Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկուսուկես տարի շարունակ Փաշինյանի քաղաքականության առանցքը եղել է ապօրինի գույքի բռնագանձման գաղափարը։ Երկու տարի ողջ իրավական համակարգը հարմարեցվեց այս գաղափարին։ Ընդունվեցին օրենքներ, ստեղծվեցին հատուկ մարմիններ։ Ժողովրդին ներշնչեցին, թե ձեր բոլոր խնդիրների լուծումը գույքի բռնագանձումն է։ Անտեսվեցին բոլոր հակափաստարկները, և Փաշինյանն ու իր նեղ թիմը մոլագարի համառությամբ առաջ էին տանում այդ գիծը։ Որևէ հակափաստարկ չէր լսվում՝ սեփականության իրավունքը ռիսկերի ենթարկելու, ներդրումային միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության, հասարակության մեջ չհիմնավորված սպասումների ձևավորման, ուրիշներից խլած գույքը ձեռք բերելու համար երկրում ֆինանսական միջոցների բացակայության վերաբերյալ։ Երկուսուկես տարի շատերն այս ամենը դիտարկում էին որպես պոպուլիստական քայլ է՝ ուղղված հասարակության առանձին շերտերի մոտ սին սպասումներ ձևավորելուն՝ մյուսներից խլելու են, հանձնեն իրենց։
Բայց երբ նոյեմբերի 10-ին, կապիտույլացիայի խայտառակ համաձայնությունից անմիջապես հետո, երբ վարչապետի միակ քայլը պետք է լիներ հրաժարականը, Փաշինյանը անսպասելիորեն հայտարարեց «ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնելու» մասին, այնուհետև նոյեմբերի 14-ին ՝ դեռևս բունկերային իրավիճակներում, անցկացրեց խորհրդակցություն այդ թեմայով, իսկ նոյեմբերի 18-ին ներկայացրած ճանապարհային քարտեզում կրկին անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկի մասին, պոպուլիզմի մասին կասկածները իրենց տեղը զիջեցին խորը մտահոգության:
Հիմա, երբ հետադարձ հայացքով նայում ենք այդ հայտարարություններին, որքան էլ դրանք այդ պահին մեզ համար տարօրինակ էին, այսօր խճանկարի բոլոր պակաս կտորները լրացվում են։
Հայաստանում չկա այնքան ֆինանսական կապիտալ, որպեսզի ձեռք բերեն բռնգանձված գույքը։ Գոլդեն Փելեսը դրա վառ օրինակն է։ Եվ չկա մթնոլորտ, որ ձեռք բերվի հարևանի խլված գույքը։ Համաձայն ՀՀ Գլխավոր Դատախազության դեկտեմբերի 2-ի հայտարարության հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ։ Բայց սա հասկանալի է միայն սկզիբն է և ըստ իրենց պլանների, խոսքը գնալու է հազարավոր գույքի մասին։ Կարծում եք Հայաստանում կա՞ն մարդիկ, ովքեր կկարողանան ձեռք բերել կամ ձեռք կբերեն այդ թանկարժեք գույքը։ Մոռացեք նաև սփյուռքի մասին։ Այս պայմաններում սփյուռքը ևս պոտենցիալ գնորդ չէ։
Եվ այստեղ վերջին օրերին զարգանում է 5 միլիարդի թեման։ Միամտություն է կարծել, թե տեխնիկայի ու ֆինանսատնտեսական համակարգերի մեր դարում 5 միլիարդը փոխանցվելու էր պարկով կամ բանկային փոխանցման միջոցով։ 21-րդ դարում դա անհնար է։ Եթե կա 5 միլիարդ, և ինչպես շրջանառվում է այդ հինգ միլիարդը թուրքական կապիտալի տեսքով է, ապա այդ գումարները կարող են լինել ինվեստիցիոն ֆոնդերում։ Դրանք կարող են լինել Եվրոպական, ասիական տարբեր ֆոնդերի և այլ ֆինանսական կառույցների կապիտալի տեսքով։ Այսպես կոչված՝ մաքուր ֆոնդեր։ Ահա այդ ֆոնդերի ներդրումների միջոցներն էլ պետք է գային Հայաստան ինչ-որ բան ձեռք բերելու։ Իսկ ի՞նչ. պատասխանը պարզ է՝ բռնագանձված գույք։
Այստեղ էլ հատվում է կապը ապօրինի գույքի բռնագանձման հարցում էնտուզիազմի և/կամ թուրքական կապիտալի միջև. Հայաստանում անհրաժեշտ է լինելու մեծ ծավալի արժեքավոր գույք։ Մի կողմից դա կբավարարի հասարակության առանձին շերտերի ցանկությունը, սպասելիքները, մյուս կողմից կլինի սեփականության վերաբաշխում, կձևավորվի տնտեսական նոր վերնախավ՝ իրենք իրենցով, բայց այս ամենի հիմքում կլինի թուրքական կապիտալը։ Թուրքական կապիտալը ձեռք կբերի այն ամենը, ինչ կբռնագանձվի ապօրինի ձեռք բերված գույքի անվան տակ։
Նույնկերպ սահուն է եղել թուրքական կապիտալի մուտքը Վրաստան՝ Աջարիա։ Ապօրինի գույքի բռնագանձման հետևանքով շատ կարճ ժամանակ անց այնտեղ իշխողն արդեն թուրք սեփականատերերն էին։ Դժվար է այսօր Բաթումին և Աջարիան համարել վրացական։
Սա է մեր վարկածը, սա փորձ է գտնելու կապերը, իսկ մնացածը հետագա մասնագիտական քննության խնդիր է։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ