Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սփյուռքահայերի կես միլիոն դոլարի հանգանակությամբ Քարվաճառում հիմնված «Սիդնեյ» թաղամասը չհասցրեց բնակելի դառնալ: Կարմիր քարով կառուցված 15 միանման առանձնատներից 12-ը գրեթե պատրաստ էր բնակության, երբ սկսվեց պատերազմը, որի ավարտից հետո «Սիդնեյ» նորակառույց թաղամասը Քարվաճառի մյուս բնակավայրերի հետ հանձնվեց Ադրբեջանին: Թաղամասի կառուցման համար սփյուռքահայերի հանգանակած կես միլիոն դոլարին գումարվել էր նաեւ Արցախի կառավարության մոտ երեք հարյուր հազար դոլար ներդրումը՝ ենթակառուցվածքների ապահովման համար:
«Սիդնեյը» սփյուռքահայերի «ԱՐԻ» (Artsakh Roots Investment) ներդրումային հիմնադրամի հերթական ծրագիրն էր Արցախում: Հիմնադրամն իր գործունեությունը սկսել էր 2009-ից՝ լիբանանահայ մի քանի ներդրողներով, տարիների ընթացքում նրանց թիվը հասել էր մոտ երկու հարյուրի: Ազատագրված տարածքների զարգացման այս ծրագրով հետաքրքրված էին բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր երկրներից: «Սիդնեյ» թաղամասը կառուցվել էր հիմնականում լիբանանահայերի եւ ավստրալահայերի ներդրումներով, որոնք էլ Ավստրալիայի ամենախոշոր քաղաքի անունով «Սիդնեյ» էին կոչել Քարվաճառի նոր բնակավայրը: Մինչ այդ՝ 2014-ին, Գորիս-Բերձոր ճանապարհին գտնվող Աղավնո գյուղում կրկին «ԱՐԻ»-ի ներդրումներով կառուցվել էր եվրոպական ոճի առանձնատներով «Արիավան» թաղամասը, որը 2016-ից բնակեցված է:
Սփյուռքահայերի օժանդակությունը Քաշաթաղի եւ Շահումյանի վերաբնակեցված գյուղական համայնքներին շարունակվում էր մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը:
44 օր տեւած պատերազմն ու հետպատերազմական իրադարձությունները ծանր հարված էին նաեւ Արցախի այդ տարածքներում միլիոնավոր դոլարների ներդրում կատարած եւ վերաբնակեցված գյուղերի հայկականացմանը հավատացած սփյուռքահայերի համար:
«Մենք հավատում էինք այդ գաղափարին: Այո՛, գիտեինք, որ վտանգված շրջաններ են, բայց շարունակում էինք ներդրումները՝ բնակավայրերն ամրացնելու համար, որովհետեւ չէինք պատկերացնում Արցախի գոյությունն առանց այս երկու շրջանների, որոնք Մայր Հայաստանն ու Արցախը կապող դարպասներն էին: Այն, ինչ պատահեց, իսկապես շատ ծանր է. անհեռատես պայմանագիր ստորագրվեց»,-«Ալիք մեդիա»-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, լիբանանահայ գործիչ Բենիամին Պչաքճյանը:
Նա «ԱՐԻ»-ի հիմնման առաջին օրվանից հիմնադրամի մյուս ներկայացուցիչների հետ բազմաթիվ անգամներ եղել է Արցախում, մոտիկից հետեւել սփյուռքահայերի ներդրումային ծրագրերին:
«ԱՐԻ»-ն իր գործունեությունը դեռեւս 2009-ին վերաբնակեցված տարածքներում սկսել էր հողագործության եւ անասնապահության ոլորտներում խոշոր ներդրումներով: Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում մշտական գրանցում ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին նպաստավոր պայմաններով վարկեր էին տրամադրել, որոնց տոկոսադրույքը մասնակիորեն սուբսիդավորել էր Արցախի կառավարությունը:
«Եթե այդ շրջաններում բնակիչների թիվն ավելացել է, եթե մշակված հողատարածքները բազմապատկվել են, ապա դա եղել է «ԱՐԻ»-ի ծրագրերի շնորհիվ»,- ասում է Բենիամին Պչաքճյանը՝ նշելով, որ տարեցտարի ավելի շատ սփյուռքահայեր են ներգրավվել այս ծրագրերում: Սփյուռքահայերը ոչ միայն ներդրումներ են կատարել, այլեւ ընդառաջելով Արցախի կառավարության առաջարկին՝ ցանկություն էին հայտնել բնակվելու այդ տարածքներում. «15 լիբանանահայ եւ սիրիահայ ընտանիք բնակության հայտ էր ներկայացրել, որոնք պիտի բաժանվեին Քարվաճառի, Աղավնոյի եւ Շուշիի միջեւ, սակայն մինչեւ պատերազմը միայն երկու ընտանիք էր հասցրել տեղավորվել. մեկը՝ Շուշիում, մյուսը՝ Արիավանում: Սրանով նաեւ մասնագետների հարցն էինք փորձում լուծել. շրջանը կարիք ուներ բժիշկների, ուսուցիչների եւ այլ մասնագետների»,- ասում է մեր զրուցակիցը:
Նա, ինչպես «ԱՐԻ»-ի մյուս շահառուները, այժմ մտահոգված է Աղավնոյի ճակատագրով, մշտական կապի մեջ է գյուղի բնակիչների հետ: «Երաշխավորված չէ, որ Քաշաթաղի այդ հատվածները կմնան հայերին, որովհետեւ, դժբախտաբար, պաշտպանված չէ հայկական բանակով: Ռուսական խաղաղապահ ուժերը, ճիշտ է, բնակչության անվտանգության երաշխավորն են, բայց ադրբեջանցի զինվորների ելումուտն այնտեղ մտահոգիչ է, Արցախի կառավարությունը երաշխիք չի տալիս: Չնայած բազում դժվարություններին՝ բնակիչները համառորեն կառչած են: Մենք էլ այստեղից բազմիցս դիմել ենք պետական մարմիններին՝ հիշեցնելով, որ այդ մարդիկ երաշխիքների, պետության հետ կապի կարիք ունեն, բայց մեր դիմումներն անարձագանք են մնացել»,- ասում է Պչաքճյանը: Նա ցավում է, որ Արցախի կառավարությունը, որի հետ «ԱՐԻ» հիմնադրամը տասը տարուց ավելի սերտ համագործակցել է, անպատասխան է թողել նաեւ հիմնադրամի հարցերը՝ «Ի՞նչ է լինելու Աղավնոյի ճակատագիրը, ի՞նչ կարգավիճակ է ունենալու գյուղը»:
«ԱՐԻ» հիմնադրամը, սակայն, մտադիր չէ դադարեցնել գործունեությունը: Հիմնադրամի ներկայացուցիչը հայտնեց, որ պատերազմի ժամանակ հիմնադրամը հանգանակություն է արել եւ երեք հարյուր հիսուն հազար դոլար փոխանցել Արցախի կառավարությանը: Այսօր էլ պատրաստ են օժանդակելու Աղավնոյին նորոգումների եւ բնակիչների վերադարձի հարցում, բայց գյուղի կարգավիճակի անորոշությունը հետ է պահում նրանց:
«Խոսակցություններ կան, որ Ադրբեջանն ուզում է նոր ճանապարհ բացել դեպի Ստեփանակերտ, հայ բնակչությանը հանել այդ բնակավայրերից: Արցախի կողմից, ինչքան գիտեմ, դեռ ոչ մի բանակցություն չկա: Մենք այսուհետեւ որեւէ ներդրում կամ օժանդակություն կատարելուց առաջ պետք է հաշվի առնենք բոլոր դժվարությունները եւ վտանգները»,- ասում է նա:
Մեր տեղեկություններով Նոր տարուց առաջ Աղավնոն լքել է Բեյրութի նավահանգստի աղետից հետո այնտեղ հաստատված Հարութ Գենեջյանի ընտանիքը: «Այո՛, այդ ընտանիքը գնաց առանց տեղեկացնելու, իսկ մի սփյուռքահայ ընտանիք էլ, որ պատերազմից առաջ այստեղ էր ու գնացել էր, հիմա վերադարձել է, ընտանիքի հայրը գյուղի դպրոցում է աշխատում: Այժմ գյուղում սփյուռահայ երկու ընտանիք ենք: Մյուսների հետ ապրում ենք, տեր ենք կանգնում հողին, մնալու ենք մինչեւ վերջ»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Աղավնոյի գյուղապետ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը, որը նույնպես սփյուռքահայ է: «Ես ոչ մեկին ո՛չ ասում եմ՝ գնա՛, ո՛չ ասում եմ՝ մնա՛: Այն ընտանիքները, որոնք չեն ապրի այստեղ, նրանց տունը կվերցնենք: Տունն՝ ապրողին, հողը՝ մշակողին»,- ասում է ՀՅԴ անդամ, սիրիա-լիբանանյան ծագումով Չավուշյանը՝ հիշելով իր արեւմտահայ նախնիների խոսքը:
Տեղեկացանք նաեւ, որ այսօր Աղավնոյում բացվել է պատերազմից վնասված եւ նորոգված դպրոցը, 16 աշակերտ է գնացել դպրոց: «Ամեն օր մեկն ավելանում է, պատերազմից առաջ մոտ 50 աշակերտ ունեինք»,- հայտնեց գյուղապետը:
Անուշ Թրվանց