կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-29 11:32
Արցախ

Թուրքիան հորդորել է Հայաստանին՝ պահպանել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում

Թուրքիան հորդորել է Հայաստանին՝ պահպանել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը և հայկական կողմին կոչ է արել պահպանել այն. նշվում է թուրքական գերատեսչության կայքում։

Երկուշաբթի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ Արցախում կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգում է տեղեկատվությունը, ըստ որի՝ Հադրութի շրջանի Տող բնակավայրի տարածքում բախումներ են սկսվել: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել էր նաև ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունները Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում ենթադրյալ միջադեպի մասին. ըստ ՀՀ ՊՆ-ի՝ գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, և ԼՂՀ ստորաբաժանումների հետ բախումներ չեն գրանցվել:

«Լեռնային Ղարաբաղում հայկական զինված խմբավորումների՝ Ադրբեջանի զինված ուժերի դեմ հարձակումները, զենքը վայր չդնելը և չնահանջել, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով հաստատված հրադադարի ռեժիմի բացահայտ խախտում է: Նոյեմբերի 26-ին, դեկտեմբերի 8-ին, 11-ին և 27-ին հայկական զինված խմբավորումների գրոհների արդյունքում սպանվել և վիրավորվել են ադրբեջանցի զինվորականներ և խաղաղ բնակիչներ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զինված հայկական խմբերի դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման հիմնական պատասխանատվությունը կրում է Հայաստանը, որը ստորագրել է եռակողմ համաձայնագիրը: Ադրբեջանական կողմը, ըստ գերատեսչության, անհրաժեշտ պատասխանը տվել է՝  կիրառելով իր ինքնապաշտպանության իրավունքը: