Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների ներգրավվածության եւ դրա վտանգավոր հետեւանքների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ռազմական փորձագետ, պատմաբան Արթուր Եղիազարյանի հետ։
Ազգային պետության գաղափարախոս, վերածննդի մտածող Նիկոլո Մաքիավելին փաստել է, որ վարձկան ու օժանդակ բանակներն անօգուտ են եւ վտանգավոր: «Եվ նա, ում պետությունը հիմնվում է վարձկան բանակի վրա, երբեք ապահով չի լինի, քանզի վարձկանները միասնական չեն, հավակնոտ են, անկարգ եւ անվստահելի` թե՛ խիզախ դաշնակցի, թե՛ վախկոտ թշնամու պարագայում....Վախ չունեն Աստծուց եւ հավատարիմ չեն մարդկանց... Եվ այնքանով կձգձգվի անկումդ, որքանով կձգձգվի հարձակումը քեզ վրա: Խաղաղ ժամանակ քեզ թալանում են վարձկանները, պատերազմի ժամանակ՝ թշնամին: Միակ պատճառն ու ցանկությունը, որ նրանց պահում է ռազմի դաշտում, աղքատիկ վարձավճարն է, իսկ դա բավական չէ, որ նրանք զոհվեն քեզ համար»,- գրել է Մաքիավելին «Տիրակալը» (էջ 72) աշխատության մեջ։
Քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադառնալով Մաքիավելու գնահատականին, նշել է, որ այդ մոտեցումը արդիական է բոլոր ժամանակների պատերազմների համար։ «Հայե՛ր, աշխարհի որ մասում էլ որ ապրում ենք, համախմբվում ենք ու տեր կանգնում մեր պետությանն ու հայկական քաղաքակրթությանը... Սա քաղաքակրթությունների պատերազմ է, մե՛ր Սարդարապատը... Հաղթելու ենք, քանի որ ազգ-բանակ ենք, իսկ նրանք՝ քոչվորներ, որոնք իրենց քոչվոր ինքնությունը պարտադրում են վարձու բանակի միջոցով»,- գրել է նա։
Միջազգային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ ԱՀ-ի եւ ՀՀ-ի դեմ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով: Վարձկանների խնդրին անդրադարձել են մի շարք պետություններ, մասնավորապես` Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները վերածեն իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից եւ հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին եւ ահաբեկիչներին:
Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների ներգրավվածության եւ դրա վտանգավոր հետեւանքների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ռազմական փորձագետ, պատմաբան Արթուր Եզիազարյանի հետ։ «Դրանք հիմնականում նախկին «Իսլամական պետության» համար կռվող տարբեր խմբավորումներից են, միայն այն տարբերությամբ, որ Սիրիայի տարածքում գործող այս ջոկատները ստեղծվել էին հիմնականում Թուրքիայի աջակցությամբ»,- ասաց զրուցակիցս։ Պատմական անդրադարձ կատարելով` Եղիազարյանը նշեց, որ վերջիններս կազմված են սիրիացի թուրքմեններից՝ թուրքոմաններից, որոնք թուրքմենական օղուզական ցեղերի հետնորդներն են։ Դրանք, ժամանակին ներխուժելով Հայկական լեռնաշխարհ եւ Փոքր Ասիա, հաստատվել էին Մալաթիայի եւ Սեբաստիայի տարածքում, իսկ հետագայում, երբ օսմանները նրանց դուրս են մղում այդ տարածքներից, հաստատվում են արդեն Սիրիայում։ «Այդ վարձկանները վերջին տասնամյակում շատ են օգտագործվել թուրքական իշխանությունների կողմից՝ կազմաքանդելու Սիրիան եւ Իրաքի հյուսիսը։ Նրանց օգտագործում են հիմնականում կրոնական հողի վրա, սակայն այս պարագայում կրոնական գործոնն այնքան էական չէ, որքան նյութական շահագրգռվածությունը։ Միեւնույն ժամանակ այսօր արդեն տարբեր տեղեկություններ են հայտնվում միջազգային մամուլում, որ վարձկանները հիմնականում գումարի համար են եկել եւ շատ դեպքերում ոչ թե կռվելու, այլ բերվել են խաբեությամբ` իբր պահակային տարբեր ծառայություններ իրականացնելու համար։ Այսինքն՝ նրանցից շատերը տեղյակ չէին, որ պետք է գան եւ ռազմագծում առնչվեն հայկական բանակի հետ»,-մանրամասնեց նա։
Պատմական փորձը ցույց է տալիս, որ վարձկանները խնդիր են դառնում տվյալ երկրի համար։ Բյուզանդական կայսրության տարիներին, մասնավորապես Մանազկերտի ճակատամարտի (1071 թ.) ժամանակ, երբ սելջուկյան զորքերը ներխուժեցին Հայկական լեռնաշխարհ, բյուզանդական բանակի գրեթե կեսը կազմված էր թուրքական ցեղերից, որոնք դրանից դեռ մի քանի դար առաջ, տեղաշարժվելով դեպի Մերձավոր Արեւելք, սկզբում Արաբական խալիֆայությունում էին ծառայություն իրականացնում, հետո որոշներն անցան Բյուզանդիայի տարածք եւ որպես վարձկաններ ծառայում էին բյուզանդական կայսրերին։ «Բյուզանդական կայսրության պարտության գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ երբ եկավ օղուզական նոր շերտը` բանակի կեսն անցավ թշնամու կողմը»,- նկատեց պատմաբանը` ընդգծելով, որ այս ամենը հոգեբանական հարթության մեջ է, քանի որ վարձկանը փողի համար կռվող մարդ է, եւ երբ իր կյանքին վտանգ է սպառնում, բնականաբար, չի պատրաստվում զոհել իրեն մեկ ուրիշի շահը պաշտպանելու համար։
Նույնը տեղի ունեցավ նաեւ 1990-ական թվականների սկզբին՝ արցախյան ազատամարտի տարիներին, երբ Աֆղանստանում կռվի հարաբերական դադարի ժամանակ մոջահեդների բազմաթիվ ջոկատներ էին բերվում Ադրբեջան որպես վարձկաններ։ «Եվ այս դեպքում էլ, երբ առնչվեցին հայկական բանակի հուժկու հարվածին, պարզապես թողեցին եւ հեռացան»,- նշեց Եղիազարյանը։
Խոսելով այսօր տեղի ունեցող լայնածավալ ռազմական գործողությունների եւ դրանց հետագա ընթացքի մասին` ռազմական փորձագետը նկատեց, որ պատերազմը, ռազմական գործը շատ անկանխատեսելի տարրեր են պարունակում։ Նախ պետք է դիտարկել, թե ի՞նչ ուժեր են առնչվել իրար հետ, ի՞նչ միջոցներ են օգտագործվել, եւ դեռ ի՞նչ ռեսուրսներ ունեն։
Այս օրերին բավականին անհանգիստ իրավիճակ է Ադրբեջանի հանրության շրջանում, ինչը պայմանավորված է նրանով, որ հիմնականում առաջնագիծ են ուղարկում Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, իսկ վարձկանների ներկայությունն էլ մյուս կողմից է լարվածություն ստեղծում։ Արցախա-ադրբեջանական շփման գծում` հետախուզության հայտնած տվյալներով, սեպտեմեբերի 27-ից մինչ օրս առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներից: «Սրանք հստակ հետախուզական տվյալներ են: Կարող ենք հայտարարել, որ միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել, ինչպես նաեւ մի քանի հարյուր ազգությամբ թալիշ զինվոր»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: Նրա խոսքով՝ հետախուզության տվյալների համաձայն, այդ փաստը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների շրջանում, եւ առաջիկայում, հավանաբար, այդ ազգերի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կանեն:
Կարո՞ղ են արդյոք այդ զարգացումներն այնպիսի գործընթացների մեկնարկ դառնալ, որի արդյունքում կտրոհվի Ադրբեջան արհեստածին պետությունը, թե՞ անհրաժեշտ է նաեւ արտաքին ուժերի օժանդակությունը։ Զրուցակցիս կարծիքով` այստեղ շատ կարեւոր են հայկական կողմի, հատկապես հայոց բանակի հետագա գործողությունները, այսինքն՝ մենք պետք է միանշանակորեն այս պատերազմը հաղթական ավարտի բերենք։ «Մենք չենք կարող տասնամյակներ շարունակ վտանգել մեր սերունդների կյանքն ու ապագան։ Դրա համար պետք չէ կանգ առնել։ Թշնամու խնդիրները մեծանում են եւ արդեն նկատելի է բնիկ ժողովուրդների վրդովմունքը, երբ հասկանում են, որ իրենց զոհաբերում են։ Ադրբեջանն իրականում դրանով երկու հարց է լուծում՝ պատերազմում է մեր դեմ եւ բնիկ ժողովուրդներին առաջնագիծ ուղարկելով` ձգտում է փոխել երկրի ժողովրդագրական պատկերը։ Այդ իմաստով պատերազմը լավ պատրվակ է Ալիեւի համար։ Մենք պարբերաբար ասում ենք, որ մեր կռիվը Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդների հետ չէ, ընդհակառակը՝ մենք նրանց պոտենցիալ դաշնակիցն ենք։ Հայկական կողմը՝ հանձինս արցախահայության, իրենց պես ժողովուրդ էր, որը չհանդուժեց թուրքական տիրապետումը»,- ասաց պատմաբանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ