնելով ասաց․

– Մեքենա չունենք, կհամաձայնվես, որ մի մեքենայով Գորիս տեղափոխենք։

– Միասին են եկել, միասին էլ հետ կգնան․․․

Մի ՈՒԱԶ էր ընդամենը։ Առաջին խմբին ուղարկեցինք։ Գորիսի տղերքը դիմավորեցին։ Հաջորդ առավոտ, երկրորդ խմբի հետ շարժվեցինք տուն։

Գորիսի մորգը․․․ Ըստ մարզային դիահերձարանների բաշխումը։ Մեծ մասը Պռոշյանից էին։ 17 հոգի։ Սպիտակ պարկեր վրան սև մարկերով գրած «դաշնակ»։ Նաև անհայտ բուժակը, ում հասցրեցինք Մեծամորի մորգ․․․»: