Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկեղծ ասած, տարակուսելի է Հայաստանի որոշ էլիտաների՝ ՀԱՊԿ արդյունավետության հարցերը այդ կազմակերպությունից դուրս քննարկելը, չնայած այն հանգամանքին, որ դրա համար կան բոլոր մեխանիզմները, ձևաչափերը և մեթոդները։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կան փոխգործակցության հաստատված ուղիներ, բայց Երեւանում նախընտրում են բառացիորեն խուսափել բովանդակային փորձագիտական երկխոսությունից ՀԱՊԿ հարթակում: Միևնույն ժամանակ, կազմակերպությունն ինքը պատրաստ է նման բաց աշխատանքի և, ի դեպ, նրանք ունակ են դա վարել փոխադարձ հարգալից և շատ արդյունավետ կերպով», – ասել է Զախարովան՝ նշելով, որ դա բազմիցս հաստատել է նաև կազմակերպության ղեկավարությունը։
ՀԱՊԿ-ի դեմ ներկայացված պահանջների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ «այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր կարող են մեղմվել, եթե այս երկրի ղեկավարությունը համաձայնի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում»։
«Կազմակերպության միջոցով կոնկրետ աջակցության միջոցառումներ իրականացնելու փոխարեն Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց այլ մեթոդներ. մի կողմից՝ ինչ-որ բանավոր էկվիլիբրիստիկա, թե ով ումից է դուրս եկել, իբր ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանը, նման բան են մտածել։ Հետո սկսեցին հայ հասարակությանը ոչ բնորոշ ձևով վիրավորել և նվաստացնել այս կազմակերպության իրենց գործընկերներին, հետո որոշեցին հրավիրել ԵՄ առաքելություն, որը ոչ այնքան պաշտպանում է Հայաստանի սահմանները, այլ մոնիտորինգի անվան տակ հետախուզություն է իրականացնում. տվյալներ հավաքում հարևան երկրների՝ Ռուսաստանի, ի դեպ, և ոչ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի մասին»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը լավ գիտի, թե ինչ աստիճանի է ճնշում կան հայ գործընկերների վրա «արևմտյան երկրներից՝ տարածաշրջանում իրավիճակը խաթարելու և մեր երկրի դեմ որպես ցատկահարթակ օգտագործելու ցանկությամբ»։
«Սակայն Երևանի ներկայիս կուրսի շարունակությունը, ի վերջո, կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, հիմնովին ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման գործող արդյունավետ մեխանիզմները և ազդել նրա առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա։
Այս ամենը հիմնված է փորձագիտական հանրության կարծիքի վրա, սրանք զուտ քաղաքական գնահատականներ չեն։ Այս կարծիքին են մասնագետները, որոնք երկար տարիներ զբաղվել են այս խնդիրներով և վերլուծել դրանք տվյալների հիման վրա։
Եթե մենք խոսում ենք մեր մոտեցումների և մեր սկզբունքային գծի մասին, մենք կարևորում ենք մեր կապերը եղբայրական հայ ժողովրդի հետ։ Եվ ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, մենք պատրաստ ենք վստահելի, նորմալ, փոխադարձ հարգանքով երկխոսության Երևանի հետ հրատապ հարցերի ողջ շրջանակի, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ։
Եթե Երևանում նպատակահարմար համարեն զբաղվել նման մեգաֆոնային դիվանագիտությամբ, ապա մենք, իհարկե, կշարունակենք մեկնաբանել դա՝ ի պատասխան ձեր հարցերի։ Բայց ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ փոխադարձ հարգալից երկխոսություն վարելու և ամենակարևորը՝ համապատասխան խնդիրները լուծելու համար պարզապես անհրաժեշտ է օգտագործել առկա գործիքները:
Եթե խոսքը ՀԱՊԿ-ի մասին է, ուրեմն զբաղվենք փորձագիտական քննարկումներով ՀԱՊԿ-ի ներսում, եթե խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է, երկկողմ կապուղիներով զբաղվենք խնդրահարույց հարցերի պարզաբանմամբ»,- նշել է Մարիա Զախարովան։