կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 17:26
Քաղաքական

Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է. Հովիկ Աբրահամյան

Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է. Հովիկ Աբրահամյան

Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որը մենք 2011 թվականից օրենքի ուժով ամրագրել ենք Հայաստանում եւ նշում ենք որպես Ընտանիքի օր: Ընտանիքը բարձրագույն արժեք է, առողջ հասարակության ու ամուր պետության հենքն ու երաշխավորը: Երջանիկ է այն ընտանիքը, որում ազգային ավանդությունների ու ինքնության պահպանմանը զուգահեռ տիրում է իրավահավասարություն, փոխադարձ հարգանք ու փոխըմբռնում:

Անկախ հասարակական հարաբերությունների զարգացման աստիճանից՝ ընտանիքի ամրության գլխավոր նախապայմանը հարգանքն ու փոխզիջումն է. վեճի ամենասուր պահին լռելու ու լսելու կարողությունը, դժվարությունները միակամ հաղթահարելու խիզախությունը, երջանիկ պահերը միասին վայելելու բերկրանքը:

Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Նույնիսկ առերեւույթ անլուծելի թվացող իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն իր թիկունքում ունի ընտանիքի սերն ու մտերիմների աջակցությունը: Դա ուժ է, որի դեմ անկարող է ցանկացած հողմ:

Ցավոք, այսօր տեսնում ենք նաեւ այնպիսի երեւույթների անթաքույց քարոզ, որոնք հակասության մեջ են մեր հավաքական պատկերացումների հետ եւ բացասական ազդեցություն են ունենում հասարակության կարեւորագույն բջիջի՝ ընտանիքի կայացման գործում: Փոքր ազգերի համար սա ծանր հետեւանքեր ենթադրող խնդիր է:

Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջեւ, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր եւ լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է:

Սեր եւ ներդաշնակություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, խաղաղություն Հայաստանին եւ Արցախին:

Աստված բոլորիս պահապան»: