Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Բռունցքված իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՈԻՐԴ.
Մի քանի օր առաջ ես առաջարկել էի մեր կարգախոսը խմբագրել ՀԱՂԹՈԻՄ ԵՆՔ տարբերակով։ Հաստատապես մնում եմ նույն կարծիքին։ Նենգ թշնամին այս անգամ ոչ միայն տանուլ է տվել մարտի դաշտում, այլ առաջին անգամ՝ նաև դիվանագիտական ճակատում։ Պետք է շարունակել ջանքերը աշխարհի մեծերին՝ Արցախը ճանաչելու քայլը որպես թուրք-ադրբեջանական ցեղասպան ծրագրերը վիժեցնելու միակ միջոց տեսնելու համոզմունքն ամրապնդելու ուղղությամբ, ինչն արդեն անում են մեր երկու հանրապետությունների համապատասխան կառույցներն ու Սփյուռքը։ Պատահական չէ, որ եվրոպական մի քանի քաղաքներ դա արդեն արել են, ռուս, ամերիկացի և եվրոպացի գործիչներն այդ միտքը հնչեցնում են իրենց խորհրդարանների ամբիոններից։ Սա նոր երևույթ է։ Չմոռանանք, որ տարիներ առաջ կոսովոցիներին էթնիկ զտումներից ,,փրկելու,, պատճառաբանությամբ աշխարհն սկսեց ճանաչել նրանց անկախությունը, այն էլ սերբական հողում։ Պարզից էլ պարզ է, որ իր հայրենի հողում շուրջ 30 տարի անկախ ապրող Արցախը, որին սպառնում է ցեղասպանական վտանգը թուրք֊ադրբեջանական և համաշխարհային ահաբեկչության կողմից, պետք է ճանաչվի։ Ընդգծենք նաև, որ խոսքը միջազգային ահաբեկչության դեմ հզոր պատվար դարձած երկրի մասին է։ Եթե քաղաքակիրթ աշխարհը դա չհասկանա, ապա կկործանվի վերջնականապես, մանավանդ որ ահաբեկիչներն արդեն քանի տասնամյակ է իրենց սև գործը շարունակում են Ամերիկայից մինչև Եվրոպա։
Ուրեմն՝ ի գործ. ռազմի դաշտում կրկին տոկունություն, դիվանագիտական ճակատում՝ անդուլ աշխատանք։
ՀԱՂԹՈԻՄ ԵՆՔ»։