Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Անկարայի ու Բաքվի համար և եթե Հայաստանը չհամաձայնի, այդ ճանապարհը կարող է նաև Իրանով անցնել, և որ Իրանն էլ դրական է նայում այդ հարցին։
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, Էրդողանի այս հայտարարությունով ոգևորված, փորձում է հանրությանը հանգստացնել, թե Արցախի վերջնական հանձնումը փրկագին էր Սյունիքի համար, և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հարցը Թուրքիան կարող է մոռացության տալ։
44-օրյա պատերազմից հետո թուրքական երազանքների միջանցի թեզը ասպարեզ բերած Էրդողանը դժվար թե այդքան հեշտ հրաժարվեր իր դարավոր՝ թուրքական աշխարհը միավորելու երազանքից։ Նորություն չէ, որ Թուրքիան իր կեղտոտ պրոպագանդայով փորձում է խաղաղարարի դեր ստանձնել տարածաշրջանում, մինչդեռ այդ ճանապարհ-միջանցքը թուրքի դարավոր երազանքն է՝ իրացնելու իր ծավալապաշտական քաղաքականությունը դեպի Միջին Ասիա և իրականացնելու Մեծ Թուրանի ծրագիրը։
Էրդողանը հայտարարել է, թե ցանկանում է Զանգեզուրի ու Լաչինի միջանցքները դառնան խաղաղության միջանցքներ, և այդ հարցը պետք է լուծեն առանց հակամարտությունների ու աղմուկի։ Բայց Հայաստանը «անիծյալ սեպ» համարող թուրքական քաղաքականության մեջ դժվար թե Թուրքիան փոխի այդ սեպը վերացնելու իր ծրագիրը։
Էրդողանի՝ նախօրեին արված հայտարարությանը մինչ այս պահը պաշտոնական Թեհրանը որևէ կերպ չի արձագանքել: Ամենևին չի բացառվում՝ գործ ունենք հերթական դավադիր պայմանավորվածության և Ալիև-Փաշինյան-Էրդողան «փոխանցումներով խաղի» նոր կոմբինացիայի հետ, երբ Արցախի հանձնումն ու հայության տեղահանությունը մարսելուց, Փաշինյանին ամեն գնով աթոռին պահելուց հետո իրագործվի արդեն Սյունիքի օպերացիան:
Եթե անգամ բացառենք վերոնշյալ «փոխանցումներով խաղի» առկայությունը, ինչը Փաշինյանի դեպքում քիչ հնարավոր է, ապա Թուրքիայի դիվանագիտական նենգությանն ու խարդավանքներին ծանոթ յուրաքանչյուրի համար պարզորոշ է, որ որևէ երաշխիք գոյություն չունի Էրդողանի բանավոր հայտարարության մեջ:
Անի Նահապետյան