Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆելաթ Բոզարսլան
Դիարբեքիրի Սուր գավառում 2015 թ․ բախումների պատճառով մոտ 30 հազար մարդ է արտագաղթել։ 6 թաղամասում սահմանված փողոց դուրս գալու արգելքի մասին օրենքը, 5 տարի է, շարունակում է գործել, մարդկանց տառապանքները շարունակվում են, մարդիկ, որոնց տներն ավերվել են։
«Սուրը դարձնելու ենք Տոլեդո»։ Այդ խոսքերն ասել է նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 2016 թ․ փետրվարի 1-ին Դիարբեքիրի պատմական Սուր գավառի վերաբերյալ, որի 6 թաղամասերը բախումների ընթացքում ամբողջովին ավերվել են։
Սուրը խրամատային գործողությունների ժամանակ ՔԱԿ-ի (PKK) և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների կիզակետն էր դարձել։ Պատմական թաղամասը ընդհարումների հետևանքով մեծ վնասներ է կրել։ Դիարբեքիրի ճարտարապետների պալատի տվյալների համաձայն, Սուրում վնասվել է 4985 շենք։ Գործողությունից հետո շտապ բռնագրավված 6 թաղամասում գտնվող բոլոր կառույցները քանդվել են․ դրանց փոխարեն կառուցվել են 500 բնակարան և 200 գրասենյակ։ Լավ, իսկ դրանից հետո, 5 տարվա ընթացքում Իսպանիայի Տոլեդո քաղաքի հետ արված համեմատությունն իրականութուն դարձե՞լ է։ Ընտանիքները կարողացե՞լ են վերադառնալ Սուր։
5 հազար 440 ընտանիք է արտագաղթել
Բախումների ընթացքում 5 հազար 440 ընտանիք արտագաղթել է Սուրից։ Մոտ 30 հազար մարդ տեղափոխվել է քաղաքի տարբեր վայրեր՝ մի օր հետ վերադառնալու հույսով։ Սակայն կառուցված բնակարանների քանակը գաղթած ընտանիքների 10 տոկոսին անգամ չի բավարարում։ Մինչև հիմա 1,5 մլրդ․ թուրքական լիրա է ծախսվել կառուցապատման աշխատանքների համար, և չնայած անցել է 5 տարի՝ դրանք դեռևս չեն ավարտվել։ 6 թաղամասերի արագ օտարացումից հետո տուժածներին ընտրության երեք հնարավոր տարբերակ է ներկայացվել։
Գույքի դիմաց մարդկանց գումար է առաջարկվել, իսկ այդ տարբերակը չընդունածներին առաջարկել են պարտքով վերցնել քաղաքից դուրս գտնվող՝ Բնակարանային զարգացման վարչության բնակավայրերից մեկը։ Տուժածներին ներկայացված մյուս առաջարկը նորակառույց առանձնատներն են։ Սակայն արդեն իսկ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին առաջարկվող բնակարաններից ամենաէժանը 400 հազար լիրայից է սկսվում։ Կան նաև բնակարաններ, որոնց գինը հասնում է 1 մլն լիրայի։
Մտածում է, թե ինչպես պետք է վճարի 672 հազար լիրա վարձը
Առաջարկված տարբերակներից մեկն ընդունած մարդկանցից է 45-ամյա Նիհաթ Յիղիթը։ «Deutsche Welle Türkçe»-ի թղթակցի հետ զրույցում Յիղիթը պատմում է, որ իր քանդված տան տեղում գրասենյակ է կառուցվել, իսկ պաշտոնական կառույցներից պատասխան չի կարողացել ստանալ։ Որպես վերջին հույս՝ Սուրում կառուցված տներից մեկը գնելու առաջարկն է ընդունել և տեղեկացրել, որ մշտական գործ չունի և մտածում է՝ ինչպես վճարել ամսական 500 լիրա եկամուտ ունենալու պատճառով իրեն 672 հազար լիրայով վաճառված տան՝ 3 հազար 500 լիրա ամսական վարձը։ Յիղիթը նշում է, որ ցանկանում են չափից շատ բարձր գներով տներ վաճառել Սուրի դեպքերից տուժածներին, ապա՝ հավելում․ «Այդ տներն ամենաշատը հազիվ երկու տարի դիմանան։ Այնքան վատ շինանյութերով են կառուցված, որ փլվելու են։ Ամեն կողմից ճաք է տվել․ պատեր չկան։ Երկու կողմերի ընդհարման պատճառով մենք տուժեցինք։ Մեզ այսպե՞ս պետք է փոխհատուցեին։ Տուժածներ ենք, բայց մեր ձայնը լսող չկա»։
Քարթալ ընտանիք․ սեփականության 5 վկայական ունեցող անտունները
Նիհաթ Յիղիթը Սուրի համեմատաբար բախտավոր տուժածներից է։ Ձեռքում 5 հատ սեփականության վկայական՝ պաշտոնական կազմակերպություններ գնալու վազքի մեջ գտնվող Ալի Քարթալն այնուամենայնիվ այդքան էլ բախտավոր չէ։ Սուրում չորս տուն և մեկ խանութ ունեցող Քարթալ ընտանիքը «Deutsche Welle Türkçe»-ի թղթակցին պատմում է, որ բախումների սկզբում իրենց հետ ոչինչ չեն վերցրել։ Չորս սենյականոց բնակարանում բնակություն հաստատած 40 հոգանոց ընտանիքի եկամուտը նպարեղենի խանութն է։
Ալի Քարթալը տեղեկացնում է, որ իրեն խոստացել էին, թե կօգնեն վճարել վարձը, սակայն երեք տարի է՝ չեն ստացել այդ օգնությունը․ իրենց քանդված տների մետր քառակուսին 500 լիրայից սկսած է օտարվել, իսկ վաճառվող նոր տների մետր քառակուսին 2 հազար լիրայից է սկսվում։ Այդ պայմաններն ընդունած Ալի Քարթալը, չնայած պայմանագրի կնքմանը, այդ օրից ի վեր որևէ արդյունքի չի հասել։ Նա պնդում է, որ իր սեփական գույքի վրա կառուցված գրասենյակները հարուստ գործարարներին են տալիս։ Քարթալն ասում է․ «Եթե իմ հողը դառնա ճանապարհ, պետական գրասենյակ, ոստիկանական բաժանմունք, առողջապահական հաստատություն, ապա թող պետությունը վայելի։ Ես ինձ հասանելիքն էլ չեմ ուզի։ Սակայն սեփականության վկայականով իմ տարածքում գրասենյակ են կառուցել ու տալու են հարուստներին։ Ու՞մ իրավունքը ու՞մ ես տալիս։ Հարուստ մարդու իրավու՞նքն է, թե՞ իմ իրավունքը։ Տուժածը նա ՞ է, թե՞ ես։ 6 տարի է՝ մենք ենք տառապում։ Մեր հողը հարուստ մարդկանց են տալիս»։
«Մի զբոսաշրջիկ եկավ ու արտասվելով ասաց, որ դա իր պապիկի տունն է»
«Deutsche Welle Türkçe»-ին հարցազրույց տված մեխանիկայի ինժեներ Օմեր Գյունեշն էլ հայտնում է, որ մանկությունն անցկացրել է քանդված Ֆաթիհփաշա թաղամասում։ Երբ սկսվեցին բախումները, Սուրից դուրս են եկել և հաստատվել մի գյուղում։ Նա նշում է, թե քանդված տան դիմաց նրան առաջարկել են 72 հազար լիրա, սակայն Սուրի հետ ունեցած կապի պատճառով նախկին տան փոխարեն նորը կառուցելու համար համաձայնել է 800 հազար լիրա վճարել։ Չնայած դրան՝ տունն իրեն չեն տվել։ Գյունեշն ասում է, որ հասցեատեր չկա, դիմումներին անգամ լուրջ չեն վերաբերվել։ Օրենքով իրենց հասանելիքը ստանալու համար հին Սուրի բնակիչը հավելում է, որ դատարանից որևէ արդյունք չի ակնկալում։
Նա շեշտում է․ «Մենք ապրում էինք այդ տանը։ Մի զբոսաշրջիկ եկավ։ Լաց լինելով ասաց, որ այդ տունը իր պապին է պատկանում։ Նրան շատ լավ դիմավորեցի։ Ժամանակին նման անիրավություններով խլել են նրանց տները։ Ես կարծես հիմա հասկանում եմ այդ զգացումը։ Երբ նա այդտեղ արտասվում էր, ես դա զգում էի։ Մի ժամանակ կգա, որ իմ երեխան էլ այդ տան բակ կգնա և կապրի։ Գուցե իմ երեխան էլ կլացի։ Կասի՝ սա մեր տունն էր։ Կարծես դեժավյու լինի»։
Ճարտարապետների պալատ․ Քանդումն ու ավերումը շարունակվում են
Ըստ փորձագետների, Սուրում կառուցվող բնակարանները պատմական տեսքին համապատասխան չեն կառուցվել։ Ասում են, որ Դիարբեքիրին հատուկ բազալտե քարերով են կառուցել, նորմալ բետոն է օգտագործվել, արտաքին ճակատներում բազալտե քարերով նախշավոր զարդարանք են արել։ Ըստ Ճարտարապետների պալատի Դիարբեքիրի բաժնի նախկին տնօրեն Ֆերիթ Քահրամանի, պատմական գավառում քանդումներն ու ավերումը դեռ շարունակվում են։ Քահրամանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ չնայած 5 տարի է անցել, սակայն այդ կառույցները մարդկանց չեն հանձնվել․ «Գովում են, թե ժամանակակից օդանավակայանները կամ կամուրջները «1-2 տարվա մեջ ռեկորդային ժամանակահատվածում հանձնեցինք շահագործման», սակայն Սուր գավառում ավերած կառույցները, 5 տարի է, իրական տերերին չեն հանձնվել»։
«Եթե գործընթացը ժողովրդի կամքին համահունչ, այսքան վնաս չէր լինի»
Ըստ Ճարտարապետների պալատի, վնասի հիմնական աղբյուրը քաղաքաշինության ոլորտի անառողջ լինելն է, ինչպես նաև՝ հապշտապ օտարացումը։ Նախկին տնօրեն Քահրամանն ասում է՝ հայտնի չէ, թե 5 տարի տևած վնասները դեռ ինչքան են շարունակվելու։ Նա նշում է, որ կյանքի համար պայքարող մարդկանց չեն օգնում և կարծում է, որ եթե գործընթացը տեղի ունենար ժողովրդի կամքին համահունչ, վնասները կվերացվեին․
«Սուրում պահպանության գոտի կառուցելու ծրագիր կար։ Նոր կառույցները պետք է համապատասխանեին այդ նախագծին։ Պետությունը վերանայել է այն՝ անվտանգության նպատակներով վարած քաղաքականության հիմնավորմամբ։ Դրա հիման վրա կառուցված բնակարանները հեռու են ավանդական կառույցներից և անորակ են։ Անվտանգության նպատակներով լայն փողոցներ ու պողոտաներ են բացվել, ոստիկանական անցակետեր են հիմնվել։ Այնտեղ կառուցապատումը պետք է իրականացվեր իրական տերերի հետ միասին։ Վերակառուցման գործընթացին մարդկանց ընդգրկումը թեև քիչ, այնուամենայնիվ կմեղմացներ զգացմունքային անջատումը»։
Դավութողլուն մատնանշել էր ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) համաշխարհային ժառանգության ցուցակում տեղ գտած և ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ ընդունող իսպանական քաղաք Տոլեդոն, սակայն այդ երազանքը հինգ տարի անց էլ չի իրականացվել։ Անհայտ է նաև, թե երբ կվերացվի Սուրի 6 թաղամասերում 2015 թ․ դեկտեմբեր ամսին սահմանված փողոց դուրս գալու արգելքի մասին օրենքը։
https://www.dw.com/tr/toledo-hayalinden-insans%C4%B1zla%C5%9Ft%C4%B1r%C4%B1lan-sura/a-56008628
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net