կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-13 21:19
Արցախ

Ի՞նչ զենքեր են կիրառվել ղարաբաղյան նոր պատերազմում․ ռազմական փորձագետի մեկնաբանությունը

Ի՞նչ զենքեր են կիրառվել ղարաբաղյան նոր պատերազմում․ ռազմական փորձագետի մեկնաբանությունը

ԼՂՀ-ում Ադրբեջանը, ըստ էության, կիրառեց գրեթե ամեն ինչ, ինչ ուներ իր զինանոցում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նորություն անվանել ճիշտ չի լինի, քանի որ տեսականորեն այդ բոլոր զինատեսակները այսպես թե այնպես կիրառվել էին, բայց այս անգամ ավելի շատ ընդգծված էր մասշտաբայնությունը՝ նշեց նա։

Հատկապես մեծամասշտաբ կիրառեցին անօդաչուներ, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը անօդաչուների հսկայական գնումներ է արել։

«Պատերազմի գոնե առաջին 10 օրը օրական առնվազն մի քանի թռիչք էր լինում ռազմատրանսպորտային ինքնաթիռների՝ Թուրքիայից և Իսրայելից, որոնք, ամենայն հավանականությամբ, բերում էին անօդաչուներ, զինամթերք, հրթիռներ հարվածային անօդաչուների համար»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։

Իսրայելական արտադրության անօդաչուներից Ադրբեջանը կիրառեց Harop, Orbiter 3 և SkyStriker ինքնաոչնչացվող կամիկաձե դրոնները, որոնք գնվել էին վաղուց, բայց այս օրերին էլի համալրվեցին՝ ասաց ռազմական փորձագետը։

«Harop, Orbiter 3 և SkyStriker-ները գալիս խփում, պայթում են։ Ըստ էության, կառավարվող հիթիռներ են։ Բայց, ի տարբերություն հրթիռների, կարող են շատ երկար ժամանակ օդում մնալ, ընտրել թիրախ, կարող են վերադառնալ, հետո նորից թռչել և այլն։  Բայց ինքնաոչնչացվող են»,-նշեց Կարեն Վրթանեսյանը։

Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կողմից նորություն էր թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչուների կիրառումը։ Սրանք, ըստ էության, անօդաչու ինքնաթիռներ են, որոնք տեղանքը որոշում են ու հիթիռներով հարվածում։

«Շատ ժամանակակից սպառազինություն է, Bayraktar-ները ընդամենը 1-2 տարի է, որ ակտիվ կիրառվում է։ Նախկինում կիրառել են Լիբիայում, Սիրիայում, հիմա նաև Հայաստանում։ Harop-ները ԼՂՀ-ում կիրառվել էին դեռ 2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Orbiter 3-ը 2017 թ-ից կիրառում են։ SkyStriker-ները համեմատաբար նոր է Ադրբեջանում։ Կիրառվեցին նաև հետախուզական դրոններ»,-մանրամասնեց Կարեն Վրթանեսյանը։

Թուրքական Bayraktar դրոնները բավական նոր են Ադրբեջանի բանակում, փաստեց ռազմական փորձագետը, և նա չի կարծում, որ հասցրել են ադրբեջանցի օպերատորներ պատրաստել դրանց կիրառման համար։ Նա շատ բարձր է համարում հավանականությունը, որ այդ դրոնները աշխատացնում են հենց թուրք օպերատորները։ Եվ ոչ միայն թուրք օպերատորներ են մասնակցում, այլև, ամենայն հավանականությամբ, ամբողջ գործողությունն է ղեկավարում թուրք սպայակազմը։

«Օրինակ, կան բավականին հավաստի թվացող աղբյուրներ, որոնք փաստում են, որ թուրք գեներալը, որը մինչ այդ համակարգում էր թուրքական հարվածային անօդաչուների աշխատանքը Լիբիայում, այժմ Ադրբեջանում է։ Փաստ է, որ նա եղել է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ, հանդիպել է Ալիևին։ Այնպես որ, շատ մեծ է հավանակությոնը, որ ոչ միայն օպերատորներն են թուրք, այլև օպերացիայի ղեկավարներն են թուրքեր»,-ասաց Վրթանեսյանը։

Նա նաև շատ մեծ համարեց հավանականությունը, որ այդ գործողություններին մասնակցում են նաև թուրք հատուկջոկատայինները։

Թուրքական F-16 ինքնաթիռները, որոնք ևս, ամենայն հավանականությամբ կիրառվեցին թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ տարածքների վրա գրոհներ ձեռնարկելիս, նորություն էր Ադրբեջանի կողմից։

«F-16-ը նոր զինատեսակ չէ, բայց խնդիրն այն է, որ առաջին անգամ է Թուրքիայի օդուժը բացահայտ մասնակցում կոնֆլիկտին։ Չնայած, հիմա սկսեցին հերքել, բայց փաստ է, որ այդ ինքնաթիռները հենց հիմա Ադրբեջանում են տեղակայված։ Նրանց ներկայությունն այնտեղ ակնհայտ ռազմական սպառնալիք է»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։

F-16-ները հնարավորություն ունեն շատ մեծ հեռավորությունից հարվածել ավիացիային կամ այլ թիրախների։ Կոնկերտ այն F-16-ները, որոնք այս զորվարժություններին տեղափոխվեցին Ադրբեջան, դրանք ՀՕՊ համակարգերի դեմ պայքարի համար են՝ նշեց փորձագետը։ Այսինքն, այն կարող է, օրինակ, 100 կմ-ից հարվածել ինչ-որ համարկարգի։

Արցախի վրա հարձակման համար Ադրբեջանը կիրառեց նաև Su-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Սրանք սովետական արտադրության են, բայց արդիականացվել են և, դատելով ադրբեջանցիների զորավարժությունների կադրերից, ունեն գիշերն աշխատելու հնարավորություն։

Բնականաբար, աշխատել են նաև ուղղաթիռներ, բայց, առաջին օրերին հայկական զինուժի կողմից խոցումներից հետո պասիվացան։

Այս պատերազմում կիրառվում է նաև զրահատեխնիկա, հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Նորություններից, որոնք նախկինում երբեք չէին կիրառվել, բելառուսական համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն են՝ «Полонез РСЗО»-ները՝ 300 մմ տրամաչափով հրթիռներով։

«Ընդ որում, դատելով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքներից, նույնիսկ պատերազմի ժամանակ Բելառուսը մատակարարեց հրթիռներ Полонез-ի համար Ադրբեջանին։ Ըստ էության, ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցը ակնհայտ թշնամական քայլ արեց, եթե այդ տեղեկությունները հաստատվեն»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։

Մյուս համակարգը, որը կիրառվեց, իսրայելական LORA հրթիռն էր, որը 300 կմ հեռահարություն ունի և  ճշգրիտ հրթիռ է համարվում և որով հարվածներ հասցրեցին Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Արգելված զինատեսակների մասին խոսելով, որոնք կիրառվեցին ԼՂՀ-ում, ռազմական փորձագետն ասաց, որ խնդիրն այն չէ, որ դրանք արգելված են, այլ այն, որ դրանք արգելված ձևով են կիրառվում՝ օգտագործվում են ոչ թե հստակ ռազմական թիրախների դեմ, այլ խաղաղ բնակավայրերի դեմ։

«Օրինակ, կասետային մարտագլխիկներով հրթիռները հնարավորություն չեն տալիս ճշգրիտ խոցելու, հարվածում են բավականին մեծ տարածքով։ Եվ նույնիսկ եթե դրանով հարվածում են ռազմական օբյեկտի և 500 մ հեռավորության վրա եթե կան բնակելի օբյեկտներ, դրանք էլ կարող են վնասվել և բերել քաղաքացիական կորուստների»,-բացատրեց նա։

Смерч, Полонез РСЗО-ների՝ բնակավայրերում կիրառումն, օրինակ, արգելած է, այնինչ դրանք կիրառվեցին Արցախի բնակավայրերում։

Արգելված կասետային մարտագլխիկներով համակարգերից էր նաև իսրայելական LAR համակարգերը՝ 160 մմ-անոց, որի նաև 300 մմ-անոցը կա՝ էքստրա է կոչվում։

«Շուշիի եկեղեցուն հարվածելու դեպքը․ ճշգրիտ զենքով 2 անգամ հարվածեցին նույն տեղը՝ եկեղեցուն, որը բնականաբար ռազմական օբյեկտ չէ։ Սա բացահայտ ռազմական հանցագործություն է»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։

Смерч, LAR  համակարգերի հրթիռների մի մասը չի պայթում, մնում է թափված բնակավայրերում, ինչը հետո լրացուցիչ խնդիրներ է առաջացնում և բարդ ականազերծման անհրաժեշտություն առաջացնում։

Աննա Բալյան