կարևոր
5812 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-05 20:11
Արցախ Հասարակություն

Հիմա տեսնես, ու՞ր են երեխեքդ մամ. արցախցի ուսուցչի դստեր հուզիչ գրառումը

Հիմա տեսնես, ու՞ր են երեխեքդ մամ. արցախցի ուսուցչի դստեր հուզիչ գրառումը

Օկուպացված Ստեփանակերտից բռնի տեղահանված Նանար Պողոսյանը շնորհավորել է մայրիկին ուսուցիչ տոնի առիոթով և նշել. 

«Շնորհավոր ուսուցչի տոնդ ՄԱՄ:

37 տարի սերունդ կրթեցիր, դաստիարակեցիր, տառաճանաչ դարձրիր սաներիդ...

Աշակերտներդ քեզ սիրելով շատերը ուսուցիչ դարձան, շատերը՝ բժիշկներ, շատերը՝ ամենաբարձր ուսումնական հաստատություններում՝ դասախոսներ, իսկ տղաներից շատերը նախընտրեցին հայրենիքին ամենաթանկը նվիրել՝ կյանքը…

Բլոկադայի վերջին օրերին, երբ անգամ հաց չկար, գիշերները հերթ էիր կանգնում, որ գոնե 1 հաց վերցնես փոքր-փոքր կտրտես, որ հետդ դպրոց աշակերտներիդ տանես, նույնը տան եղած խնձորները, կոնֆետը, երբ հարցնում էի մամ բայց էդ մի քանի կոնֆետը ու՞մ կհերիքի, ասում էիր, որ բոլորը կիսեմ կհերիքի:

Իսկ սեպտեմբերի 19-ին, երբ ռմբակոծվում էր Ստեփանակերտը, ժամերով կապ չէի կարողանում հաստատել քեզ հետ, խելագարված ռմբակոծության տակ քեզ էի փնտրում ու նույն կերպ գտա քեզ դպրոցի ճանապարհին ու երբ հարցրի թե ինչու մինչև հիմա նկուղում չես, ասիր բա երեխեքս, երեխեքիս պիտի հասցնեի իրենց ընտանիքներին, ասիր ու հեկեկացիր. տեսնես մեկ էլ ե՞րբ եմ տեսնելու երեխեքիս…

Հիմա տեսնես, ու՞ր են երեխեքդ մամ, ով որ ճանապարհով է գնացել...

Չգիտեմ բախտ կվիճակվի՞ Մայր Հայատանում շարունակել վաստակաշատ ուսուցչի քո աշխատանքը, թե սա քո վերջին դասարանը եղավ, բայց մի բան գիտեմ, որ քո համեստ, խոնարհ ու նվիրյալ տեսակից շատ պիտի ունենանք իմ մամ... դու միշտ պատվով ես փոխարինել Արցախն ազատագրած ու անմահացած հորս, իսկ պապայի շիրիմին այցելելու վերջին ցանկությունդ այդպես էլ չկատարվեց, որովհետև թուրքը փակել էր Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը...»: