Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 17-ին Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի հետ ձերբակալված Հրանտ Սիրադարյանը տուժած երիտասարդի՝ Նժդեհ Բերբերյանի մանկության ընկերն է: Այս մասին Yerkir.am-ին ասաց Նժդեհի եղբայրը՝ Հակոբ Բերբերյանը:
Հիշեցնենք, որ Օսկանյանի որդին և նրա ազգականը՝ Հրանտ Սիրադարյանը, ձերբակալվել են մարդուն ազատությունից ապօրինի զրկելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելու կասկածանքով:
Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով` փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Հ.Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, Լենինգրադյան փողոցից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենա, գնացել Աբովյան քաղաք և, նրա կամքին հակառակ և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով, ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:
Հակոբ Բերբերյանի խոսքով, սակայն, բուն խնդիրը ոչ թե Օսկանյանի որդուն է առնչվում, այլ նրա 17-ամյա ազգականին՝ Հրանտին: Վերջինս, ըստ Բերբերյանի, անչափահաս լինելու պատճառով իր եղբոր՝ Նժդեհի անունով է բուքմեյքերական կայքում գրանցվել՝ պայմանավորվելով միասին խաղադրույքներ կատարել:
«Մի խաղի շուրջ չեն կարողացել եղբորս հետ համաձայնության գալ, եղբայրս սխալ է կատարել, և տանուլ են տվել խաղադրույքը: Պարտված գումարը շուրջ 400.000 դրամ է եղել, մինչդեռ եղբորիցս ավելին են պահանջել»,- ասաց նա և հավելեց. «Մեր մտահոգությունն այն է, որ Արա Օսկանյանը, տեղյակ լինելով, որ երկու երեխա խաղադրույք են կատարում, փոխանակ կանխի, հակառակը՝ նրանց ուղղություն է ցույց տվել, թե ոնց անեն»:
Անդրադառնալով Արա Օսկանյանի պաշտպանի այն պնդմանը, որ քրեական հանցագործության, մասնավորապես` առևանգման մասին խոսք լինել չի կարող, Հակոբն ասաց. «Թող իրավապահները գնահատական տան, իրականությունը պարզեն: Հրանտն ու Նժդեհն ընկերներ են, ընկերներ էլ մնալու են»:
Հակոբի խոսքով՝ Նժդեհը Արա Օսկանյանին չի ճանաչել, սակայն այն, որ Արան հարվածել է եղբորը, փաստ է: «Արան հարվածել է եղբորս, վիրավորանքներ հասցրել, եղբայրս ցանկացել է գնալ, չի թողել, ձեռքից հեռախոսը վերացրել է և պահանջել գումարը»,-ասաց նա:
Նշենք, որ Օսկանյանի որդին և նրա ազգականը՝ Հրանտ Սիրադարյանը, այժմ գտնվում են Աբովյան քաղաքի ձերբակալվածների պահման վայրում: Այսօր` ժամը 18:00-ին, լրանում է Արա Օսկանյանի ձերբակալման 72 ժամը, և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պետք է որոշի երիտասարդի խափանման միջոցի ընտրության հարցը: