կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-01 16:45
Քաղաքական

Առանց անցյալի ու ներկայի համադրման հնարավոր չէ առաջ գնալ. ԲՀԿ մամուլի խոսնակ

Առանց անցյալի ու ներկայի համադրման հնարավոր չէ առաջ գնալ. ԲՀԿ մամուլի խոսնակ

ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի համոզմամբ` Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը վերլուծելի է ոչ միայն այս կամ այն անհատի կարծիքների ու մեկնաբանությունների հիման վրա, այլ հեշտ վերլուծելի է պարզ դիտարկմամբ:

 

Yerkir.am-ի այն հարցին` համակարծի՞ք է, արդյոք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն քննադատությանը, թե Հայաստանի տնտեսության զարգացման համար չկան ո'չ ներքին, ո'չ էլ արտաքին պայմաններ, Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Կարիք չեմ տեսնում հաստատել կամ չհաստատել Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որովհետև տնտեսության վիճակը ակնհայտ է, տարրականորեն վերլուծելի է, և բոլորի համար ակնառու է այն, ինչ տեղի է ունենում: Անկախ նրանից,  թե ով է մեկնաբանում` այդ թեմաների հետ կապված, և անկախ նրանից` ինչ կարծիք է հնչում, իրականությունը հեշտ վերլուծելի և դատելի է»:

 

Պատգամավորի խոսքով` մեր երկրում առկա է ծայրահեղ աղքատություն, գործազրկություն, փակվող ու լուծարվող մանր ու միջին ձեռնարկություններ, Հայաստանի սահմաններից դուրս բարեկեցություն փնտրող քաղաքացիներ:

 

Այն դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, նշում են, որ կոռեկտ չէ համեմատել երկրի մի ժամանակաշրջանը մյուսի կամ նախորդի հետ, Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Կոռեկտ չէ իշխանության ներկայացուցիչների կողմից ՀՀ երկրորդ նախագահի չափազանց կշռադատված մեկնաբանությունների առթիվ նման ձևակերպումներ հնչեցնելը, որովհետև մենք բոլորս միշտ էլ համեմատում ենք ներկան, անցյալը և հատկապես ապագան, որը պետք է դասավորվի մեր բնակչության համար լավագույն կերպով: Առանց անցյալի ու ներկայի համադրման հնարավոր չէ առաջ գնալ»: