կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 13:39
Քաղաքական

Ո՞ւր ենք գնում Նիկոլի հետ

Ո՞ւր ենք գնում Նիկոլի հետ

Նախորդ հոդվածում նշել էինք, որ հարավկովկասյան տարածաշրջանում հաստատվել է հրադադար, այլ ոչ թե խաղաղություն: Թերևս միայն նիկոլականների համար է խաղաղություն հաստատվել, բայց նախկինները խանգարում են այն վայելել: Վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ չի բացառում ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, եթե, իհարկե, հայերը կատարեն կապիտուլյացիայի բոլոր պայմանները: Դա նշանակում է, որ Ադրբեջանը, օգտվելով իր հաղթանակից, քամելու է Հայաստանը մինչև վերջ և հաջողելու է, քանի դեռ ՀՀ իշխանության գլխին է կապիտուլյացիան ստորագրողը: Օրինակ` իր օգտին կվերագծի հայ-ադրբեջանական սահմանները, Հայաստանի տարածքով կանցկացնի Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան կոմունիկացիաները, կպահանջի իրենց բնակավայրեր վերադարձնել ՀԽՍՀ տարածքում ապրած ազերիներին կամ հատուցում կպահանջի նրանց համար և այլն: Իսկ իր վերջին մամլո ասուլիսներից մեկի ժամանակ Ն. Փաշինյանի` «Իսկանդեր» հրթիռի վերաբերյալ տված ծիծաղելի գնահատականի առնչությամբ, հազիվ զսպելով հռհռոցը և գնահատելով իրավիճակը Հայաստանում որպես քաոսային և տրագիկոմիկական, առաջարկեց ռուսներին ետ վերցնել այն հայերից` ակնարկելով, որ նման կոմեդիանտի ձեռքում, ինչպիսին է, իր կարծիքով, ՀՀ վարչապետը, այն նույնքան վտանգավոր է, որքան նռնակը` կապիկի ձեռքում: Այսինքն` առաջարկում էր զինաթափել Հայաստանը: Եվ դա զարմանալի չէ. եթե հակառակորդիդ ծնկի ես բերել, եթե նա պատրաստակամ է կատարելու քո բոլոր պահանջները, ապա ինչո՞ւ մինչև վերջ չօգտվել այդ հնարավորությունից: Եթե պարտված պետության կառավարությունն ու խորհրդարանը և քաղաքացիների զգալի մասը պաշտպանում են կապիտուլյացիան ստորագրած ղեկավարին, այսինքն` ընդունում են այդ կապիտուլյացիան և նույնպես պատրաստ են կատարելու դրա պայմանները, ապա ինչո՞ւ պետք է Ալիևը սահմանափակի իր ախորժակը: Այն, ինչ կատարվել է պատերազմից հետո` անցած երեք ամիսների ընթացքում, դրա վկայությունն է: Մի խոսքով` քանի դեռ Ն. Փաշինյանը իշխանության գլխին է, Ի. Ալիևի սանձարձակ քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ շարունակվելու է:

Միայն մի բան է կաշկանդում նրան էլ ավելի ընդլայնելու Հայաստանի նկատմամբ իր ոտնձգությունները. նա գիտակցում է, որ ստիպված է լինելու պատասխան տալ տարածաշրջանում գլոբալ ուժային կենտրոնների կողմից սահմանված կարմիր գծերը խախտելու համար, և վստահ չէ, թե ավագ եղբայր Թուրքիան կկարողանա օգնել իրեն՝ խուսափելու պատասխանատվությունից: Այդ ուժային կենտրոններից և ոչ մեկը հավանություն չի տվել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծմանը: Ավելին՝ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահները բազմիցս հայտարարել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի:

Այստեղ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ ԵԱՀԿ համանախագահների կողմից առաջ քաշված այս սկզբունքի հիմնավորմանը: Այն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ կամ այլ կազմակերպությունների` խաղաղության կոչող բանաձևերով չէ, որ հիմնավորվում է: Դրա հիմքում ընկած են ռազմական փորձագետների և դիտորդների այն եզրակացությունները, ըստ որոնց` հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի ուժերն ու ռեսուրսներն ընդհանուր առմամբ հավասարազոր են, իսկ ուժերի նման հարաբերակցության դեպքում պատերազմը կհանգեցնի միայն կողմերի մեծաթիվ, թեկուզև հավասարաչափ զոհերի ու կորուստների, բայց ոչ երբեք հակամարտության կարգավորման: Վերլուծելով պատերազմի ընթացքը` կարելի էր կարծել, թե հավասարակշռությունը խախտվել է ադրբեջանցիների օգտին Թուրքիայի կողմից նրանց ցուցաբերված ռազմական օգնության շնորհիվ, բայց չէ՞ որ Հայաստանը այն կարող է վերականգնել ՌԴ-ի օգնությամբ: Միայն պատերազմից հետո, համադրելով փաստերը, օտարազգի քաղաքագետները հասկացան Ադրբեջանի հաջողության գաղտնիքը կամ, կարելի է ասել, պարզեցին, որ ադրբեջանցիների հաղթանակի գաղտնի զենքը Ն. Փաշինյանն է: Պատերազմի ընթացքում նրա`որպես գերագույն հրամանատարի բոլոր գործողություններն ուղղված են եղել բանակի ոչ արդյունավետ օգտագործմանն ու հրամանատարական կազմի` պարտականությունների կատարմանը խոչընդոտելուն:

Որպես երկրի քաղաքական ղեկավար` նա մոլորության մեջ է գցել ոչ միայն սեփական երկրի քաղաքացիներին, այլև միջազգային հանրությանը` կեղծելով պատերազմի իրական ընթացքի մասին տեղեկատվությունը: Նա ոչ միայն չի դիմել ՀՀ դաշնակիցների օգնությանը, այլև մերժել է նրանց` ռազմական, քաղաքական ու դիվանագիտական օգնության և միջնորդության առաջարկները: Վերը նշվածից միջազգային դիտորդներն ու քաղաքագետները միայն մեկ բան կարող են եզրակացնել. Արցախյան պատերազմը և դրա ընթացքը ծրագրվել և կազմակերպվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ ՀՀ գերագույն հրամանատարի ներգրավմամբ և Արցախը հանձնելու նրա համաձայնությամբ: Նրանք նաև հասկացել են, որ միայն այս դեպքում Ի. Ալիևը կարող էր համարձակվել խախտելով եռանախագահների նշագծած կարմիր գիծը պատերազմ սկսել Հայաստանի դեմ:

Արցախյան այս պատերազմը դարձավ ևս մեկ ծանրակշիռ ապացույց այն բանի, որ Թուրքիան ինքնուրույն, եթե չասենք` ինքնագլուխ խաղացող է դարձել միջազգային թատերաբեմում, պատերազմներ է ծրագրում և իրականացնում, մարտահրավեր է նետում Հարավային Կովկասում իրենց շահերն ունեցող պետություններին:

Հայ-ադրբեջանական վերջին պատերազմը և դրա հետևանքները անակնկալի բերեցին Արևմուտքին: 2020 թ. աշնանը ԱՄՆ-ն զբաղված էր նախագահական ընտրություններով, Թրամփ-Բայդեն, հանրապետականներ-դեմոկրատներ աղմկալի գզվռտուքով, սևամորթների և ԼԳԲՏ համայնքի նկատմամբ մեղքերը քավելով ու հարգանքի տուրք մատուցելով, համաճարակի հետևանքով ծագած սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելով, իսկ ԵՄ քաղաքական ղեկավարությունը, համաճարակին դիմակայելուց զատ, տարված էր հակապուտինականության մոլուցքով, աճեցնում էր Նավալնի անունով մի հոմունկուլուս` Ռուսաստան նետելու նպատակով` հույս ունենալով, որ նա կկրկնի նույն սրվակում աճեցված և Հայաստանում երեք տարի առաջ իշխանության բերված մեկ այլ հոմունկուլուսի հաջող օրինակը:

Օգտվելով այդ իրավիճակից` Ադրբեջանը Թուրքիայի հետ Ն. Փաշինյանի աջակցությամբ, հնարավորինս կաշկանդելով ու սահմանափակելով ՌԴ ռազմաքաղաքական ու դիվանագիտական ներգրավումը (այդպիսով գոհացնելով նաև եվրոպացիներին), խախտեց ուժերի դասավորությունն ու հավասարակշռությունը Հարավային Կովկասում և փաստորեն խաղից դուրս թողեց Արևմուտքին: Սակայն արևմտյան քաղաքական շրջանակները, վերլուծելով և գնահատելով Հարավային Կովկասում անցած տարվա իրադարձությունների նկատմամբ իրենց կրավորական դիրքորոշման հետևանքները, կոչ են անում Ջ. Բայդենին սաստելու Էրդողանին և Ալիևին, նորից հսկողության տակ վերցնելու տարածաշրջանում ծավալվող գործընթացները: Իհարկե, Արևմուտքի զայրույթի պատճառը հայերի կրած կորուստները չեն: Դատելով իրադարձություններին արևմտյան հեղինակավոր քաղաքական գործիչների տված գնահատականներից` Արևմուտքը լրջորեն մտահոգված է Էրդողանի` իր շահերն անտեսելու և ինքնագլուխ որոշումներ կայացնելու համարձակությամբ: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր` Թուրքիան չկատարեց իր առջև դրված խնդիրը՝ դիմակայել և քայլ առ քայլ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից:

Ավելին`համագործակցելով Էրդողանը և Պուտինը կիսեցին Ղարաբաղը, հաստատվեցին Ադրբեջանում և ամրապնդում են իրենց դիրքերը` բնավ հաշվի չնստելով ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի հետ:

Ամերիկացիների հույսերը, թե Թուրքիայի համագործակցությունը ՌԴ-ի հետ ընդամենը խաղ է, և Թուրքիան հավատարիմ է Հյուսիսատլանտյան դաշինքին, ռուսներից C-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից և Արցախում համաձայնեցված քայլերից հետո պարզվեց, որ անհիմն էին, և նրանք հասկացան, որ այլևս չի կարելի վստահել Թուրքիային: Իհարկե, այդ նույն փորձագետները շատ լավ հասկանում են, որ Էրդողանն իր նպատակներն է հետապնդում այս տարածաշրջանում և հավակնում է ինքնուրույն դերակատար լինելու այստեղ, այլ ոչ թե հանձնարարականներ կատարող: Սա է անհանգստացնում ՆԱՏՕ-ին: Սա է անհանգստացնում նաև Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին: Այս երկրներից յուրաքանչյուրը շատ լավ գիտակցում է, որ Թուրքիայի հզորացումը և աշխարհաքաղաքական հավակնություններն անխուսափելիորեն կհանգեցնեն շարունակական լարվածության Մերձավորարևելյան տարածաշրջանում և վերջիվերջո կարող են խախտել ողջ աշխարհակարգը:

ԱՄՆ-ն չի ցանկանում Մերձավոր Արևելքում, Իրանից բացի, ունենալ ևս մեկ սպառնալիք` ի դեմս Թուրքիայի, որը հետևողականորեն սրում է հարաբերությունները ԱՄՆ մյուս դաշնակիցների՝ Հունաստանի, Ֆրանսիայի և Իսրայելի հետ, չի հանդուրժում նաև ամերիկյան օժանդակությունը քրդերին՝ վերջիններիս անջատողական մղումներում: Ամերիկացի քաղաքագետները, մոդելավորելով նման զարգացումները, դեռ նախագահ Օբամայի օրոք նախազգուշացնում էին, որ Էրդողանի նեոօսմանական հավակնությունները և դրանց իրականացմանն ուղղված հետևողական քայլերը կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալուն: Նման կանխատեսումներն ավելի ամրապնդվեցին, երբ Թուրքիան սկսեց համագործակցել ՌԴ-ի հետ` հետապնդելով իր սեփական աշխարհաքաղաքական նպատակները տարածաշրջանում: Միանգամից նշենք, որ գործակցությունը վերջինիս հետ զուտ մարտավարական է: Ռուսները հստակ գիտակցում են, որ թուրքերի ռազմավարական նպատակները հակասում են ոչ միայն Արևմուտքի, այլև իրենց շահերին: Եթե Ռուսաստանի աշխարհաքաղաքական ավանդական պատկերացմամբ Հարավային Կովկասը իր ներքին խնդիրն է, այսինքն` Ռուսական և Խորհրդային կայսրությունների բաղկացուցիչ մասն է կազմել, ապա Միացյալ Նահանգների տեսանկյունից այն Մերձավորարևելյան տարածաշրջանի բաղկացուցիչ մասն է: Այժմ աշխարհաքաղաքական այս երկու հսկա տեկտոնիկ սալաշերտերի արանքում, օգտվելով դրանց հակամարտությունից, Էրդողանը նպատակ է դրել ձևավորելու նոր՝ թյուրքական սալաշերտ և համառորեն փորձում է հասնել այդ նպատակին:

Թուրքական շահերի հետապնդման տարածքը համընկնում է Օսմանյան կայսրության տարածքին, որն այսօր` 100 տարի անց, դարձել է ամերիկյան գլոբալ շահերի դաշտ, և Էրդողանը ամեն քայլափոխի դեմ է առնում ամերիկյան դիմակայության և ամեն մի նոր քայլով ԱՄՆ-ի երբեմնի հնազանդ դաշնակցից վերածվում է մրցակցի: Դժվար է չափել Էրդողանի համառության և ամերիկացիների համբերության սահմանները: Մի կողմից` տրամաբանությունից դուրս է, որ Թուրքիան, տնտեսապես, քաղաքականապես ու ռազմական առումով, ինչպես ասում են, ոտքով ու գլխով կախված լինելով Միացյալ Նահանգներից, համարձակվում է հակադրվել նրան: Մյուս կողմից` նույնքան տրամաբանական է, որ ԱՄՆ-ն չի ուզում կորցնել Ռուսաստանին զսպող, ՆԱՏՕ-ի անդամ իր կարևոր դաշնակցին:

Այս տրամաբանական հակասության պատճառը Էրդողանն է, որի նեոօսմանական ռազմավարական ծրագրերը չեն համապատասխանում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի ռազմավարությանը: Դա նշանակում է, որ վերջիններիս պետք է Թուրքիան, բայց առանց Էրդողանի: 2016 թ. նրանք փորձեցին հեղաշրջման միջոցով ազատվել նրանից: Չհաջողվեց: Փոխարենը Էրդողանին հաջողվեց տեղի ունեցածն օգտագործել ներքաղաքական խնդիրների արմատական լուծման համար` մաքրելով քաղաքական դաշտը, բանակը, պետական բոլոր կառույցները իր հակառակորդներից:

Մի խոսքով` Էրդողանը չափազանց անհարմար գործընկեր է դարձել ԱՄՆ-ի համար, կարող է դիմել ծայրահեղ քայլերի և նույնիսկ շանտաժի իր դաշնակցի հետ հարաբերություններում: Հասկանալով, որ տարածաշրջանը մեծ փոփոխությունների շեմին է, նա փորձում է խցկվել գլոբալ խաղի մեջ` հաշվի չառնելով, որ գերտերությունների աշխարհաքաղաքական պայքարում կարող է կորցնել ամեն ինչ և նույնիսկ հանգեցնել պետության մասնատմանը: Քննադատելով Էրդողանի այս նկրտումները` որոշ թուրք քաղաքագետներ նշում են, որ նրա արկածախնդրության պատճառով Թուրքիան հայտնվել է երկու գերտերությունների ճիրաններում և ենթարկվում է սաստկացող և ուժգնացող հարվածների նրանց կողմից: Ակնհայտ է նաև, որ Միացյալ Նահանգները Թուրքիային կարգի հրավիրելու գլխացավանքը փորձում է բարդել ռուսների վրա` հակամարտության դաշտեր ստեղծելով նրանց միջև Սիրիայում, Հարավային Կովկասում և արդեն Ուկրաինայում: Ռուս-ուկրաինական լարվածության սրումը Դոնեցկի և Լուգանսկի շուրջ, ուկրաինա-թուրքական պայմանավորվածությունները ռազմական համագործակցության վերաբերյալ, ամերիկա-թուրքական ռազմածովային զինավարժությունները Սև ծովում այդ մասին են վկայում:

Ընդունելով նման քաղաքական գնահատականները` նշենք, սակայն, որ Էրդողանն ընդունակ է վերջին պահին մի դիրքորոշումից անցում կատարելու հակառակ դիրքորոշման: Օրինակ, ռազմաքաղաքական խաղերի մեջ մտնելով Կիևի հետ և զենք մատակարարելով ուկրաինացիներին, զորակցելով նրանց Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների դեմ սպասվող հարձակման նախապատրաստության գործում, նա վերահաստատում է իր`որպես ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամի կարգավիճակը` միաժամանակ դա ներկայացնելով ոչ թե որպես քայլ` ուղղված ՌԴ-ի դեմ, այլ որպես պայքար անջատողականության և ահաբեկչության դեմ: Միաժամանակ սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիան, օգտագործելով գարնան վերջին սպասվող ռուս-ուկրաինական հակամարտության սրումը և օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ ուշադրությունը և ուժերը կենտրոնացած են լինելու Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների պաշտպանության ուղղությամբ, անցնելու է Հայաստանի նկատմամբ իր ռազմավարական ծրագրի հաջորդ փուլի իրականացմանը. կազմակերպելու և ապահովելու է ադրբեջանական ներխուժումը Սյունիք` միջանցք բացելով Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ռազմավարական անխափան կապի համար:

Այդ ներխուժումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կծախի ամերիկացիների վրա որպես լուրջ հարված ՌԴ և Իրանի դիրքերին տարածաշրջանում, իսկ ռուսներին դա կներկայացնի որպես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության` կոմունիկացիաների վերաբացման մասին կետի իրագործում: Ռուսների և մյուսների բերանը փակելու համար չենք բացառում, որ նա կպարտադրի մեր վարչապետին այդ ներխուժումն օրինականացնելու նպատակով ստորագրել եռակողմ պայմանագիր Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Չի բացառվում, որ նման պայմանագիր կամ բանավոր համաձայնագիր արդեն գոյություն ունի: Սրանով թերևս կարելի է բացատրել Էրդողանի հոգատարությունը Հայաստանում «ժողովրդավարության» և «լեգիտիմ իշխանությունների» հանդեպ:

Ինչ վերաբերում է ժողովրդավարական հանրությանը կամ, ինչպես ասում են, առաջադեմ մարդկությանը, ապա Էրդողանը ճիգ չի գործադրի` նրանց առջև արդարանալու, քանզի արևմտյան ԶԼՄ-ները այն աստիճան կբորբոքեն նրանց վրդովմունքը ռուսների «հերթական ագրեսիայի» հարցում, որ նրանք ուշադրություն չեն դարձնի Սյունիքի զավթմանը, ինչպես որ, զբաղված լինելով մեկ «առաջադեմ մարդու»՝ Ա. Նավալնու փրկությամբ, չնկատեցին Արցախի բռնազավթումը:

Հ.Գ.
ՀՀ լեգիտիմ վարչապետի եռամյա գործունեության տրամաբանությունը հուշում է նաև, թե որոնք են լինելու նրա հետագա քայլերը: Քանդելով պետությունն ու բանակը` նա նախապատրաստեց և իրականացրեց ՀՀ պարտությունը և Արցախի հանձնումը: Հետևելով իր հովանավորների խորհուրդներին և շարունակելով կատարել իր վրա վերցրած պարտավորությունները` նա իր ողջ հեղափոխական եռանդով կլծվի Հայաստանը ռուսական ազդեցության ոլորտից դուրս բերելու և Թուրքիայի ենթակայության տակ դնելու գործին: Միայն թե ընդդիմությունը չխանգարի:

Վարդան Հակոբյան

«Դրօշակ», թիվ 3 (1649), մարտ, 2021 թ.