Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետին հայտնվել է հնչեղ սկանդալի կիզակետում. նա մեղադրվում է տարիներ առաջ Ադրբեջանի պաշտոնատար անձանցից ծածուկ խոշոր գումար ստանալու մեջ, որը կարող է որակվել որպես կաշառք կամ փողերի լվացում: Շվեյցարական մամուլին հայտնի է դարձել, որ այդ երկրի քաղաքացիություն ունեցող նշված պաշտոնյան 2012 թվականին 6 միլիոն ֆրանկի նվիրատվություն է ստացել Ադրբեջանի մարզական կառավարական շրջանակներից:
Շվեյցարիայի իրավապահները նշում են, որ նա թաքցրել է այդ հանգամանքը, ինչը համարվում է օրենքի խախտում: Պատասխանատվությունից խուսափելու համար Մարտինետին պետք է համապատասխան հարկ վճարի այդ գումարից: 78-ամյա նախկին նախագահը հեղինակությունը փրկելու համար ստիպված կլինի վճարել 2,2 մլն դոլար:
Ալպյան երկրի պատկան մարմինները պարզել են, որ 8 տարի առաջ, Մարտինետիի եւ նրա կնոջ ներկայացրած հարկային հայտարարագրի համաձայն, զույգը ունեցել է 337 հազար 545 շվեյցարական ֆրանկի եկամուտ, իսկ նրանց կարողությունը կազմել է 9,5 մլն ֆրանկ: Նրանք նշել են, որ ստացել են, ընդհանուր առմամբ, 5 մլն եվրոյի նվիրատվություն: Շվեյցարիայի հարկային ծառայությունը պարզել է, որ Մարտինետիների ընտանիքը չի նշել ադրբեջանական կողմից ստացված խոշոր գումարի մասին, ինչը կարող է տեւական բանտարկության պատճառ դառնալ:
Միաժամանակ, կատարվածը լրջորեն ստվերում է ներկայումս «Ըմբշամարտի միացյալ աշխարհ» (ԸՄԱ) կոչվող միջազգային ֆեդերացիայի հեղինակությունը, ինչը կարող է առանձին դատաքննության պատճառ դառնալ: Համենայն դեպս, կազմակերպության մի շարք հովանավորներ պահանջում են պարզել կատարվածի բոլոր հանգամանքները՝ հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել համագործակցությունը միջազգային այդ կառույցի հետ: Դա էլ, իր հերթին, կարող է ֆինանսական ճգնաժամ առաջացնել «Ըմբշամարտի միացյալ աշխարհ»-ում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Կազմակերպությունը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու եւ իրավիճակը ուսումնասիրելու նպատակով արդեն իսկ դիմել է Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիային: Դժվար չէ ենթադրել, որ վերջինս կտրականապես կհերքի առնչությունն այդ սկանդալին:
Այդ առումով համաշխարհային մարզական հանրությունը պետք է ջանք չխնայի իրականությունը պարզելու եւ մեղավորներին խստիվ պատժելու համար, այլապես սպորտում կոռուպցիան արմատախիլ անելու մասին բոլոր հայտարարությունները եւ, անկեղծ ասած, առայժմ ոչ այնքան արդյունավետ քայլերը վերջնականապես կդադարեն վստահություն ներշնչել: Եթե պարզվի, որ տեղի ունեցածն անօրինական գործարք է, ապա Ադրբեջանի ֆեդերացիան պետք է առնվազն խոշոր տուգանքի ենթարկվի եւ որոշ ժամանակով որակազրկվի: Դա ամենեւին էլ չի բացառվում՝ հաշվի առնելով միջազգային ֆեդերացիայի տարածած պաշտոնական հայտարարությունն առ այն, որ ուսումնասիրության արդյունքներով անպայման ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցներ: «Մենք ամբողջությամբ կողմնակից ենք ազնիվ մրցակցության կանոնների պահպանմանը: Չենք հանդուրժի որեւէ անօրինական քայլ՝ ո՛չ մեր աշխատակիցների, ո՛չ էլ՝ազգային ֆեդերացիաների, մրցավարների, մարզիչների եւ մարզիկների կողմից»,- նշվում է ԸՄԱ հայտարարությունում:
Ի դեպ, հենց միջազգային ֆեդերացիայում տարածված կոռուպցիայի պատճառով 2013 թվականի փետրվարին Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել էր ըմբշամարտը հանել օլիմպիական խաղերի ծրագրից, սակայն, տեղի տալով մարզաձեւի ներկայացուցիչների ճնշմանը, բավարարվեց 9 տարի պաշտոնավարած Մարտինետիի հրաժարականով: