կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-07 12:36
Քաղաքական

ՀՅԴ մասնակցությունը Վանաձորի խնդիրների լուծմանը նպաստավոր կլինի. Սեյրան Աղաբեկյան

ՀՅԴ մասնակցությունը Վանաձորի խնդիրների լուծմանը նպաստավոր կլինի. Սեյրան Աղաբեկյան

Վանաձորում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են: Yerkir.am-ը զրուցել է «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՅԴ ցուցակով ավագանու թեկնածու, անկուսակցական Սեյրան Աղաբեկյանի հետ:

Ըստ մեր զրուցակցի` ինքն առաջարկություն է ստացել ՀՅԴ-ից` հանդես գալ իրենց ցուցակով, համաձայնել է, քանի որ համարում է, որ ՀՅԴ-ն այն կայացած ուժերից է, որի հետ կարելի է համագործակցել: «Ես ՀՅԴ-ի մեջ տեսնում եմ այն ներուժը, որ կարող է մեր քաղաքի զարգացման հարցում նպաստավոր լինել: ՀՅԴ-ի ներգրավվածությունը մեր քաղաքի իշխանական համակարգում հնարավորություն կտա նաև Սփյուռքին ներգրավվելու մեր քաղաքի զարգացման գործում»,- ասաց Աղաբեկյանը:

Խոսելով քաղաքի խնդիրների մասին` նա նշեց, որ դրանք կան Հայաստանի բոլոր քաղաքներում, տարաբնույթ են ու բազմաթիվ: «Ճանապարհաշինության հետ կապված մեծ խնդիրներ ունի Վանաձորը:  Քաղաքի ճանապարհների 90%-ը ասֆալտապատման և վերանորոգման կարիք ունի: Բավական շատ են խնդիրները, մեծ աշխատանքներ կան տանելու»,- ասաց Աղաբեկյանը:

Ըստ նրա` աղբահանությունն էլ կարևորագույն խնդիր է. չկա նորագույն տեխնիկա, աղբարկղերը փոխարինման կարիք ունեն,: Բարեկարգման խնդիրներ կան թաղամասերում, կանաչապատման խնդիրներ` կենտրոնից դուրս թաղամասերում:

Խնդիրները թվելով` Աղաբեկյանը նշեց, որ ամեն ինչ ինքը կապում է ոչ թե վատ աշխատանքի, այլ քաղաքի բյուջեի սղության հետ: «Բարեկեցիկ Վանաձոր ունենալու համար քաղաքի բյուջեն բավարար չէ: Ես 5 անգամ ընտրվել եմ ավագանու անդամ, ու այնպես չէ, որ հնավորություն եղել է ու չի արվել աշխատանք: Հնարավոր է մի քիչ թերացում եղել է, սակայն  դա անձի հետ չկապենք, մեր բյուջեն բավարար չէ քաղաքի առջև ծառացած խնդիրները լուծելու համար, այստեղ պետք է լուրջ համագործակցություն կառավարության հետ, համագործակցություն Սփյուռքի հետ, ինչո՞ւ չէ` նաև բիզնես ծրագրեր, որոնք կբերեն քաղաքի զարգացմանը: Պետք են նպաստավոր պայմաններ` քաղաքում դրսի ներգրավվածությունը ապահովելու համար»,- ասաց նա:

Անդրադառնալով ընտրապայքարի ակտիվությանը` մեր զրուցակիցը նշեց, որ իրենց փոքր քաղաքում 300 հոգուց ավելի` ավագանու թեկնածուներ են պայքարելու, և բոլորը հավասար պայմաններում են, բացահայտ առաջատարներ չկան: «Ընտրարշավը նոր է սկսվելու, բոլորը հնարավորություն ունեն ծրագրեր ներկայացնելու և, ինչո՞ւ չէ, հաղթանակ տանելու: Սակայն ընտրություններում վերջին հաշվով հաղթանակ պետք է տանի վանաձորցին, որովհետև այսօր, իրոք, շատ խնդիրներ են ծառացած Վանաձորի առջև: Վանաձորցիներին ես կոչ կանեմ այս անգամ ընտրել  լավագույնին, այն ուժին, որի հետևում վստահելի թիմ կա, թիմ, որի միջոցով հնարավոր է լուծել այս քաղաքի խնդիրները: Մենք աշխատելու ենք` մեր ծրագրերը, մեր ազնիվ մղումները իրականացնելու համար»,- շեշտեց Աղաբեկյանը: