կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-22 13:20
Աշխարհ

Կատարյալ ծաղրանք. Հայ Դատը դատապարտել է Էրդողանի հրահրած հարձակումն իրականացնողների պատիժը մեղմելու առաջարկը

Կատարյալ ծաղրանք. Հայ Դատը դատապարտել է Էրդողանի հրահրած հարձակումն իրականացնողների պատիժը մեղմելու առաջարկը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով ականատես է եղել մայիս 16-ին մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով ցուցարարների վրա իրականացված հարձակմանը, խստորեն դատապարտել է հարձակման երկու մասնակցի վերաբերյալ դատախազության նախնական համաձայնությունը, ըստ որի՝ հնարավոր է մեղմվի նրանց հասանելի պատիժը:

Ըստ Asbarez-ի՝ հարձակումն ատելության հիմքով իրականացված լինելը վերացնելով՝ դատախազությունը հնարավոր է կայացնի դատապարտյալներին ընդամենը մեկ տարով բանտարկելու որոշում:

«Նման վայրագ և ամբարտավանորեն իր հանցանքը չընդունող օտար կառավարության առաջնորդությամբ՝ ամերիկյան հողի վրա և ամերիկացիների դեմ իրականացված հարձակման համար մեկ տարվա ազատազրկման պատիժը կատարյալ ծաղրանք է մեր արդարադատության համակարգին»,- հայտարարել է Համբարյանը՝ ավելացնելով, որ տեղի ունեցածը ամերիկացիների դեմ ատելության հստակ դրսևորում է եղել, իսկ հարձակումը՝ ամերիկյան արժեքներին հասցեագրված:

«Եթե նման վճիռ լինի, ապա արտոնություն տված կլինենք Էրդողանին և օտար միապետերին, որ իրենց բռնարարքները արտածեն դեպի ամերիկյան հողերը»,- ասել է Համբարյանը՝ նշելով, որ ամբաստանյալները կարող էին մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտվել իրենց բարբարոսական հարձակումների համար:

Դատավճիռը կկայացվի մարտի 15-ին: