կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-01 23:35
Հասարակություն

Գրիչը չթողեց զենքի մարդ դառնամ, զենքը չթողեց գրչի մարդ դառնամ. Նիկոլ Աղբալյանի 141-ամյակն է

Գրիչը չթողեց զենքի մարդ դառնամ, զենքը չթողեց գրչի մարդ դառնամ. Նիկոլ Աղբալյանի 141-ամյակն է

 Այսօր՝ ապրիլի 1-ին, լրացավ  բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի մշակ, գրական և մշակութային արժեքների  անկաշառ պահապան ու քարոզիչ, ազգային-հասարակական ու պետական-քաղաքական ղեկավար, գործիչ, գաղափարապաշտ հեղափոխականի անբասիր դրոշակակիր, Հայաստանի առաջին Հանրապետության  լուսավորության և արվեստի նախարար  Նիկոլ Աղբալյանի ծննդյան 141 ամյակը։ Այս առիթով, Երևանի թիվ 19-րդ դպրոցում, որը կրում է Նիկոլ Աղբալյանի անունը, կայացավ մեծարման և հիշատակի միջոցառումների շարք։

Միջոցառման  ընթացքում  6-րդ դասարանի աշակերտները,   իրենց դասղեկ   տիկին Սահակյանի  ղեկավարությամբ  և ՀՅԴ <> ուսանողական միության հետ համատեղ    ներկայացրեցին  առաքելատիպ հայի կյանքը, անցած ուղին,   բեղուն ստեղծագործական  գործունեությունը՝ կարևորելով նրա ունեցած ավանդը կրթական համակարգի ձևավոևման ու բարելավման, մշակույթի պահպանման գործում։ Աշակերտների  կատարմամբ հնչեցին  նաև հայրենասիրական երգեր, ապա հանդիսությունների դահլիճում  կայացավ «Առաջին այրեր» խորագիրը կրող,   Նիկոլ Աղբալյանի կյանքին և գործունեությանը նվիրված ֆիլմի դիտում։

Նշենք նաև, որ դպրոցում տեղի ունեցավ Նիկոլ Աղբալյանին նվիրված թանգարանային անկյունի բացում, որտեղ տեղադրվեցին լուսանկարներ, թերթերից և գրքերից քաղվածքներ:

Նիկոլ Աղբալյան ուսանողական միության  ատենապետ Ռուսլան  Բարսեղյանը շնորհակալություն հայտնելով աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվին՝ կարևորեց միջոցառման նշանակությունը և դերը  ապագա սերդի հայեցի դաստիարակման գործում, կոչ անլով աշակերտներին լավ սովորել Հայոց լեզուն և ամուր ու բարձր  պահել Աղբալյանականի կոչումը։

Դպրոցի փոխտնօրեն Հասմիկ  Մանուկյանը ելույթի  խոսքում նշեց, որ շուրջ քառորդ դար է ինչ դպրոցը կրում  է Հայոց մեծանուն մտավորականի անունը և բոլորիս պարտքն է լինել  նրա գաղափարի, արժեքների կրողը։ Տիկին Մանուկյանը նաև հավելեց , որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպվել են և սա շարունակական բնույթ  է կրելու։

 Տիկին Սահակյանը  նշեց, որ այսպիսի միջոցառումները նպաստում են աշակերպների կողմից Նիկոլ Աղբալյանի կերպարը հասկանալու և ամբողջական  ըմբռնելու գործին:

Ելույթի խոսքով հանդես եկավ նաև  ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ  Լիլիթ Գալստյանը, ով փոքրիկ պատմական ակնարկով անդրադարձավ Աղբալյանի կյանքին և գործունեությանը, ներկաներին փոխանցեց տեղեկություն այն անցքերի մասին, որոնք դեռևս լուսաբանված չեն։ Բանախոսը ներկաներին կոչ արեց հիշել և իրենց մտքում ունենալ Աղբալյանի հետևյալ խոսքերը՝ «Գրիչը չթողեց զենքի մարդ դառնամ, զենքը չթողեց գրչի մարդ դառնամ»:

Միջոցառման ավարտին ուսանողական միության կողմից աշակերտներին    բաժանվեցին  հեղափոխական երգերի ժողովածուներ՝ ձայնասկավառակների տեսքով, և Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանութեան» խորագիրը կրող գրքույկներ։