Մեկնաբան, հրապարակագիր Էդիկ Անդրեասյանը գրում է.
«Տպավորություն ունեմ, որ ամեն ինչ գնում է արտահերթ ընտրությունների: Դավաճաններն էլ աշխուժացել են, այստեղ-այնտեղ կարծիք են հայտնում, թե տեսա՞ք, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես Նիկոլն է ուզում... Այդուհանդերձ մինչ օրս նրանք չեն կարողանում պատասխանել հարցին, թե ինչո՞ւ հանկարծ Նիկոլն արտահերթ ընտրություններ ուզեց: Ինչ-որ բա՞ն էր պատահել: Չէ՞ որ իշխանությունը երբեք առաջինը չի խոսում արտահերթ ընտրությունների մասին:
Պարոնայք դավաճաններ՝ իսկ գուցե Նիկոլին արտահերթ ընտրությունների մասին մտածել ստիպեց ընդդիմությո՞ւնը՝ Հայրենիքի փրկության շարժո՞ւմը, որ պահանջեց դավաճան Նիկոլի ու նրա խունտայի հրաժարականը: Կարծում եմ՝ երկու կարծիք չի կարող լինել այդ հարցում: Եվ ուրեմն պետք է արձանագրել, որ արտահերթ ընտրությունների համաձայնելը Նիկոլի՝ ոչ թե հաղթանակն է, այլ հերթական պարտությունն ու նահանջը՝ այս անգեմ արդեն ներքաղաքական դաշտում:
Բոլոր պետական ինստիտուտները, նախագահականից սկսած մինչև ԱԺ, Ոստիկանությունից մինչև ԱԱԾ, լծված են այն սևեռուն գաղափարի իրագործմանը, որ արտահերթ ընտրությունները, ինչ էլ լինի, անցկացվեն խայտառակված Նիկոլի վարչապետության պայմաններում: Ամեն ինչ պարզ է, ապիկար կառավարությունը մտադիր է կեղծել ընտրություններն ամեն գնով՝ լծակների գործադրմամբ, ընտրակաշառքով, զեղծարարություններով, թվանկարչությամբ: Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ընտրությունները տեղի ունենան առանց Նիկոլի, պարզ, արդար և թափանցիկ: Թե ինչ հանգուցալուծում կունենա այս հակասությունը, մենք կտեսնենք շուտով, բայց ինչ էլ լինի, Նիկոլն այլևս հայտնվել է ներքաղաքական կյանքում նոր պարտություն կրելու փաստի առաջ: Իրենով լինեն ընտրությունները, թե առանց իրեն, միևնույն է, նա ոչինչ չունի ասելու իր ընտրողներին: Ավելի ստույգ իր այն ընտրողներին, որոնք 2018թ. ոչ թե ոչխարի հոտի պես, այլ սրտով ու մտոք քվեարկեցին քայլիստների օգտին՝ մտածելով, թե ի վերջո եկել է մեր երկրի ավգյան ախոռները մաքրելու ժամանակը: Ավաղ, Նիկոլը ցույց տվեց, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել, ինքն էլ չի պատրաստվում որևէ ախոռ մաքրել ու երկիրը դուրս բերել զարգացման ուղի: Հայաստանում տեղի ունեցածն ընդամենը թավշյա հեղաշրջում էր, դավադրություն և դավաճանություն ազգային պետության ու նրա ժողովրդի դեմ, որ տակավին կառչած էր իր դարավոր ավանդույթներին ու կենցաղին, իր մշակույթին, իր հերոսական պատմությանը: Որևէ մեկը կասի՞, թե երկրի կեսը տանուլ տալուց հետո ի՞նչ նախընտրական պլատֆորմ պետք է ներկայացնի մի խայտառակված քաղաքական ուժ, որի գլուխը Նիկոլ Փաշինյան թրքանման երևույթն է: Մի՞թե հայ մարդու ձեռքը կգնա այս քոչարյանանդոնների իշխանությանը կրկին վստահության քվե տալու:
Կհամաձայնի՞ Հայրենիքի փրկության շարժումը ընտրությունների գնալ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանով, թե՞ կբոյկոտի ընտրությունները: Ես կողմնակից եմ երկրորդ տարբերակին՝ որ արտահերթ ընտրություններն, այնուամենայնիվ, տեղի ունենան առանց Նիկոլ Փաշինյանի: Դրա համար պետք է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը գործի համախորհուրդ, և Փաշինյանի հրաժարականի դեպքում նոր թեկնածու առաջադրի: Իմ քայլը խմբակցությունը, բնականաբար, կտապալի քվեարկությունները, բայց դա ինքնին կլինի Նիկոլ Փաշինյանի վերջնական պարտությունը, և, բացի այդ, մենք վերջնականապես կհամոզվենք, որ Փաշինյանն այնքան էլ ոգևորված չէ արտահերթ ընտրությունների գաղափարով և այս օրերին մանիպուլյացիաներ է անում՝ վարչապետի աթոռը պահելու համար»: