կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-24 16:55
Հասարակություն

Այսօր Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրն է, և նրա մասին ամենաբարձր մակարդակով պետք է հիշեր գոնե ԿԳՄՍ նախարարությունը. դիտարկում

Այսօր Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրն է, և նրա մասին ամենաբարձր մակարդակով պետք է հիշեր գոնե ԿԳՄՍ նախարարությունը. դիտարկում
ՀՅԴ անդամ Հայկ Մանուկյանը Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրվա առթիվ անդրադարձ է կատարել սոցցանցի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
 
««Ոչինչ կարող է միացնել կոտորակված հայությանը, քան միևնույն հայ երգը, որ ներդաշնում է բազմազան ոգիներ և միապես հուզում այլամիտ սրտեր»: Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Աղբալյանն է՝ հայոց լեզվի մշակն ու ծառան, հայոց պետականության հիմքերում կանգնած այրը:
 
1904թ. Պետրոգրադից (ներկայիս Սանկտ-Պետերբուրգից) Հովհաննես Թումանյանին ուղարկված նամակում գրում է.
«Մեր Ավետիքը մի լավ բան ունի ասած.
Սազը չի թողնում, որ հայդուկ դառնամ,
Սուրը չի թողնում, որ աշուղ դառնամ:
Հիմի իմն է դառել. դասը չի թողնում, որ գրող դառնամ, գիրը չի թողնում հացատեր դառնամ»:
 
Երկար դեգերումներից հետո անդամակցելով մի շարք պարբերականների և հանդես գալով գրախոսություններով՝ կարողանում է ճանաչում ձեռք բերել գրական աշխարհում:
 
1918-1920 թվականներին եղել է ՀՀ խորհրդարանի անդամ, իսկ 1919 թվականին նշանակվել է հանրային կրթության և արվեստի նախարար։
Կրթական ծրագրերում կատարվեց արմատական փոփոխություն, մեծ տեղ էր հատկացվում մայրենիին, բնական գիտություններին և ձեռարվեստին: Գործել սկսեցին կիրակնօրյա և երեկոյան դպրոցներ: Հիմնադրվում է ՀՀ առաջին համալսարանը, որտեղ դասախոսելու նպատակով կառավարության հրավերով ժամանում են գիտնականներ, մշակույթի անվանի գործիչներ: Աղբալյանի պահանջագրով միջոցներ են տրամադրվում նաև պետական թատրոն, թատերական վարժարան, երաժշտական բարձրագույն դպրոց, պետական նվագախումբ և գրադարաններ հիմնելու համար: Մասնաճյուղեր և խմբակներ հիմնվեցին Անդրկովկասի հայաշատ վայրերում...
 
Այսքանն էր, որ հասցրեց անել Աղբալյանը նորանկախ Հայաստանի Հանրապետության գոյատևման ընթացքում:
 
Այսօր Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրն է: Այսօր նրա մասին ամենաբարձր մակարդակով պետք է հիշեր գոնե ԿԳՄՍ նախարարությունը: Պետք է գլուխ խոնարհեր նրա մեծության առջև և մեծարեր նրան: Սակայն այդ երկար անվանմամբ նախարարությունն այլ «կարևոր» գործ ուներ: Նրանք «լավագույն» նվերը մատուցեցին Աղբալյանին․ ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը: Ըստ նոր օրենքի՝ ԲՈՒՀ-ի ռեկտորի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին: Ո՞րն է սրա նպատակը, ի՞նչն է որոշման հիմք հանդիսացել: Աշխարհի լավագույն համալսարանների (օր.՝ Օքսֆորդի, Հարվարդի համալսարանների, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի) ռեկտորների տարիքները նայում ես՝ 70-անց, այդ ասպարեզում թրծված մարդիկ են: Կամ՝ կառավարման խորհուրդների կազմը սահմանվում է 9 հոգի, որոնցից 4-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը (դասախոսական և ուսանողական համակազմից, ինչպես նաև բուհի հետ համագործակցող գործատուներից), իսկ 5-ին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը՝ գիտության, կրթության, մշակույթի և գործարար շրջանակներից:
 
Հավանաբար, դեռ խանգարող ռեկտորնոե կան, որոնց չեն կարողացել դուրս մղել ոլորտից:
 
Նիկոլ Աղբալյանի ծննդյան նվերն էր՝ հակապետություն»: