կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-05 17:51
Քաղաքական

Մտավորականները հույս ունեն, որ վարչապետը կարձագանքի իրենց կոչին. «Հրապարակ»

Մտավորականները հույս ունեն, որ վարչապետը կարձագանքի իրենց կոչին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչով հանդես եկան 60-ից ավելի մտավորականներ, որոնք արձանագրեցին․ «Իրավիճակն օրհասական է. պատերազմական գործողությունները՝ լայնամասշտաբ, զոհերն ու կորուստները՝ ծանր ու ցավալի: Հայ մտավորականների ներքոստորագրյալ համախմբումը համոզված է, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է հստակ եւ նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ արտաքին քաղաքական եւ դիվանագիտական ջանքերն առավելագույնս արդյունավորելու, ինչպես նաեւ ռազմական իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու ուղղությամբ։ Ուստի, ՀՀ գործադիր իշխանության առաջնային եւ անհետաձգելի խնդիրն է՝ այս իրավիճակին հնարավորինս համապատասխանող ձեւաչափով վերակազմակերպվել եւ ազգային ներուժի ամբողջական համախմբման եւ գործադրման ճանապարհով հնարավորություն տալ անկախ Հայաստանի ռազմական եւ քաղաքական գործիչներին՝ մասնակից եւ դերակատար դառնալու պատերազմական գործողություններում, ճակատում եւ թիկունքում։ Կոչ ենք անում քննարկել բոլոր հնարավոր լուծումները, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի ձեւավորումը»:

Արձակագիր Լեւոն Ջավախյանը, ով միացել է այս կոչին, կարծում է, որ ռազմաքաղաքական հատուկ մարմին ստեղծելու անհրաժեշտությունն այսօր պայմանավորված է ավելի կատարյալ, միասնական ռազմական շտաբ ունենալու անհրաժեշտությամբ, եւ որքան կենտրոնացված լինեն բոլոր ուժերը, այնքան ավելի մեծ օգուտ կլինի ռազմական ընդհանուր գործին։ «Բոլոր հասարակական, քաղաքական կազմակերպությունները, անկախ իրենց դիրքորոշումից, պետք է ապահովեն միասնություն»,- ասում է արձակագիրը, ում կարծիքով, այդ մարմինը, այնուամենայնիվ, պետք է լինի վարչապետի հովանու ներքո․

«Հնարավորի սահմաններում բոլոր ուժերը՝ բուրժուազիա, օլիգարխիա, հասարակական, քաղաքական, պետք է ապահովեն միասնականության ամրապնդում։ Դա իսկապես կլինի ռազմաքաղաքական միասնական դաշինք ընդդեմ մեկ թշնամու։ Եվ որքան դա բյուրեղացվի, կենտրոնացվի, այնքան ավելի հեշտ կլինի ռազմական գործողությունների իրականացումը։ Մարդու տեղը որ նեղն է լինում, նա գնում է միակ ճշմարիտ ճամփով»։

Լեւոն Ջավախյանը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանն իրենց բոլորի հորդորին կանսա եւ կստեղծի նմանօրինակ պետական պաշտպանության մի կոմիտե կամ ռազմաքաղաքական դաշինք, ինչպես դա արվեց 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ․ «Հայրենական պատերազմի ժամանակ ստեղծվեց պետական պաշտպանության կոմիտե, որն իր ձեռքը վերցրեց երկրի ամբողջ իշխանությունը, եւ մի բռունցք ստեղծվեց։ Հիմա կան բազմաթիվ կուսակցություններ, ամեն մեկն ուզում է իր ներդրումն ունենալ․ ե՛ւ Ծառուկյանն է ջոկատ կազմում, ե՛ւ Վանեցյանը, ե՛ւ Քոչարյանն է ինչ-որ հարցեր լուծում։ Այդ բոլորը պետք է մի կենտրոնից կոորդինացվի, որպեսզի ամեն մեկն ինքնագլուխ չգործի»։  

Այդ կոչից կարո՞ղ ենք եզրակացնել, որ մտնում ենք երկարատեւ պատերազմի փուլ, դրա համար շատերն են անհրաժեշտ համարում ռազմաքաղաքական միասնական մարմին ունենալը։ «Բոլոր պատերազմների ժամանակ էլ ուժերի կենտրոնացում է անհրաժեշտ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ձեռքում միայն պետական մարմիններն են, բայց կան նաեւ հասարակական, քաղաքական կազմակերպություններ, որոնցից ամեն մեկն ուզում է նպաստել ընդհանուր գործին, իսկ այդ ամբողջը պետք է կոորդինացնել հանուն միասնական մեկ գործի»։ 

ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը եւս միացել է այդ կոչին, թե ինչ մտահոգություններ ունի, պատասխանում է․ «Այսօր այնպիսի վիճակում ենք, որ մեզ պետք է միասնականություն բոլոր ուղղություններով եւ առումներով։ Այս պահին պետք է մոռանանք կուսակցական պատկանելությունը, հինը-նորը, բոլոր կարգի տարբերությունները եւ միասնաբար մտածենք մեր հայրենիքի մասին։ Այդ կոչի հիմնական նպատակը սա էր՝ միավորել բոլորիս ուժերը, ջանքերը։ Բոլորս հայ ենք, հարազատներ ենք, եւ բոլորի նպատակը մեկն է։ Իսկ հայ ազգը շատ կարող ուժեր ունի, միայն այսօր կառավարության մեջ եղած ուժերը չէ, որ ունակ են եւ կարող։ Կան բազմաթիվ կարող ուժեր, մարդիկ, որոնք կարող են մեծապես օգտակար լինել հայրենիքին եւ ցանկանում են օգտակար լինել։ Ուրեմն ինչո՞ւ չստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորը կարողանան իրենց օգնությունը ցուցաբերել։ Մենք ունենք շատ լավ հրամանատարներ, քաղաքական միտք, եւ հարկավոր է այդ ամենը համախմբել, կենտրոնացնել հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, նաեւ ողջ ժողովրդին միավորելու իմաստով քայլեր պետք է ձեռնարկվեն։ Այդ իմաստով դրական միտում պարունակող մտայնություն կա այդ կոչի մեջ, որպեսզի կառավարությունը հանդես գա միավորողի, համախմբողի դերում։ Իսկ դա, կարծում եմ, շատ լավ առաջարկություն է, լինում են պահեր, որ իսկապես ժողովուրդը պետք է համախմբվի։ Այժմ այդ պահերից մեկն է»։

Այսինքն՝ որոշակի անմիաբանությո՞ւն է նկատում այսօր ժողովրդի մեջ։ «Ես չեմ ասում՝ նկատում եմ կամ չեմ նկատում, կարեւորը՝ անհրաժեշտ է, որ այդպես լինի։ Պարտադիր չէ, որ այդպիսի բան նկատենք, բայց շատ կարեւոր է, որ այդ գաղափարն իշխող լինի։ Իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ մեր կառավարությունը, իշխանությունները պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները՝ համախմբելու եղած ռեսուրսները»։

Ստացվում է՝ կառավարության ջանքերը, ռեսուրսները բավարար չեն, դրա համար կարիք կա ստեղծել միասնական ռազմաքաղաքական մարմի՞ն։ «Ոչ թե իշխանությունն անկարող է, այլ լավ կլինի իշխանությանն օգնել։ Ցանկացած իշխանություն, անհատ միշտ օգնության կարիք ունի, եւ ցանկացած բան, որ կարող է օգտակար լինել, պետք է օգտագործել։ Թերեւս կարիք կա ունենալ այդպիսի մի մարմին, որն ուղղորդի ամեն ինչ դեպի հայրենիքի փրկություն եւ ռազմաճակատ։ Իսկ այդտեղ կարող են ներգրավվել ուժեր, որոնք իշխանության մեջ չեն, չէ որ մեր ամբողջ ռեսուրսները չեն կարող լինել իշխանության մեջ, հիմա դրա անունը կդնենք ռազմաքաղաքական մարմին, թե այլ մի բան, կարեւորը՝ լինի մի մարմին, որը կկենտրոնացնի բոլոր ուժերը, որոնք դուրս են իշխանության շրջանակներից եւ որոնք ուզում են օգնել, բայց տարբերակ չեն գտնում։ Չեմ կարծում, թե այնպիսի իրավիճակ է, որ ամբողջ ազգը զենքը պետք է վերցնի ու գնա Արցախ, կարելի է բոլորի ուժերն այնպես օգտագործել, որ ամուր լինի ե՛ւ թիկունքը, ե՛ւ ճակատը»,- ընդգծում է Վ․ Կատվալյանը։ 

Այսօր բոլորս նույն նավի վրա ենք, ինչը նշանակում է, որ պետք է ավելի համախմբվենք, իսկ այդ կոչը հենց դրա վկայությունն է․ այսպես է կարծում արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանը։

«Ինձ թվում է՝ անարձագանք չպետք է մնա, եւ մտավորականների այս կոչի նպատակը նաեւ այն է, որ այս անջրպետը վերանա։ Ես հույս ունեմ, որ այդ երկխոսությունը կստացվի, որովհետեւ իրոք օրհասական է, այսօր մտավորականը նաեւ ռազմաճակատի եւ թիկունքի կամուրջը պետք է լինի։ Եթե ամուր թիկունք չունենանք, ճակատում հաղթանակները կարժեզրկվեն։ Վաղը (այսօր) արդեն Արցախի պատերազմի քառասուն օրն է, իսկ Մուսա լեռան քառասուն օր ունեցող ժողովուրդը պետք է իմանա, որ այս անգամ չեն գալու մեզ նավերով փրկեն-տանեն, այս անգամ մեր փրկությունը մենք ենք մեր ձեռքով կերտելու։ Անգամ 40 օրը մեր նման երկրի համար մեծ շռայլություն է այս մարդակեր պատերազմի մեջ ներքաշվելու համար, եւ չգիտենք՝ 40 օրով կավարտվի՞, թե՞ նոր 40 օր կգա։ Այս պատերազմից հետո էլ մենք նոր պատերազմի պետք է պատրաստվենք, որովհետեւ այս տարածաշրջանում թեկուզ 30 տարի ընդմիջում էլ լինի, մենք հանգիստ եւ իմիջիայլոց ապրելու իրավունք չունենք։ Մենք մեր սերունդներին հաջորդ պատերազմներին պետք է պատրաստենք, որ այսպիսի մատաղացուներ չունենանք։ Իսկ մտավորականների առաքելությունը նաեւ սրա մեջ է»,- նշում է արձակագիրը»։