կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-07 21:05
Քաղաքական

«Իմ քայլում» որոշել են քրեականացնել արգելված հրապարակումների համար նախատեսված պատասխանատվությունը

«Իմ քայլում» որոշել են քրեականացնել արգելված հրապարակումների համար նախատեսված պատասխանատվությունը

Քիչ առաջ տեղեկացանք, որ Ազգային ժողովը (ԱԺ) երկուշաբթի օրը՝ խորհրդի, ապա՝ արտահերթ նիստ է պլանավորում: «Հրապարակի» տեղեկացմամբ՝ իմքայլականների նախաձեռնությամբ մի նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով մամուլի և ընդդիմադիրների բերանը կփակեն արդեն ոչ թե վարչական տուգանքներով, այլ քրեական հետապնդման ենթարկելով:

Այսինքն, եթե մինչ այս ռազմական դրության մասին օրենքով իրենց դուր չեկած կամ, իրենց ձևակերպմամբ` պաշտոնական տեղեկատվությունից դուրս որևէ հրապարակման դեպքում նախատեսված էր 300 կամ 700 հազար դրամ և ավելի տուգանք, ապա հիմա այս հոդվածն ուզում են քրեականացնել, որ ավելի զսպեն մամուլին և ընդդիմությանը, ընդդիմադիր խոսքն առհասարակ:

 Կայքի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հաստատել էր, որ նման նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ, և հնարավոր է` քննարկվի այն երկուշաբթի օրվա արտահերթ նիստում:

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ մինչ այս պահն իրենց որևէ մեկն օրակարգ թղթային տարբերակով չի տրամադրել:

«Այս պահին հստակ է միայն, որ ԱԺ խորհրդի նիստը տեղի կունենա երեքշաբթի օրը, բայց թե ինչ հարցեր են լինելու օրակարգում, մեզ չեն տեղեկացրել, թեպետ, իհարկե, մեզ էլ տարատեսակ խոսակցություններ հասել են, այդ թվում՝ նաև Ձեր նշած հարցի վերաբերյալ»,- ասաց ԱԺ պատգամավորը: