Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակտիվ լուրեր շրջանառվեցին, որ զինաթափվում է Արցախի՝ խաղաղարարների տակ գտնվող հատվածները: Հասկանալու համար՝ ի՞նչ զինաթափման մասին է խոսքը, Yerkir.am-ը զրուցել է Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար, հայրենադարձ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանի հետ։
Հիշեցնենք՝ «ԱՐԻ» ներդրումային ծրագրի շնորհիվ հիմնադրված գյուղը գտնվում է Աղավնո գետի ափին՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարևանությամբ, դեպի Ստեփանակերտ ճանապարհին հանդիպող Արցախի առաջին գյուղն է։ Այն այսօր ընկնում է մարդասիրական միջանցքի տարածքում, որի անվտանգությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները։ Չնայած Աղավնոյից ընտանիքներ դուրս են եկել, սակայն մի մասը դեռ գյուղում է:
Գյուղ մտնողին այս օրերին դիմավորում է համայնքի մուտքի մոտ զենքով կանգնած գյուղապետը, ով գյուղում մնացած տղամարդկանց հետ միասին անձամբ է հսկում գյուղի անվտանգությունը:
«Սա մեր տունն է, մեր հողը, մեր ապրելու հույսը և սա մենք չենք չափում մետրով, մենք այն չափում ենք արյունով, հանուն նրա նահատակված ամեն հայի արյունով»,- ասում է գյուղապետը և չի կարողանում թաքցնել ոչ հուզումը, ոչ էլ ցասումն ու ըմբոստացումը։
Հարցին՝ ակտիվ խոսվում է զինաթափման մասին, արդյո՞ք իրենց էլ են պարտադրել զինաթափվել, կամ, առհասարակ ինչ զինաթափման մասին է խոսքը, Անդրանիկ Չավուշյանը պատասխանեց, որ ռուս խաղաղապահները բոլորին պարտադրել են հանձնել ձենքը, հիմնավորելով, որ նրանք կապահովեն բնակիչների անվտանգությունը և հավելել, որ ստորագրված պայմանագրով հինգ տարի նրանք զենք կրելու իրավունք չունեն:
«Ես չեմ ենթարկվել և չեմ ենթարկվելու, լսել եմ, որ Արցախի իշխանությունը հանձնել է զենքը, բայց ես չեմ կարող դա անել, իմ գյուղի անվտանգության երաշխիքը միայն իմ զենքն է»,- ասում է գյուղապետը՝ հավելելով, որ չկա ոչ մի երաշխիք գյուղի անվտանգության համար:
«Ոչ ոք ինձ գրավոր երաշխիք չի տալիս, որ ես հանգիստ լինեմ գյուղի բնակչության համար, այն բնակիչների, որոնք ինձ են վստահել իրենց կյանքը: Ես այսօր գյուղապետ չեմ, այլ ժողովրդիս պաշտպանը։ Գյուղում ամեն օր կրակոցներ են լսվում, տեսանք՝ որքան գերեվարվածներ ունեցանք, մեր գյուղում կա երեք անհետ կորած, ես ինչպե՞ս պետք է հանձնեմ զենքը, կամ ու՞մ վստահեմ ինձ վստահված պարտականությունը, գյուղի պաշտպանական գիծը մերն է, մենք չենք կարող այն չպաշտպանել: Ես մինչև այսօր իմ զինվորական հագուստը չեմ հանել և միշտ համար մեկ դրության պատրաստ վիճակում եմ»,- պնդում է գյուղապետը և ավելացնում, որ վերջին օրերին ռուս զինվորականներն ադրբեջանական կողմին ճանապարհ են տրամադրել Աղավնոյի տարածքով, և այսօր ադրբեջանցիներն անցնում են իրենցից մի քանի մետր հեռավորությամբ։
«Ժամանակավոր տարածքներում, որտեղ իրենք պետք է մնան, սկսել են շատ զինվորականներ կուտակել, ես ռուս խաղաղապահին վստահեմ, իսկ թուրքին կարո՞ղ եմ վստահել, ով չգիտեմ, թե ինչ նպատակով է կուտակվում մեզանից մի քանի մետր այն կողմ»,- նշում է նա։
Անդրանիկ Չավուշյանն ըմբոստացել էր նաև, երբ նրան ասել էին, թե պետք է գյուղից հանես Հայաստանի դրոշը. «Ես Սիրիայի քաղաքացի եմ, Սիրիայում մենք միշտ վեհ ենք պահել մեր հայրենիքի դրոշը, իսկ մեր հայրենի հողի վրա մեզ ասում են հանեք դրոշը, դա նշանակում է իմ մահը, և ես ասել եմ խաղաղապահներին՝ այն հանելու համար նախ ինձ ու իմ ընտանիքը պիտի սպանեք, որովհետև իմ ընտանիքի ամեն անդամ այդ դրոշի պահապան է։ Կսպանե՞ն՝ թող սպանեն»։
Աղավնոն սահմանագիծ է, պետական մարմինների կողմից չկա հստակ պատասխան գյուղի հետագա կարգավիճակի վերաբերյալ, և, եթե այսպես անորոշ շարունակվի, մենք կստեղծենք Աղավնո պետություն. գյուղապետի հաստատակամ որոշումն է:
«Գյուղը հիմնվել է քարը քարի վրա դնելով. Աղավնոն պիտի ապրի և պիտի ապրի հայկական, մենք նոր ենք գնացել Դադիվանք մեր պատարագն արել, մենք այստեղ, մեր հողի վրա ապրելու ենք և սա իմ համար կամ մահ կամ ազատություն է»,- եզրափակեց Անդրանիկ Չավուշյանը։