Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
- Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական աղմկահարույց հայտարարություններն է արել: Ասել է, որ եթե Հայաստան ենք ճանաչում 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, այլ երկրից այլ պահանջ երբեք չենք ունենում: Խոսել է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:
- Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության ղեկին մի թրքահպատակ խումբ է կանգնած, որն ամեն բան ուրացել է, եւ փորձում են Հայաստանը տանել նոր կապիտուլյացիայի: Թշնամու հետ սինխրոն աշխատում են: Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, եւ ինչ է ուզում անել նա, ըստ իս` ակնհայտ է, խնդիրն այն է, որ պետք է սրա դեմն առնենք, այս հայրենադավներից պետք է ազատվենք:
- Վերջին շրջանում Դուք շրջագայությունների էիք մեկնել սփյուռքի հայկական գաղթօջախներով` Ռուսաստան, Լիբանան, ԱՄՆ: Այս երկրներում վերջին շրջանում հանդիպումներ եք ունեցել: Ի՞նչ հանդիպումներ էին դրանք, ի՞նչ նպատակով էիք մեկնել:
- Նպատակը թե՛ քաղաքական հանդիպումներն էին, թե՛, ամենակարեւորը` սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումները: Սփյուռքահայերի հետ տարբեր հանդիպումներ ունեցա, այդ թվում` կուսակցական հանդիպումներ քաղաքական ուժերի հետ: Հիմնական նպատակը համայնքային հանդիպումներն էին: Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակի մասին մեր հայրենակիցներին բացատրություն տալը բավականին կարեւոր է: Նպատակը, առհասարակ, Հայաստան-Արցախ-սփյուռք միասնականության վերականգնումն է:
- Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են: Սփյուռքահայերն ի՞նչ կարծիք ունենք Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
- Հաշվի առնելով պարբերական շփումները՝ կարող եմ հստակ ասել, որ մեծ փոփոխություն կա սփյուռքահայերի տրամադրությունների մեջ, ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունն ուղղակի անընդունելի է: Հայաստան-սփյուռք հարաբերությունները եւս մտահոգիչ են: Առհասարակ, սփյուռքում կա մեծ շփոթություն եւ անորոշություն՝ այսօրվա Հայաստանի հետ կապված:
- Ո՞ւմ հետ եք հանդիպել, ո՞ր կառույցների, միայն դաշնակցականների՞:
- Ոչ: Օրինակ` Լոս Անջելեսում եւ Ռուսաստանում տեղի է ունեցել համայնքային բաց հանդիպում, որոնց մասնակցել է 700 հոգի: Կուսակցական, քաղաքական հանդիպումներից զատ, առաջնահերթությունը տրվել է մեր հայրենակիցների հետ հանդիպումներին: Հիմնական նպատակը հասարակության հետ հանդիպելն է եղել:
- Հայաստանի եւ սփյուռքի դաշնակցականների մտածողության, վերաբերմունքի մեջ կա՞ն էական տարբերություններ:
- Չկան տարբերություններ եւ չեն էլ կարող լինել: Մեր գաղափարը մեկ համահայկական գաղափարի շուրջ համախմբվելն է: Դաշնակցության մեջ պետք չէ դրսի ու ներսի դաշնակցականներ փնտրել: Ոչ մի տարբերություն չկա:
- Ըստ Ձեզ, այդ հանդիպումներն ի՞նչ արդյունք տվեցին:
- Շատ կարեւոր են նման հանդիպումները` մի քանի իմաստով: Նախ հնարավորություն է՝ մարդկանց ուղղելու իրենց իսկ հուզող բազմաթիվ հարցերը: Սա շատ կարեւոր է: Իրական վիճակը ներկայացնելը եւս շատ կարեւոր է: Ուժերը գործնականում համախմբելու քննարկումները եւս շատ կարեւոր են: Սփյուռքում եւս իշխանություններն իրենց խամաճիկներն ունեն: Ամեն կերպ սփյուռքը պառակտող, ապատեղեկատվություն տարածող խամաճիկների դեմ նման հանդիպումները եւս շատ կարեւոր են: