Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Յոզղատ նահանգի Սորգուն գավառին ենթակա Գարիփլեր (թուրք․ բառացի՝ «Տարօրինակներ») գյուղում գտնվող հունական պատմական եկեղեցին շուտով վերջնականապես կփլվի՝ տարիներ շարունակ չվերականգնվելու պատճառով։ Մինչև 1923 թ․ այստեղ հույներ էին ապրում, որոնք այդ տարեթվին արտագաղթեցին՝ Հունաստանի և Թուրքիայի միջև կնքված փոխանակման համաձայնագրի համաձայն, իսկ նրանց փոխարեն Սալոնիկից գաղթականներ եկան այստեղ։ Ինչպես նշում է թուրքական լրատվամիջոցը, այս գյուղը նույնքան տարօրինակ է, որքան՝ իր անունը։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է Յոզղատի «Իլերի» տեղական պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ գյուղում հույներից մնացած մի եկեղեցի կա, որի մի հատվածը մինչև 1970 թ․ օգտագործվել է որպես մզկիթ, իսկ մյուսը՝ դպրոց։ Երբ սույն շինությունը Թուրքիայի հիմնադրամների վարչության ենթակայությանն է անցել, և դպրոցն ու մզկիթը մեկ ուրիշ վայր տեղափոխվել, եկեղեցին գանձագողերի թիրախի է վերածվել, ովքեր ավիրել են կառույցի էական մասը։
Տեղի գյուղապետ Մուստաֆա Ալթունբաշը օրաթերթի թղթակցի հետ զրույցում ընդգծելով, որ այստեղ շատ հին քաղաքակրթություններ են եղել, նշել է, որ հունական պատմական եկեղեցին, անտարբերության մատնված լինելու հետևանքով, գանձ որոնողների թիրախն է դարձել․ «Մենք ձգտում ենք պահպանել այս պատմական կառույցը, սակայն գանձագողերի հետ գլուխ դնելն ուղղակի անհնարին է։ Այստեղի բնակիչների թիվն արդեն իսկ սակավ է։ Գանձ որոնողները ինչ-որ կերպ մուտք են գործում դատարկ շենք, անօրինական ձևով փոսեր փորում այնտեղ։ Սակայն մենք ոչ մի բան չենք կարողանում անել դրա դեմ»։
Մուստաֆա Ալթունբաշը նաև հայտնել է, որ 2016 թ․ Սորգունի գավառապետարանն աշխատանքներ է մեկնարկել եկեղեցու շենքը վերանորոգելու ուղղությամբ, սակայն դրանք անավարտ են մնացել։
Գյուղապետը հաղորդելով, որ գյուղն ընդամենը 15 բնակիչ ունի, նշել է, թե այն «ուրվական է հիշեցնում»։ Նա նաև հայտնել է, որ ամռան ամիսներին, այնուամենայնիվ, գյուղը շատ այցելուներ է ունենում, և տեղի բնակիչների թիվը 50-60 հոգի է դառնում։
Թարգմանեց Մելինե Անումյանը