կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-20 11:19
Աշխարհ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնեն ու Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում դարձյալ մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության վերաբերյալ. Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

Շնորհակալություն հայտնելով պետքարտուղարին իրենց առաջին նամակին պատասխանելու ու այս հարցի շուրջ անձնակազմի անդամների մակարդակով աշխատանքային հանդիպման համար՝ կոնգրեսականները շեշտում են, որ շարունակում են մտահոգված մնալ այս երկու երկրներին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության հարցում:

Նամակում կոնգրեսական Շիֆը, Սփիերն ու Փալոնեն անհամաձայնություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարի այն պնդմանը, թե Ադրբեջանին տրվող 102 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնությունը չի խաթարում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և որևէ կերպ չի օգտագործվի Հայաստանի դեմ ռազմական հարձակման ընթացքում: Միևնույն ժամանակ կոնգրեսականները նամակում փաստարկներ են բերել՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանի ռազմական ներուժը վերջին տարիներին շարունակաբար աճում է: Նրանք մանրամասնել են, որ ամերիկյան ռազմական օգնությունը հնարավորություն կտա Ադրբեջանին է՛լ ավելի մեծացնելու ռազմական ներուժը, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում իրականացնելու հնարավորությունը:

«Որևէ կասկած չկա, որ Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում ու անտեսում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- պարզաբանում են կոնգրեսականները՝ հավելելով, որ ռազմական օգնության համաչափ տրամադրումը միակ ճանապարհն է, որով ԱՄՆ-ը կարող է պահպանել տարածաշրջանում գերտերության հեղինակությունը և հաշտեցնել Ադրբեջանին ու Հայաստանին:

Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի համար կազմակերպել համապատասխան դասընթացներ և տրամադրել սարքավորումներ՝ գործընկերային ներուժը մեծացնելու նպատակով: Նամակի հեղինակների համոզմամբ՝ դա կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել: Կոնգրեսականները խնդրում են նաև վերոհիշյալ հարցի շուրջ հանդիպում կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի անդամների և համապատասխան նախարարությունների պատասխանատու պաշտոնյաների միջև:

Սա արդեն երկրորդ նամակն է՝ ուղղված ամերիկյան վարչակազմին՝ Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության մտահոգության կոչով: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը միացել է կոնգրեսականներին ՝ ԱՄՆ-ին կոչ անելով «զրոյացնել» Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, վկայակոչելով նրանց՝ Հայաստանի և Արցախի դեմ շարունակակական հարձակումները, ինչպես նաև նրանց հրաժարվելը վստահություն կառուցելու միջոցառումներից, այդ թվում՝ Ռոյս-Էնգելի՝ խաղաղության հաստատման վերաբերյալ առաջարկներից:

#STOPAliyev

Ամբողջական նամակին կարող եք ծանոթանալ այստեղ: