կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-30 10:30
Հասարակություն

Պարտավոր ենք հիշել եւ դասեր քաղել. ՀՅԴ ՀԳՄ-ի ուղերձը Թաթուլ Կրպեյանի և 4 զինակից ընկերների նահատակության տարելիցի առիթով

Պարտավոր ենք հիշել եւ դասեր քաղել. ՀՅԴ ՀԳՄ-ի ուղերձը Թաթուլ Կրպեյանի և 4 զինակից ընկերների նահատակության տարելիցի առիթով

Ապրիլի  30-ը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի և նրա զինակից ընկերների՝ Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ), Արթուր Կարապետյանի, Վալերի Նազարյանի և Զարզանդ Դանիելյանի նահատակության օրն է: Այս առիթով, եւս մեկ անգամ մեր խոնարհումը  բերելով Արցախյան ազատագրական պայքարի բոլոր  նահատակների հիշատակին, հարկ ենք  համարում շեշտել Թաթուլ Կրպեյան  մարդու եւ գործչի յուրահատուկ կերպարը եւ դերը մեր նորօրյա ազատամարտի պատմության մեջ: Դժվար է ասել`  էությամբ  մտավորական, գործով մարտական հրամանատար Թաթուլի դերակատարությունը դեռ որքան կմեծանար ու ծանրակշիռ կդառնար  մեր ազգային կյանքում, եթե ճակատագիրը շնորհեր նրան կենսագրությունը հարստացնելու  հնարավորությունը:

Գիտակցական կյանքի եւ ակտիվ գործունեության ոչ առատ տարիներն էլ, սակայն, բավական եղան, որ 26 տարեկան նահատակ հայորդին անմահության արժանանար իր ժողովրդի հոգու  եւ գիտակցության մեջ:  Թաթուլ Կրպեյանին կարելի է համարել իր սերնդի  խորհրդանշական կերպար: Հայրենակորուստ  գերդաստանի շառավիղը, լսելով հայոց վերազարթոնքի ղողանջները, ուսանողական նստարանը փոխարինեց պայքարի ասպարեզի հետ: 

Անդամագրվեց ՀՅ Դաշնակցությանը եւ ցանկացավ լինել այնտեղ, ուր կրկին բարձրացվել էր հայրենիքի ազատագրության դրոշը: Սիրած պատմական հերոսների օրինակով  սեփական ճակատագիրը կապեց բռնագրավված  հայրենիքի հետ եւ դարձավ Գետաշեն-Մարտունաշենի ենթաշրջանի ընդհանուր հրամանատարը: Իրականում, սակայն, Թաթուլ Կրպեյանը  եղավ  իսկական ժողովրդական առաջնորդ, հայդուկապետ, ինչպիսին որ էր իրենից ոչ հեռու գործող Շահեն Մեղրյանը: Կարճ ժամանակում նա դարձավ անվերապահ վստահություն վայելող հրամանատար ոչ միայն կուսակցության, այլեւ տեղի եւ այլ վայրերից ժամանող մարտական ջոկատների համար: Թաթուլն անառարկելի հեղինակություն դարձավ ժողովրդի համար, եւ պատահական չէ,  որ նրան անվանում էին ուսուցիչ: Թաթուլը Կրպեյանը կամավորապես կյանքը կապեց հայության այդ հատվածի ազատության, նրա կրթության, նրա առօրյայի կազմակերպման  բազում այլ  խնդիրների հետ՝ հանգելով ճակատագրական վճռի, որ կա՛մ կազատագրի այդ հողը, կա՛մ կմեռնի նրա կորստի հետ: Թաթուլը նահատակվեց՝ չդավաճանելով իր ընտրությանը, ինչպես քիչ հեռվում  նույնն էր անելու Շահենը:

Ազատ եւ հզոր հայրենիքի կերտման գաղափարական հավատամքով Թաթուլ Կրպեյանը ամենավառ մարմնավորողներից էր մի սերնդի, որը ծնվել էր  ճանապարհ հարթելու հայության եւ  նրա ապագայի աջեւ: Ազգային հերոսի նրա բարձր կոչումը մենք գնահատում ենք որպես իդեալի եւ փառապսակ գործի ամբողջական արժեւորման արգասիք:

Մեր հակասական ժամանակներում, երբ դարձյալ քննարկման առարկա են դառնում ազգային գերակայությունները, անվիճարկելի ճշմարտություններն ու արժեքները, առավել քան պահանջված է Թաթուլ Կրպեյանին եւ նրա նմաններին հիշելը, ոգեշնչվելը նրանց հավատով, տեսլականներով եւ  այդ տեսլականները իրականության վերածելու անբեկանելի կամքով:  

Համաճարակի պես ազգային կյանք թափանցող օտարածին ու ախտավոր բարքերի ու արժեքների դիմաց անհրաժեշտ է նորահաս սերունդներին մատուցել  հերոս հայորդիների կյանքի ու ինքնանվիրումի  դասերը:

Նահատակության 29-րդ տարելիցի առիթով  հիշելով եւ պատշաճը մատուցելով  Թաթուլ Կրպեյանի, Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ), Արթուր Կարապետյանի, Վալերի Նազարյանի և Զարզանդ Դանիելյանի հիշատակին՝ ցանկանում ենք հիշեցնել  բոլորին, այդ թվում` եւ պետական պատասխանատուներին, որ հերոսները ազգային արժեք են, եւ մենք նաեւ նրանց ըստ արժանվույն հիշելու եւ հիշատակելու պատասխանատվության ժառանգորդներն ենք:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

30.04.2020 թ.