կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-06 16:57
Տնտեսական

Կառավարությունը պետք է լոզունգներից անցում կատարի խնդիրների լուծմանը. Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ

Կառավարությունը պետք է լոզունգներից անցում կատարի խնդիրների լուծմանը. Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ

«Նաիրիտ»-ը 32 մլն դոլարով հանել են վաճառքի՝ պայմանով, որ գնորդը պետք է բերի նաև առողջացման ծրագիր: Իսկ ինչո՞ւ կառավարությունն ինքը չի բերում այդ առողջացման ծրագիրը. «Նաիրիտ»-ը 100 տոկոսով ունի պետական բաժնետոմսեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով պետության կողմից ձեռնարկություններին տրվելիք անհրաժեշտ աջակցությանը:

Պատասխանելով հարցին՝ թե արդյո՞ք արտահանման կառուցվածքը կրել է էական  փոփոխություններ, նա ասաց, որ Հայաստանի արտահանման մեջ առաջատար են սննդամթերքի և հանքահումքային ուղղությունները:

Վազգեն Սաֆարյանը նաև առաջարկեց մշակել պոչամբարներում 68 տարի կուտակված երկրորդական հումքը, որը հնարավորություն կտա ունենալու մաքուր էկոլոգիա, երկաթ՝ 2-3 մլն տոննա, 106 հազար տոննա մաքուր պղինձ, ինչն էլ կնպաստի էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության, սարքաշինության զարգացմանը:

«Մենք պետք է հորդորենք կառավարությանը՝ մտածել այս խնդիրների մասին: Պետք է նրանց լոզունգներից, բանաձևերից անցում կատարվի կոնկրետ խնդիրներին: Սպասել, որ ինչ-որ մեկը կգա, ձուլարան կկառուցի, «Նաիրիտ»-ը կվերագործարկի  կամ Վանաձորի քիմպրոմ, կարող է երկար տարիներ պահանջվել: Կառավարության ղեկավարն ասում է, որ պետք է ուշադրություն դարձնենք վերամշակող արդյունաբերությանը: Մեզ մոտ վերամշակող արդյունաբերությունը կազմում է 62-63 տոկոս, հանքահումքային արդյունաբերությունը՝ 16-17 տոկոս,  էլեկտրական էներգետիկան՝ 17-18 տոկոս: Սա է մեր արդյունաբերության կառուցվածքը: Տնտեսության հիմնական ճյուղը արդյունաբերությունն է»,- ընդգծեց Վազգեն Սաֆարյանը: