|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Փաստ» օրաթերթը գրում է Ակնհայտ է, որ մեր երկրին բաժին հասած գործոններն ու դրանց հետևանքով ունեցած մարդկային կորուստներն իրենց հետքն են թողնելու նաև դեմոգրաֆիկ իրավիճակի վրա: Այդուհանդերձ, մինչև հատկապես պատերազմի հետևանքներին անդրադառնալը, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը մտովի ավելի վաղ ժամանակահատված է գնում: «Մեր ժողովրդագրական խնդիրները դեռ մոտ 30 տարի առաջ են սկսվել, մինչդեռ անկախացումից առաջ բավականին դինամիկ զարգացող ժողովրդագրական իրավիճակ ունեինք: Մեր բնակչության թիվը բնական աճի հաշվին բավականին աճել էր խորհրդային տարիներին, բայց 1991 թվականից հետո այդ ամենը խաթարվեց՝ հաշվի առնելով 1992 թ.-ից սկսված արտագաղթը:
Իրականում մեզ մոտ արտագաղթը երբեք կանգ չի առել, և, ըստ վերջին տվյալների, Հայաստանից արտագաղթել է մոտ 1 մլն 115 հազար մարդ: Մեզ փրկում էր մի հանգամանք՝ այս տարիներին բնական աճի բարձր ցուցանիշ ենք ունեցել: Եվ եթե այդ բնական աճը չլիներ, այսօր հանրապետությունում կապրեր ոչ թե 2 մլն 967 հազար մարդ, այլ մոտ երկուսուկես միլիոն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մարկոսյանը՝ նշելով, որ, ցավոք, մեզ մոտ հետևողական ժողովրդագրական քաղաքականություն չի եղել, ռազմավարություններն իրականություն չեն դարձել: «Միայն 2014 թ. որոշում կայացվեց, ըստ որի, 2014 թ. հունվարի 1-ից չորրորդ երեխայի միանվագ նպաստը դարձավ մեկ միլիոն դրամ, 5-րդինը՝ մեկուկես միլիոն: Մինչդեռ 2012 թվականից գյուղական բնակավայրերում մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվն ավելի քիչ է, քան քաղաքային բնակավայրերում: Նման իրավիճակ աշխարհում գոյություն չունի, քանի որ պատմականորեն գյուղերում ավելի շատ երեխաներ են ունենում: Սա վկայում է այն մասին, որ մենք գյուղերում լուրջ խնդիրներ ունենք, որոնք վերացված չեն:
Արտակ Մարկոսյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել, որովհետև խնդիրները և՛ անվտանգային են, և՛ սոցիալական, և՛ տնտեսական: «Պետք է հասկանալ և քաղաքականության մշակման նոր ծրագրեր բերել. այսօր ամենամեծ խնդիրը 3-րդ, 4-րդ երեխաների ծնունդը խրախուսելն է: Հիմնական քաղաքականությունը պետք է նշվածին միտված լինի: Ցավոք, այս պահին աշխատանքներ չեն իրականացվում, բայց հուսով եմ՝ առաջիկա ժամանակահատվածում կփորձենք ակտիվացնել քաղաքականությունը, որովհետև այն շատ կարևոր է՝ հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները: Այո, այսօր սոցիալական ճնշում կա. այսքան զոհեր, վիրավորներ ունենք, բացի այդ, մեր հայրենակիցները փախստականի կարգավիճակ ունեն:
Բավականին գումարներ ենք ծախսում Արցախի մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար, բայց, կարծում եմ, միջոցներ կգտնվեն նաև վերոնշյալ խնդրի համար. ժողովրդագրական զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար, որովհետև եթե այն չլինի, առաջիկա տասնամյակներում բավականին լուրջ խնդիրներ կունենանք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում