կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-24 11:17
Քաղաքական

2018֊ին Ադրբեջանից ՀՀ փոխանցված 211 մլն դոլարը 30 անգամ ավելի է 2017֊ին փոխանցվածից. պատգամավոր

2018֊ին Ադրբեջանից ՀՀ  փոխանցված 211 մլն դոլարը 30 անգամ ավելի է 2017֊ին փոխանցվածից. պատգամավոր

Դեռևս տարեսկզբին համացանցում տեղեկություն տարածվեց, որ 2018 թվականին, ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների, Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արմեն Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ տարօրինակ էր, որ այս լուրը չարժանացավ ուշադրության, սակայն ինքը կատարել է որոշակի ուսումնասիրություն:

«Կարող եմ հաստատել, որ լուրը և այդ հաշվետվությունն իրականում Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում առկա էին: Համաձայն համաշխարհային բանկի՝ 2019 թվականի հոկտեմբերի հաշվետվության՝ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար։ Համեմատության համար նշեմ, որ, ըստ 2018 թվականի հաշվետվության, 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել  7 մլն դոլար»,- հայտնեց պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ այդ առիթով ինքը հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

«Մեջբերում եմ ԿԲ պատասխանից հատված. «ՀՀ և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումների վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսեկությունը հիմնված է ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների, այլև Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունների վրա: Համաձայն հրապարակման մեջ առկա՝ Համաշխարհային բանկի մեկնաբանությունների՝ միգրանտների վերաբերյալ տվյալները տարբեր երկրներում թերի են, իսկ հաշվարկների հիմքում ընկած են միգրանտների քանակների և վերջիններիս եկամուտների վերաբերյալ առկա տվյալներ: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանում առկա է Ադրբեջանից եկած 87 հազար միգրանտ, իսկ Ադրբեջանում՝ Հայաստանից գնացած 146 հազար միգրանտ»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց նաև, որ ՀՀ Կենտրոնական բանկի այս պարզաբանումն իր համար ընդունելի չէ: «Քանի որ եթե հենվենք իրենց տրամաբանության վրա, ապա այդ թվերը միշտ պետք է լինեն նույնը՝ հաշվի առնելով, որ հաշվարկի բազային արժեքներն անփոփոխ թվեր են, մինչդեռ այս դեպքում 2017 թվականի 17 միլիոնը, աճելով մոտ 30 անգամ, 2018 թվականին դարձել է 211 մլն դոլար»,- ասաց պատգամավորը:

Նա նաև ասաց, որ, նույն տրամաբանությամբ, ինքը հարցում է ուղարկել նաև համաշխարհային բանկին:

«Ներկայացնեմ հատված այդ պարզաբանումից. «Երկկողմ դրամական փոխանցումները գնահատվում են՝ օգտվելով երկկողմ միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական գործերի վարչության հրապարակված տվյալներից, որոնք էլ իրենց հերթին հիմնված են մարդահամարի տվյալների և կանխատեսումների վրա: Ներկա պահին, փետրվարի 24-ից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալները հեռացվել են տվյալների շտեմարանից»»,- մեջբերեց պատգամավորը:

Ամփոփելով այս ամենը՝  նա ասաց, որ այդպես էլ չներկայացվեց, թե ինչի արդյունքում է 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան  փոխանցումների ցուցանիշի այդպիսի աճ գրանցել։