Փոխարժեքներ
30 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 418.14 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.52 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
Դեպի Հայաստան` հողի կանչով
Ծնունդով Լիբանանից եմ` Այնճարից, իսկ ծնողներս մուսալեռցի են: 2005-ին վերջնականապես ընտանիքով որոշեցինք գալ ու ապրել Հայաստանում: Ծնված լինելով արտասահմանում` ինչո՞ւ հենց Հայաստան եկա. մանկության դաստիարակությունն ինձ այն համոզումին բերեց, որ հայը հավերժ է հողի միջոցով, հող, որտեղից մեզ ոչ ոք չի կարող հանել, հող, որը զոհողությամբ ենք պահել, և հենց այդ հողի վրա է մեր հարատևությունը: Կարոտ հասկացությունը մինչև վերջ դեռ չեմ ընկալում, գուցե պետք է ավելի շատ Մուսալեռի հանդեպ կարոտ զգայի, բայց պապուկս պատմում էր Հայաստանի այն թաղամասի ու հողի, նիստուկացի մասին, որտեղ ապրել էր, ու դա նաև մեզ էր փոխանցվել: Տեղահանումն իմ նախնիների համար ցավ էր, վիշտ, կենդանի ցեղասպանություն, քանի որ տնահան եղան, բայց հողից պոկվածությունն իրենց մեջ ընդվզում էր առաջացրել, որը մեզ էր փոխանցվել: Այդ ամենը սեր ու կարոտ ծնեց մեր մեջ, որը հիմա ամոքվում է. Պռոշյանում մենք մեր տունն ունենք, մեր հողատարածքը, հարևանները: Եթե ես այդ դաստիարակությամբ չլինեի, միգուցե աշխարհի ուրիշ ծայրում լինեի:
Հայաստան գալը` մտապես վերստին զինվելու հաջողված փորձ
Մինչ Հայաստան գալը` 1995-ին, հրավիրվեցինք Քուվեյթ` դասավանդելու. կինս` հայագիտական նյութեր, իսկ ես երգ, երաժշտություն ու կրոն էի դավավանդում, երկու երգչախումբ ունեի: Իսկ երբ վերադարձա Հայաստան, ուսումս շարունակեցի, եկա ու սկսեցի կոնսերվատորիայում սովորել` երգչախմբային երգեցողության դիրիժորություն էի սովորում Իվան Վարդանյանի դասարանում և Բարսեղ Թումանյանի մոտ մեներգեցողության վարպետության դասեր էի անցնում: Հայաստան գալը մեզ մտապես վերստին զինելու փորձ էր, որը հաջողվեց: 2008-ին թողարկեցի իմ առաջին ձայնասկավակը` «Կոմիտասյան երախայրիք»-ը, հետո արդեն առաջին մենահամերգս տեղի ունեցավ, որին հաջորդեցին էլի համերգներ ու էլի ձայնասկավառակներ: Հիմա աշխատում եմ 5-րդ ձայնասկավառակի վրա, որը Ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված, և երկու երգերը Սիամանթոյի բառերով ու Դանիել Երաժշտի երաժշտությամբ են լինելու: Ցեղասպանված հայ գրողների գործերն եմ ընդգրկել, որովհետև ուզում էի ցույց տալ, որ, ճիշտ է, թուրքն իր յաթաղանով փորձեց լռեցնել նրանց, սակայն ես եկել եմ` ասելու, որ բողոքարկու բանաստեղծները երբեք չեն մեռնում, նրանց ստեղծագործությունները հավերժ են:
Քաղաքացիություն ստացանք
Տարիներ առաջ, երբ երկքաղաքացիություն ունենալու հնարավորություն եղավ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ինձ կանչեց իր մոտ և ասաց, որ ես էլ կարող եմ դիմել: Եվ քանի որ առաջիններից մեկն էի, ով պետք է երկքաղաքացիություն ստանար, նաև ֆիլմ նկարահանվեց: Ես ուզում էի, որ այդ կերպ քաջալերվեր դեպի Հայաստան վերադարձը, թեև դրսում գտնվող և ոչ մեկին չեմ մեղադրում: Հայաստանում ապրելով` հայկականությունը կրկնակի կարող է դրևորվել. նախանձելի է այն հայը, ով իր հողի վրա է ապրում: Հողը չես կարող պահել, եթե այն չբնակեցնես, հողի վրա պետք է շունչ լինի, ակոսող լինի: Այսօր ուր էլ գնում եմ, հայկական անձնագրով եմ գնում:
Այնճարը` տարածքում միակ քրիստոնյա, բայց ոչ` ճարահատ գյուղ
Այնճարը միակ քրիստոնյա գյուղն էր տարածքում և ոչ միայն միակ քրիստոնյա տարածքն է, այլև աշխարհում միակ հայկական տարածքն է Հայաստանից դուրս: Այնճարում երկու գետ կա, որոնցից մեկը շուրջ 90 գյուղ է ոռոգում` գրեթե բոլորն էլ մուսուլմանական գյուղեր: Այնճարը մենք աչքի լույսի պես էինք պահում, տեղից երբեք դեպի դուրս /արտասահման/ չենք գնացել: Ավելին` մեզ շրջապատող մուսուլմանների հետ նորմալ հարաբերությունների մեջ ենք եղել, չնայած երբեմն վեճեր լինում էին, և մենք միշտ պաշտպանում էինք մեր արժանապատվությունը: Մենք շինարար ու ստեղծարար ժողովուրդ ենք. Մուսա լեռից գաղթականները եկան և վերաշինեցին քաղաքը: Այնճարում երբեք չես կարող քեզ միայնակ զգալ, որովհետև ունես քո դրվածքը` եկեղեցիները, դպրոցները, մշակութային և կուսակցական կյանքը: Այս բոլորը ստեղծվել էր, որպեսզի մենք ուժեղանանք ու հզորանանք մեր հողի վրա, դրա համար էլ մենք այսօր մի քիչ հպարտությամբ և հոխորտությամբ ասում ենք, որ Այնճարը լիբանանյան տարածք չէ, այն մենք, կարծես, ազգային ենք դարձրել: Այնճարում մենք մի կես մետր հող չէինք վաճառում ոչ հայի, իսկ եթե նման բան էր լինում` ազգային դավաճանություն էր համարվում:
Հոգևոր երգերը` հայկական երգեցողության արմատներին վերադառնալու փորձ
Ես ոչ միայն ուսումնասիրել եմ մեր հոգևոր երգերը, այլև այն դաստիարակությանս մի մասն է եղել. 6 տարեկանից հաճախել եմ Այնճարի Սուրբ Պողոս առաքելական եկեղեցին, փոքրիկ դպիր էի` մասնակցում էի եկեղեցական ծիսակատարություններին, իսկ 11 տարեկանում գնացի Կիլիկիայի կաթողիկոսության դպրեվանք և 8 տարի սովորելու ընթացքում ուսումնասիրում էի հոգևոր երգեր, որոնք դարձել էին արյանս բաղադրիչը: Ես հասկացա` ժողովրդական և հոգևոր երգը նույն ակունքից են բխում: Մեր ազգային դիմագիծը պահում և հետագա սերունդներին է փոխանցվում հենց ժողովրդական ու հոգևոր երգերի պահպանման միջոցով: Եթե դու` որպես ազգ, հզոր ես քո մշակույթով, երգով, կարծես պաշտպանված լինես տաք հագուստով, նույնն էլ հոգևոր երաժշտությունն է: Յուրաքանչյուր մարդ, ով ուզում է իրեն պաշտպանված զգալ, պետք է իր մշակութային ակունքները ճիշտ ձևով պահպանի և զարգացնի: Հոգևոր երաժշտությունը մարդուն ներքին խաղաղություն է տալիս, հույզ ու սեր:
Շոուն մեր ամենօրյա կյանքի մի մասն է դարձել
Ազգային մեր դիմագիծը պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մատուցել մատաղ սերնդին: Այստեղ շատ կարևոր դեր ունեք դուք` լրագրողներդ, դուք պետք է ուժ, սեր ու հավատ սերմանեք մարդու մեջ իր ազգային արմատների նկատմամբ: Եթե չտանք` չենք կարող պահանջել: Յուրաքանչյուրս իր պատասխանատվության չափն ունի այս ամենում, մանավանդ, որ վերջին շրջանում կյանքը համացանցային տիրույթ է մտել, որն էլ համաշխարհայնացման է տանում, իսկ այդ ճանապարհին մի շարք ազգային արժեքներ են կուլ գնում: Այսօրվա երիտասարդի ճանաչողությունը շատ արագ է փոխվում, շոուն մեր ամենօրյա կյանքի մի մասն է դարձել, և եթե նախկինում դու դեռ կարող էիր գրքով, արվեստով, բեմի միջոցով փոխանցել ազգային դաստիարակությունը, հիմա համացանցում են փնտրում ամեն ինչ: Հիմա որքան էլ ասես, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարդա Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն կամ Խորենացու «Հայոց պատմությունը», միևնույն է, նրանց այլ բաներ են ձգում, այս ամենը միայն լոզունգներ են դարձել: Մենք պետք է երեխայի հետ, մանկապարտեզից սկսած, զբաղվենք, որ երբ մեծանա և ընտրության հնարավորություն ունենա, ազգայինն ընտրի, ընտրի այն, որն իր ժողովրդի հավերժությանը պետք է տանի: Աշխարհի երեսին ամենից շատ նահատակ ունեցող ազգը երևի մենք ենք, իսկ նահատակությունն ինքնանպատակ չէ, այն միայն ու միայն հավերժության համար է, վկան` մեր 1,5 մլն սրբերը և Արցախյան գոյապայքարի հազարավոր նահատակները:
Ինքնաճանաչողությունն Աստծո ներկայությունը քո մեջ զգալու կարողությունն է
Կյանքի մեծագույն հաջողությունը կարող է մարդուն տրվել ինքնաճանաչողության միջոցով, իսկ ինքնաճանաչողությունն այլ բան չէ, քան քո միջի Աստծուն գտնելը, դեպի քո միջի Աստված քայլելը: Աստվածաշնչում գրված է, չէ՞, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերի նմանությամբ և աստվածային լույս` կյանք փչեց նրա մեջ: Կարծում եմ` աստվածային լույսից առավել գերհզոր լույս գոյություն չունի, որ մարդուն առաջնորդի իր ճանապարհով: Հետևաբար, ինքնաճանաչողությունն Աստծո ներկայությունը քո մեջ զգալու կարողությունն է: Մենք երբեք Աստծուն առարկայականորեն չենք տեսել, բայց հավատում ենք, որ նա մեր մեջ է, և չկա մի հայելի, որը կկարողանար արտացոլել մեր մեջ եղածը: Ինքնաճանաչման համար անընդմեջ պայքարում ենք, իսկ հաղթանակը հեշտ չի տրվում:
Կարինե Հարությունյան
10 Հունիսի 2015 թ.