Քարվաճառի բնակչուհի Թամարա Գրիգորյանը գրում է.
«2011 թվականին Դավիթի հետ առաջին անգամ Քարվաճառ գնացինք. քանդած ճանապարհով, Մաքսիմ ձյաձյայի ուազիկով, մազերից մինչև կոշիկներ միատոն փոշով ծածկված, երջանիկ ու հույսով ու հավատով լի:
Տարիների ընթացքում Քարվաճառի ճանապարհի հիմնական մասն ասֆալտապատվեց, ուազիկը դարձավ գազել, մնացին հույսը, հավատն ու երջանկությունը: Քարվաճառում տարիների ընթացքում ավելացան լիքը քարվաճառցի բալիկներ, «Միջնաբերդ» թատերախումբը, Արմաթ լաբորատորիան, Քարվաճառի վիքիակումբը, օսըմ ջերմոցը, ֆուտբոլի թիմ, սպորտային տարբեր խմբակներ, ազգային պարի խմբակներ, մանկապարտեզ բացվեց, նոր տներ էին կառուցվում, մշակույթի տունը վերակառուցվեց, էլի շատ լավ բաներ եղան, լիքը լուսավոր նախագծեր կային... Այսպես ասած ՀՀ և ԱՀ ղեկավարները փաթեթավորեցին էս ամենը, բանծիկի վրա էլ դրեցին մեր` քարվաճառցիներիս, բոլոր երազանքներն ու նպատակները, մեր տները, մեր կյանքի իմաստները ու հանձնեցին թշնամուն:
Իսկ եթե էս խիստ անձնական ու զգացմունքային մասը հանենք, մենք կորցրել ենք ռազմավարական ահռելի, աննկարագրելի նշանակության տարածք, ուղղակի` ռազմավարական գանձ, տարածք, որտեղ պատերազմի 44 օրերի ընթացքում թշնամին ոչ մի հաջողության հասնել չի կարողացել (չասեք` չի փորձել, փորձել է, ուղղակի չի կարողացել), տարածք, որտեղ մեր զինվորը դիրքային կորուստ չուներ էն վայրկյանին, երբ ստորագրվում էր Քարվաճառը հանձնելու ամոթալի թուղթը: Տարածք, որը մինչև արայիկի հէկաշինությունը ջրային հսկայական պաշար ուներ, տնտեսական զարգացման չօգտագործված ու չբացահայտված հզոր ներուժ..
Դավիթն երեկ ասում է` մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որ սա էլ երբեք չկրկնվի: Դավ, բայց արի ընդունենք, որ մենք մինչև հիմա էլ էինք ամեն ինչ անում, որ սա չլինի. ու փաստորեն, մենք ձախողվեցինք: Ես չգիտեմ, թե մենք հիմա ինչ ենք անելու, անկեղծ չգիտեմ:
Գոնե էսօր էնքան ամոթ ունենան էդ թուղթն ստորագրողներն ու դրանց սատարողները, էսօր Մոնթեի անունը չտան. էսօր, որ Մոնթեի ծնունդն է, ու էսօր, որ տապալվեց հայոց միջնաբերդը»։