կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 14:46
Առանց Կատեգորիա

1921 թ․ Մոսկվայի պայմանագրի օրինականությունը վիճելի է․ Կիրո Մանոյան

1921 թ․ Մոսկվայի պայմանագրի օրինականությունը վիճելի է․ Կիրո Մանոյան

«Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ն ձախողել են նախաձեռնությունները, որոնք կոչված էին 1921թ. Մոսկվայի պայմանագրին տալ քաղաքական եւ իրավական գնահատական»,- «Գոլոս Արմենիի» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո ՄԱՆՈՅԱՆԸ:

 

- Դեռեւս անցյալ տարվա հունիսին թուրքական մամուլը հրապարակել էր մի գաղտնի փաստաթուղթ, որն առնչվում էր Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի ծրագրերին՝ «Ալթայ» անվամբ։ Ըստ այդմ, մասնավորապես, մեր երկրում, 2000-ական թվականներից սկսած, պետք է ցնցումներ հրահրվեին, եւ Թուրքիան Հայաստանի քաղաքական դաշտում պետք է  աշխատեր մի քանի ուղղություններով: Նպատակը՝ մինչեւ 2021 թ. մարտը քայքայել հայկական պետականությունը, որպեսզի 1921 թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակին կարողանա Հայաստանի մասով Մոսկվային պարտադրել բոլորովին այլ դասավորություն՝ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Զանգեզուրի վերաբերյալ։ Մարտի 16-ին լրանում է Մոսկովյան պայմանագրի ստորագրման ուղիղ 100 տարին: Ի՞նչ ունենք այսօր ՝ մեկ դար անց։

- Իրականում 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը Հայաստանը երբեք չի ճանաչել, ընդ որում՝ նաեւ Խորհրդային Հայաստանը, որի մասնակցությամբ նույն թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, եւ դրանից հետո։ Նույնիսկ Խորհրդային Հայաստանում առիթը բաց չէին թողնում ընդդիմանալու այդ պայմանագրին, երբ նման հնարավորություն էր առաջանում։ Եվ այստեղ հատկանշական է նաեւ այն փաստը, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1989 թ.սեպտեմբերի 23-ին որոշում է կայացրել հանձնաժողով ձեւավորել՝ պատգամավոր, պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանի գլխավորությամբ, որը պետք է քաղաքական եւ իրավական գնահատական տար 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրին։ Սակայն, հաշվի առնելով, որ իշխանության եկավ ՀՀՇ-ն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այդ հանձնաժողովն իր եզրակացությունն այդպես էլ չհրապարակեց։ Դրանից հետո՝ 1991թվականին, հարցին անդրադարձել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Հայ Դատի հայաստանյան գրասենյակը, փորձել Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը տապալեց նախաձեռնությունը:

ՀՅԴ-ն դեմ էր այդ պայմանագրին, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, որ պայմանագրի օրինականությունն ինքնին վիճելի է։ Քանի որ այն ստորագրած երկու կողմերը՝ Խորհրդային Ռուսաստանը եւ Թուրքիայի Ազգային ուխտի ուժերը, որոնք ընդդիմություն էին, այլ ոչ թե Թուրքիայի իշխանություն, իրավունք չունեին միջպետական պայմանագիր ստորագրել՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն։

Այսինքն, ընդհանուր առմամբ, պայմանագրի օրինականությունն արդեն հարցեր է առաջացնում: Բայց առավել վիճահարույցը, մեր կարծիքով, Հայաստանին վերաբերող դրույթներն են, որոնց համաձայն՝ երկու կողմերը որոշեցին, Անդրկովկասի հանրապետությունների շարքին, պարտադրել նաեւ Խորհրդային Հայաստանին Թուրքիայի ազգային ուխտի ուժերի հետ սահմանազատման մասին պայմանագրի ստորագրումը։ Հենց այդ պատճառով այդ պայմանագիրը չի կարող իրավական հիմք համարվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այսօր գոյություն ունեցող սահմանի համար։

- Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը դեռ տեսանելի չէ։ Նախագահը գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելու՝ վարչապետի պահանջի կապակցությամբ, ամենայն հավանականությամբ, կդիմի ՍԴ, վարչապետը քայլեր չի ձեռնարկում ծայրաստիճան լարված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, երկիրը անորոշ վիճակում է... Տեսնո՞ւմ եք արդյոք ներքաղաքական ճգնաժամի  որեւէ կապ, որի մեջ Հայաստանի իշխանություններն ընկղմել են Հայաստանը եւ Մոսկովյան պայմանագրի հարյուրամյակը։

-  Չեմ կարող հստակ պնդել, որ այն ամենը, ինչ անում է վարչապետի աթոռին կառչած անձը, կապված է Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակի հետ։ Բայց այն, որ նրա վարած քաղաքականությունը ձեռնտու է Թուրքիային, փաստ է։ Ճիշտ է նաեւ, որ ներկայիս պայմաններում, որտեղ հայտնվել է մեր երկիրը, 100-ամյակի կապակցությամբ պայմանագրին առավել հանգամանալից անդրադառնալու մեր խնդիրն առավել բարդացել է։ Մոսկվայի պայմանագրի վերաբերյալ իր դիրքորոշումը կարող էր արտահայտել Հայաստանի խորհրդարանը։ Բայց խորհրդարանական մեծամասնությունը չի կատարում իր պարտականությունները՝ ենթարկվելով աթոռին կառչած վարչապետին։ Ուստի շատ ցավալի է, որ մենք՝ որպես պետություն, չենք կարող ավելի հանգամանալից անդրադառնալ այդ հարցին։ Թեեւ համոզված եմ, որ որոշակի հասարակական եւ քաղաքական շրջանակներ անուշադրության չեն մատնի պայմանագրի 100-ամյակը եւ որեւէ կերպ կանդրադառնան այդ թեմային։

- Ի՞նչ եք կարծում, Թուրքիան փորձելո՞ւ է վերանայել Մոսկվայի պայմանագիրը:

- Այդ պայմանագրի 90-ամյակի տարում Մոսկվայում Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որից հետո, Էրդողանը, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձավ նաեւ 1921 թվականին ստորագրված ռուս-թուրքական պայմանագրին։ Ինձ չի զարմացնի, եթե նույն բանը տեղի ունենա նաեւ այս տարի։ Ուստի, շատ կարեւոր է, որ մենք՝ որպես պետություն, արձագանքենք կամ առնվազն ներկայացնենք մեր դիրքորոշումը Մոսկվայի պայմանագրի վերաբերյալ դրա տարելիցի կապակցությամբ: Առնվազն՝ Հայաստանին վերաբերող դրույթների մասով։

- Խորհրդարանի հետ պարզ է, իսկ ի՞նչ քայլեր, ըստ Ձեզ, պետք է ձեռնարկեն պետական մյուս ինստիտուտները՝ ԱԳՆ-ն, դիվանագիտական կորպուսը:

- Սկսած նախագահից՝ հանդես գալ այս պայմանագրի անօրինականության մասին հայտարարություններով։ Բայց ներկայիս պայմաններում դժվար թե դա արվի, եւ ակնկալել, որ նախագահը, խորհրդարանը, ԱԳՆ-ն հանդես կգան հայտարարություններով... թեեւ ցանկալի է, բայց ես այդ առումով առանձնապես ակնկալիքներ չունեմ։ Այսօրվա իշխանությունը, որն ունի մեծամասնություն նաեւ խորհրդարանում, նման դիրքորոշում արտահայտելու համար չունի անհրաժեշտ քաղաքական հեղինակություն ոչ միայն երկրի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։

-Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ է նախատեսում անցկացնել Դաշնակցությունը:

-  Մենք ունեինք միջոցառումների ծրագիր, որը պետք է մեկնարկեր այս տարվա մարտից եւ տեւեր մինչեւ հոկտեմբերի 13-ը՝ Կարսի պայմանագրի հարյուրամյակը։ Մենք ստիպված եղանք որոշակի փոփոխություններ կատարել այդ ծրագրերում։ Եվ եթե երկրում էլ ավելի ծանր իրավիճակ չստեղծվի, ՀՅԴ-ն մարտի 16-ին հանդես կգա հայտարարությամբ։

 

Արեւիկ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

«Գոլոս Արմենիի»