Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ըմբշամարտի հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2013-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը ամփոփեց 2013 թվականը, խոսեց Գերմանիայի Բունդեսլիգայի մասին, ինչպես նաև խոստացավ, որ իր սանը՝ Արսեն Ջուլֆալակյանը, անպայման կհաղթի Ռոման Վլասովին:
«Արսենն այժմ Գերմանիայի Ալեն քաղաքի համանուն ակումբում է հանդես գալիս: Գերմանիայի չեմպիոն է եղել: Ոչ մի պարտություն չունի: Ակումբը ծրագրեր է կապում նրա հետ: Մենք վերահսկում ենք, որ ակումբային կարիերան չխանգարի հավաքականում՝ իրենց ելույթներին: Ակումբում նրանք հիմանականում հանդես են գալիս ազատ ժամանակ: Մի կողմից էլ դա նրանց ֆինանսական մեծ օգուտ է բերում»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ծավալած գործունեությանը՝ Սամվել Գեւորգյանն ասաց, որ ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանն ամեն ինչ անում է, որ ոչ մի խնդիր չունենան: «Ֆեդերացիան ամեն տարի ստանում է 1 միլիոն դոլարի չափով ֆինանսավորում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում իրականացնել բոլոր ուսումնամարզական հավաքները, համատեղ մարզումներ անցկացնել այլ ազգի ըմբիշների հետ, մասնակցել միջազգային մրցաշարերի: Պատանի ըմբիշները տարվա ընթացքում մասնակցում են 6-7 միջազգային մրցաշարերի, ինչը գործնականում մեծ փորձ է նրանց համար»:
Yerkir.am-ի հարցին, թե ե՞րբ կգտնեն օլիմպիական չեմպիոն, 74 կգ քաշային կարգի ըմբիշ Ռոման Վլասովին հաղթելու բանալին, Գևորգյանը պատասխանեց. «Արսենը բավական լավ մարզավիճակում է, նա կարող է հաղթել շատ ավելի ուժեղ մրցակիցների, սակայն Արսենի մոտ Վլասովին հաղթելու ցանկությունն ու ձգտումն այնքան մեծ է, որ կարծես խանգարում է դա իրեն: Ես խոստանում եմ, որ հաջորդ անգամ, երբ Վլասովն ու Արսենը հանդիպեն, նա կհաղթի»:
Խոսելով Եվրոպայի ազգերի գավաթին հայ ըմբիշների վատ մասնակցության մասին (վերջին տեղ)` ասաց. «Եվրոպայի գավաթին մենք ներկայացել էինք երիտասարդ կազմով: Այնինչ մյուս երկրների հավաքականները եկել էին համարյա օլիմպիական կազմով: Եթե առանձին ելույթների նայենք, ապա լավ հանդես եկավ աշխարհի երիտասարդների այս տարվա չեմպիոն` 60 կգ քաշային կարգի Կարեն Ասլանյանը: 96 կգ քաշային Սարգիս Տոնոյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց, դուրս մնաց պայքարից, ինչը շատ խանգարեց մեր տղաներին»:
Ամփոփելով 2013-ը՝ ֆեդերացիայի փոխնախագահը նշեց, որ գոհ է արդյունքներից:
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Վանաձոր քաղաքում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: