Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Ազգային հանձնաժողովների կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Պեկինից:
Համաժողովին մասնակցում են 40-ից ավելի երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառմանը ներկա են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ մեծ պատիվ է գտնվել հնագույն քաղաքակրթության օրրան Չինաստանում. «Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար: Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմմանուել Կանտը, մեջբերում եմ. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առևտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ` առևտուր անելու համար... և գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են»։ Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում և Ստամբուլում, Թբիլիսիում և Բաքվում, Հոնկոնգում և Կալկաթայում, Սինգապուրում և Դաքայում` այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում»,- ասաց վարչապետը:
Նա ավելացրեց, որ այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է հայերի դավանած արժեքներին:
Վարչապետը նաև նկատեց, որ այս տարի նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակը։ «Ես կցանկանայի մեր ջերմ շնորհավորանքները հղել նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի ժողովրդին այս պատմական տարեդարձի առթիվ»:
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Նրա խոսքով, մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: «Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ: Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ,- նշեց նա:
Վարչապետը հավելեց, որ Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հիմնադիր անդամներից մեկն է, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին: