Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտական գործողությունների ընթացքում՝ ապրիլի 2-5-ը, ՊԲ-ն տվել է 59 մարտական կորուստ, որն անհամեմատ քիչ է, քան ադրբեջանական կորուստները՝ հաշվի առնելով զինատեսակները, ծավալները, զինատեսակների կիրառման քանակը, էլիտար ստորաբաժանումները: Այս մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հայտարարել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:
Ըստ նախարարի` ապրիլյան գործողություններից հետո ահռելի աշխատանք է իրականացվել սահմանագծում. հիմնական ուղղվածությունը եղել է տեխնիկական հագեցվածությունը՝ ինչպես առաջնային գծի, հետախուզության, կապի միջոցների, այնպես էլ զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարման գործում:
«Մենք որոշակի աշխատանքներ ենք իրականացրել նաև անձնակազմի կենցաղի բարելավման ուղղությամբ: Մեր հիմնական շեշտը դրվել է տեխնիկական միջոցների հագեցվածությանը՝ բոլոր ուղղություններով: Աստված մի արասցե, եթե նման գործողություններ վերսկսվեն՝ ՊՆ-ն ի զորու է կատարել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև: Մի առիթով ասել եմ՝ բացի պաշտպանողական բնույթի գործողություններից, ես նշեցի, որ կան այլ բնույթի գործողություններ, որ կստիպեն հակառակորդին զերծ մնալ իր մտադրություններից: Վստահեցնում եմ, որ ՊԲ-ն իր հզորությամբ, միջոցներով ի վիճակի է կատարել ամեն կարգի խնդիր»,- նշել է նա եւ հավելել, որ հայկական կողմը շարունակում է ձեռք բերել նոր զինատեսակներ:
«Չէի ցանկանա ծավալվել, բայց ասեմ, որ մենք ունենք միջոցներ և աշխատում ենք այդ ուղղությամբ, որ անակնկալի կբերենք հակառակորդին, անհրաժեշտության դեպքում խոցում կիրականացվի մեր համար անհրաժեշտ ուղղություններում, և դրանով իսկ մենք կապահովենք մեր ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարումը, և մեր հնարավորությունները, ներուժն այնպիսին է, որ կթույլատրի ապագայում ևս մեր ռազմատեխնիկական առաջընթացը ԶՈՒ-ում և ՊԲ-ում»,-նշել է նա:
Ըստ նախարարի` ապրիլյան դեպքերի ժամանակ ԼՂՀ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը, իսկ ադրբեջանական բանակը չի կարողացել կատարել, կատարել է մի փոքր ստորաբաժանման հարիր մարտական խնդիր:
«Եթե դա գնահատենք ռազմական տեսանկյունից՝ ոչ այլ ինչ է, քան ձախողում. անցնել լայնածավալ հարձակման և ընդամենը տիրել մի քանի մետր խորության բոլոր ուղղություններում, դա համարում ենք և՛ ձախողում, և՛ պարտություն: Փոքր հենակետերը զբաղեցնելու ընթացքում իրենք ունեցել են ահռելի կորուստներ, որոնց հիմնական մասը հատուկջոկատայիններ են»,- ասել է նա:
Ի դեպ, Մնացականյանը նաեւ տեղեկացրել է, որ այսօր սահմանին կուտակումներ չկան:
«Մենք Բաքու հասնելու մտադրություն չունենք, պաշտպանում ենք մեր սահմանները, մեր ժողովրդի անվտանգությունը, մենք մեր խնդիրն այնքան խորությամբ կկատարենք, որ կնպաստի ԼՂՀ անկախության միջազգայնորեն ճանաչմանը»,- վստահեցրել է նախարարը: