կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-05 13:57
Հասարակություն

Կոչ ենք անում Թրամփին` պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Կոչ ենք անում Թրամփին` պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և Կոնգրեսին՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ պատերազմական հանցագործության համար: Այդ մասին Yerkir.am-ին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Հանձնախումբը Թրամփի վարչակազմին կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի միջոցով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, նաև նրանց ռազմական առաջնորդների նկատմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական անձանց դեմ պատերազմական հանցագործություն իրականացնելու համար:

Այս առնչությամբ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն ասել է. «Նախագահ Թրամփը, Կոնգրեսի երկկուսակցական աջակցությամբ, պետք է անհապաղ ուղղորդի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ պատժամիջոցներ կիրառելու Ալիևի և Էրդողանի դեմ, երկուսն էլ ակնհայտորեն մեղավոր են կանխամտածված անակնկալ հարձակումը ղեկավարելու և Հայաստանում ու Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակման մեջ»։

Նշենք, որ եթե ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պահանջած պատժամիջոցները կիրառի, ապա Էրդողանի և Ալիևի ամբողջ ունեցվածքը Միացյալ Նահանգներում կարգելափակվի կամ կսառեցվի: Բացի այդ՝ գործնականում ԱՄՆ կանոնակարգերն արգելում են ԱՄՆ քաղաքացիներին` արգելափակման տակ հայտնված անձանց հետ ցանկացած գործարք կատարել: