Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել է Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ առցանց նստաշրջանը, որը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների երկրների այս տարվա առաջին խորհրդակցությունն է: Արտահերթ առցանց նստաշրջանին մասնակցել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների շուրջ 40 երկրի ավելի քան 80 պատվիրակ: Քննարկվել է 2020 թ. Գլոբալ կրթության հանդիպման հռչակագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-ին բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մասնագիտական քննարկումներին զուգընթաց, միջազգային հարթակն օգտագործել են` միջազգային գործընկերներին իրազեկելու COVID-19 համավարակի պայմաններում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած և առ այսօր շարունակվող պատերազմի և քաղաքացիական, այդ թվում ուսումնական հաստատությունները թիրախավորելու մասին: Մասնավորապես, ներկայացվել է Ադրբեջանի` միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները ոտնահարող գործողությունները, որոնք ծավալվում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ավիահրթիռային ու ցամաքային հարձակման միջոցներով:
Առանձնակի շեշտադրվել են խաղաղ բնակչության դեմ վայրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների և ուսումնական հաստատությունների դեմ կատարվող հարձակումներ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծվել է նաև, որ Հայաստանը՝ հանդիսանալով «Ապահով դպրոցների հռչակագրի» անդամ-պետություն, խստորեն պաշտպանում է յուրաքանչյուրի կրթության իրավունքի իրացումը՝ առանց որևէ բռնության կամ հարձակման սպառնալիքի:
Կոչ է արվել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ և ուսումնական ու այլ քաղաքացիական հաստատությունների թիրախավորումը։
Գլոբալ կրթության հանդիպման հռչակագրի ընդունմանը զուգահեռ հոկտեմբերին կայանալիք հանդիպումն ակնկալվում է, որ բացառիկ հարթակ կդառնա պետությունների և կառավարությունների ղեկավարների, նախարարների մակարդակով քննարկումների և փորձի փոխանակման համար՝ ուղղված հետհամաճարակային պայմաններում կրթության պաշտպանությանը, ինչպես նաև կրթության վերականգնման և առաջընթացի նպատակով համընդհանուր առաջնահերթ քայլերի վերանայմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։