Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարին ՀՊՏՀ ռեկտորը պայմանագիր է կնքել համալսարանում չաշխատած և արտերկրում բնակվող մի քաղաքացու հետ, վերջինս ստացել է 1 մագիստրոսական թեզի ղեկավարման իրավունք, իսկ 2 շաբաթ անց նա տեղեկանք է ներկայացնում ԿԳՄՍ նախարարությանը՝ ծառայությունից ազատվելու համար օրենքի պահանջին համապատասխանելը հիմնավորելով ՀՊՏՀ-ում իր գիտամանկավարժական գործունեությամբ:
Հայաստանի Հանրապետությունում գործում է «Բացառիկ դեպքերում զինվորական ծառայությունից ազատվելու կարգ», ըստ որի անհրաժեշտ պայմաններից մեկը գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն է։ Փետրվարի 9-ին ՀՊՏՀ ռեկտորը պայմանագիր է կնքում համալսարանում չաշխատած և արտերկրում բնակվող ու աշխատող մի քաղաքացու հետ, ըստ որի վերջինս ստանում է ընդամենը 1 մագիստրոսական թեզի ղեկավարման իրավունք և դրանով մեխանիկորեն համալրում է բուհի գիտամանկավարժական կազմը: 2 շաբաթ անց՝ փետրվարի 24-ին, արտերկրում բնակվող այդ քաղաքացին տեղեկանք է ներկայացնում ԿԳՄՍ նախարարությանը՝ ծառայությունից ազատվելու համար օրենքի պահանջին համապատասխանելը հիմնավորելով ՀՊՏՀ-ում իր գիտամանկավարժական գործունեությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
«Անհերքելի կոռուպցիոն ռիսկով հանդերձ՝ կարելի էր խոսել անմեղության կանխավարկածի ու պատահականության մասին, կամ ենթադրել, որ բանակից ազատելու համար անհրաժեշտ այդ տեղեկանքի տրամադրումը պարզապես համընկել է ՀՊՏՀ ղեկավարության հանկարծակի մեծագույն ցանկության հետ, որ այդ 1 մագիստրոսական թեզը ղեկավարի հենց հատկապես տեղեկանքի կարիքն ունեցող օտարաբնակ քաղաքացին: Սակայն, ցավոք, նման ենթադրությունները հօդս են ցնդում, որովհետև այդ «պատահական համընկնումը» կազմակերպվել է նաև օրենքի խախտման գնով:
Այս դեպքն ընդամենը 1 վառ օրինակ է, թե ինչ հետևանքներ են լինում, երբ օրենքով հստակ սահմանված է, որ բուհի գիտամանկավարժական կազմի համալրումն իրականացվում է մրցույթի միջոցով, և համալսարանի կանոնակարգում բառացի ամրագրված է, որ տարեկան առնվազն 1 անգամ պետք է մրցույթ հայտարարվի, սակայն բուհի ղեկավարությունն արդեն 2-րդ տարին է՝ «չորով» անտեսում է օրենքը և գործում կոռուպցիայի համար ամենանպաստավոր մեխանիզմով, երբ, օրենքին հակառակ, ռեկտորը միանձնյա կարող է որոշել, թե ով պետք է դասավանդի, իսկ ով՝ ոչ:
Քանի որ բանակի թեման չափազանց լուրջ ու վտանգավոր է, ԿԳՄՍ նախարարությունը շարժվել է տեղից և համալսարանից պահանջել ծառայությունից ազատվելու համար դիմած քաղաքացուն գիտամանկավարժական պաշտոնի նշանակելու իրավական հիմքերը, որոնք, բնականաբար, չկան:
Հ.Գ.
Սա դեռ ամենը չէ. օտարաբնակ քաղաքացու հետ կնքվել է ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, բայց հատուկ այդ նպատակով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում ամրագրված է. «գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որին նախորդում է բաց մրցութային ընտրություն»:
Կարողացա՞ք ապօրինությունների քանակը հաշվել, որոնց շնորհիվ օտարաբնակ քաղաքացուն զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն է տրվել»,- գրել է Հայրապետյանը: