կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-13 19:01
Արցախ

«Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է». Լևոն Մնացականյան

«Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է». Լևոն Մնացականյան

Արդեն տևական ժամանակ է՝ իշխանամերձ շրջանակները,  իշխանության տարբեր ներկայացուցիչներ կեղծ լուրեր են շրջանառում այն մասին, թե «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին  տնօրեն Արթուր Վանեցյանը դասալիք է, Արցախում իրեն վստահված դիրքերը չի պաշտպանել և դիրքերում լուսանկարվելուց հետո այն լքել է և վերադարձել Երևան։

Ավելին, նոյեմբերի 10-ին՝ հայտնի եռակողմ համաձայնությունից հետո,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով Հանրապետության հրապարակում և ԱԺ շենքի մոտ իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին՝ ասել էր. «Արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դեբոշ անողների և իրենց շեֆերի հետևից, «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետևից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական թալանչիների, «Հայրենիք»-ի դասալիքի հետևից, որը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի»։

«Իմ դասալիք լինելու-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը»,- այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում օրեր առաջ հայտարարել էր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե  իր հրաժարականը պահանջած ընդդիմադիր գործիչը՝ գեներալների ուսադիրներով, Շոշի դիրքերը թողել ու փախել է, իսկ այսօր հայտարարում է, որ բանակի կողքին կանգնած է։

«Մենք եղել ենք թե՛ Շուշիի մատույցներում, թե հենց Շուշիի մեջ, թե՛ ՊԲ-ի հրամանատարի անմիջական ցուցումով տարբեր ժամանակներ մեկնել ենք ամենածանր մարտերի վայր և իրականացրել ենք հատուկ գործողություններ,- ասել էր Արթուր Վանեցյանը և ավելացրել,- Դասալիքը Նիկոլ Փաշինյանն է, որը չի ծառայել բանակում, «դասալիք» է մնացյալ բոլոր հարցերում, որովհետև միշտ ամենապատասխանատու տեղերից փախել, ծլկել է։ Ամենամեծ դասալիքն ինքն ու իր շրջապատն են, որոնք բանակից ազատված՝ մինչև պատերազմի սկսվելը գնում և կանգնում էին դիրքերում, նկարվում էին, զորքին շարում էին, էդ զորքը նորմալ չէր վերաբերվում, որ իրենց շարքում դասալիքներ կան»,- ասել էր նա։

168.am-ն իշխանությունների՝ Փաշինյանի և «Իմ քայլ»-ական պատգամավորների կողմից շրջանառվող այդ տեղեկությունների մասին զրուցեց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին նախարար, գեներալ-լեյտենատ Լևոն Մնացականյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ Արթուր Վանեցյանն Արցախում իրեն վստահված պաշտպանական հատվածում կանգնած է եղել սկզբից մինչև վերջ։

«Արթուր Վանեցյանը և այդ տղաներն այդ ուղղությունում՝ պաշտպանությունում եղել են ու գտնվել են իրենց տեղում, կանգնել են, օգնել են մեզ ընդհանուր պաշտպանության գործում։ Եթե չեմ սխալվում՝ եղել են 30-40 հոգի մարդ։ Վանեցյանն այդ պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»,- նշեց Լևոն Մնացականյանը։

Հարցին, եթե իրեն վստահված վայրը Արթուր Վանեցյանը չի լքել, այդ դեպքում ինչո՞ւ են նրա անունը շահարկում և ներկայացնում՝ որպես դասալիք, Լևոն Մնացականյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես այդ մասին որևէ բան չեմ կարող ասել, չեմ կարող ասել, թե ինչո՞ւ են նրա անունը շահարկում։ Բայց այն, որ նա ուղղություններից մեկում եղել ու մնացել է մինչև վերջ՝ փաստ է»։

Հաջորդ հարցին՝ եղե՞լ է որևէ դեպք, երբ Արթուր Վանեցյանը ստացել է որևէ առաջադրանք, սակայն այն չի կատարել, Լ. Մնացականյանը պատասխանեց. «Ոչ, նրանց խնդիրը միայն պաշտպանելն է եղել, առաջ գնալու խնդիր նրանց չի տրվել։ Իրենք տեղում այդ պաշտպանության  հարցն իրականացրել են»։v