Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսը քվեարկել է Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու օգտին`«էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ դաժան բռնաճնշումների պատճառով», և դա լարվածություն կառաջացնի երկու երկրների` առանց այդ էլ բարդ հարաբերություններում. տեղեկացնում է yerkir.am-ը` «Ամերիկայի ձայն»-ին հղումով:
Օրինագիծն ընդունվել է 413 կողմ, 1 դեմ ձայներով և նախատեսում է պատժամիջոցներ չինական իշխանությունների նկատմամբ, որոնք «մասնակից են ույղուրների և այլ էթնիկ փոքրամասնությունների զանգվածային հետապնդումներին ու ձերբակալություններին Չինաստանի արևմտյան Սինցզյան նահանգում»:
Նախաձեռնությունը հավանության է արժանացել Սենատում և ուղարկվել է նախագահ Թրամփի ստորագրմանը, որն այս շաբաթ հայտարարել էր, որ «շատ մանրակրկիտ» կուսումնասիրի այն` Չինաստանի` Հոնկոնգի հետ կապված գործողությունների և կորոնավիրուսի բռնկման ֆոնին:
Ե՛վ հանրապետականները, և՛ դեմոկրատները համակարծիք են եղել օրինագծի ընդունման հարցում:
«Ույղուր ժողովրդի դեմ իրականացվող` Պեկինի բարբարոսական գործողություններն ամբողջ աշխարհի հավաքական խղճին ուղղված վիրավորանք են»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին:
Հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլն էլ Սինցզյանում կատարվածը որակել է որպես ույղուր ժողովրդի «մշակութային ցեղասպանություն»:
2019-ի վերջին ԱՄՆ Կոնգրեսն արդեն դատապարտել էր «բռնաճնշումները Սինցզյանում»` պնդելով, որ Չինաստանի իշխանություններն ավելի քան մեկ միլիոն մարդու` առավելապես մուսուլմանական էթնիկ խմբերից, այդ թվում` ույղուրների, ղազախների և ղրղզների, հատուկ ճամբարներում են պահում ` հսկողության տակ:
Ի պատասխան` Չինաստանի խորհրդարանը դիմել էր ԱՄՆ Կոնգրեսին` առաջարկելով դադարեցնել երկկողմ հարաբերություններին վնաս հասցնելը, նաև նշելով, որ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում ստեղծված իրադրությունը խեղաթյուրված է ներկայացվում և սևացնում Չինաստանի գործողությունները արմատականության և ահաբեկչության դեմ, դա նաև միջամտություն է Չինաստանի ներքին գործերին: