Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հարցազրույց է տվել ИА REGNUM-ին, որում խոսել է ապրիլյան չորսօրյա պատերազմի մասին:
Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:
Հարցին` ինչո՞ւ այդքան մեծ եղան մարդկային և տարածքային կորուստները, կարո՞ղ է դա համարվել հետախուզության ձախողում, Մնացականյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ կորուստները մեծ են: Բնական է, որ մեզ համար յուրաքանչյուր կորուստ անթույլատրելի է, սակայն մարտական գործողությունները դրանով են դաժան, որ հանգեցնում են մարդկային և տարածքային կորուստների: Այդ պատճառով ասել` կորուստները շատ են եղել, թե` քիչ, ընդհանրապես ինչ-որ գնահատական տալ` սխալ է: Ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելին են եղել:
Ինչ վերաբերում է հետախուզությանը, ապա մենք օգտագործել ենք մեզ համար հասանելի բոլոր հետախուզական միջոցները և որոշ տեղեկություն ենք ունեցել հակառակորդի գործողությունների մասին ու քայլեր ենք ձեռնարկել: Այդ պատճառով չի կարելի ասել, որ հետախուզությունը ձախողվել է: Այնուամենայնիվ, մենք չենք իմացել, որ նման մասշտաբի հարձակում կլինի: Այդ իմաստով` որոշ բացթողումներ կան… Կարճ ժամանակում, սակայն, մեզ հաջողվեց վերադարձնել որոշ դիրքեր, և վստահ եմ, որ մենք դեռ հնարավորություն կունենանք վերադարձնելու մեր կորցրած դիրքերը»:
Հարցին, թե պատերազմի օրերին երկու կողմերը ակտիվորեն անօդաչու սարքեր են կիրառել, ինչպե՞ս իրենց դրսևորեցին հայկական արտադրության անօդաչուները` Ադրբեջանի կողմից կիրառվող իսրայելական անօդաչուների համեմատ, ԼՂՀ պաշտպանության նախարարը պատասխանել է, որ դժվար է համեմատել սարքերը, քանի որ դրանք ուղղակիորեն չեն կռվում միմյանց դեմ: «Ամեն դեպքում` մեր կողմից կիրառված անօդաչու սարքերը ցույց տվեցին իրենց արդյունավետությունը. մեր առջև դրված խնդիրները կատարվել են»,- շեշտել է նա:
Լրագրողը հետաքրքրվել է նաև` կա՞ն, արդյոք, մեթոդներ, որոնք օգնում են հակազդել իսրայելական ժամանակակից հակատանկային հրթիռային համալիրներին, որոնք պատերազմի օրերին մեծ խնդիր դարձան: Ի պատասխան, Մնացականյանը ասել է. «Իհարկե, մենք կատարելագործում ենք հակառակորդի հակատանկային համալիրների հետ պայքարի միջոցները` ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ: Մենք հույս ենք դնում ժամանակակից տեխնոլոգիաների վրա»:
Հարցին` ո՞ւր է ուղղվել Սփյուռքի կողմից հավաքված մոտ 8 մլն դոլարը, արդո՞ք բանակը մթերքով, ժամանակակից զինամթերքով ապահովելու ուղղությամբ, Մնացականյանը պատասխանել է, որ իրենք այդ ամենի համար ունեն միջոցներ: «Ավելին` մենք ներդնում ենք շատ ավելի մեծ գումարներ, քան դուք նշեցիք»,- ընդգծել է նա:
«Ինչ վերաբերում է օգնությանը, ապա, իհարկե, այն դրականորեն է ազդել մեր հնարավորությունների վրա»,- նշել է նախարարը:
Հարցին, թե Ադրբեջանը պատերազմի օրերին սպառնացել է գնդակոծել Ստեփանակերտը, «Սմերչ» կիրառել, ինչպիսի՞ն կլինի ԼՂՀ-ի պատասխանը տվյալ դեպքում, ՊՆ ղեկավարը պատասխանել է. «Եթե Ադրբեջանը հարվածի Ստեփանակերտին, ապա կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Ինչպիսի՞, թող հանելուկ մնա: Ուղղակի պատասխանը անհամեմատելի կլինի»:
Լրագրողին հետաքրքել է նաև ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:
«Իհարկե, ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը միշտ կա, ավելին` այն բարձր է: Դատելով հակառակորդի այսօրվա պահվածքից` նա դեռ լիովին չի հրաժարվել նման մտքից: Այդ պատճառով ցանկացած պահի հնարավոր է մարտական գործողությունների վերսկսում: Այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմը որոշ զսպող ազդեցություն ունեցավ հակառակորդի վրա: Դա երևում է նրանց հայտարարություններից. առաջ ասում էին, թե կհաղթեն 3 օրում, այժմ նման բան չեն ասում: Հույս ունեմ, որ ընդհանրապես կհրաժարվեն նման մտքից»,- պատասխանել է ԼՂՀ ՊՆ ղեկավարը:
Թարգմանությունը` Անի Սահակյանի