կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 13:10
Հասարակություն

Ադրբեջանը, ցամաքում տանուլ տալով, որոշեց մարտի դաշտը տեղափոխել օդային տարածք

Ադրբեջանը, ցամաքում տանուլ տալով, որոշեց մարտի դաշտը տեղափոխել օդային տարածք

Մեր ուղղաթիռի պայթեցմամբ` Ադրբեջանը զինադադարի խախտումը բարձրացրեց ռազմաքաղաքական մի նոր աստիճանի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրականագետ Վարդան Դևրիկյանը:

 

Ըստ նրա` օգոստոսին Ադրբեջանը, ցամաքում տանուլ տալով, որոշեց մարտի դաշտը տեղափոխել օդային տարածք:

 

«Ադրբեջանը չի վախենում իրավիճակի հերթական սրացումից, հիմա նախապատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակ է: Ամենաբարդ հարցը շարունակում է մնալ այն, թե պատասխան քայլը ո՞րը պետք է լինի: Ասում են` մեկին տասը պատասխանենք, բայց դրա քաղաքական հետևանքներն ու ուժային բալանսը չգիտենք: Այս հարցում, կարծում եմ, պետք է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարներին լիովին վստահենք, նրանք գիտեն` չի կարելի անպատիժ թողնել հակառակորդին, բայց քայլ անելիս պետք է հետևանքները գիտակցել»,- ասաց Դևրիկյանը:

 

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ Ադրբեջանն իր ներքին դաշտում ամենևին էլ չի ընդունում, որ օգոստոսին պարտվել է: Ավելին`հաղորդագրություններ են տարածում, թե` տեսա՞ք, օդում նույնպես հաղթեցինք նրանց:

 

«Ստեղծված իրավիճակում պետք չէ հույսը դնել ուրիշների վրա, թեկուզև` ՌԴ-ի, մեր միակ ապավենը մենք ենք: Եթե անգամ քաղաքական էլիտայի կամքը միասնական չէ, բայց պայքարող մասի կամքը միասնական է: Հենց սրա վրա էլ պետք է հենվենք»,- ասաց Ալավերդյանը:

 

Ըստ նրա` մեր պատասխան քայլը պետք է լինի ներքին քաղաքական ամրապնդումը, ներքին արդարությունն ամրապնդելը, քանի որ եթե ներքին արդարություն չկա` դրսից արդարություն սպասել պետք չէ:

 

«Ադրբեջանը հստակ ուզում է ցույց տալ, որ ուղղաթիռի կործանումը Հայաստանի պրովոկացիայի հետևանքն էր: Հենց այս պատճառով էլ մենք պետք է ցույց տանք, ապացուցենք, որ դա Ադրբեջանն է արել: ԼՂ հակամարտությամբ զբաղվում են ամենաբարձր մակարդակով, երբևէ որևէ կոնֆլիկտ չի արժանացել նման մակարդակի անդրադարձի, երբ երեք խոշոր պետությունների նախագահների ներկայացուցիչներ ներկայացված լինեն: Իսկ սա արդեն հստակեցնում է, թե ինչ մեծ տեղ է տրվում այս տարածաշրջանի իրավիճակին»,- ասաց Ալավերդյանը: