Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը նախապես պլանավորված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Բրիտանական «The Spectator» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանել այնտեղի մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակն այժմ սրվում է, քանի որ Ադրբեջանը շարունակում է կրակ արձակել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ՝ փորձելով ռազմական ուժի միջոցով լուծում պարտադրել, ինչը, ի դեպ, արվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ»,- նշել է վարչապետը:
Վարչապետը շեշտել է, որ շատ կարևոր է հասկանալ, թե որն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը:
«Երբ կարդում եմ միջազգային լրատվամիջոցների վերնագրերը, հասկանում եմ, որ լուրջ թյուրիմացություն է տեղի ունեցել: Սա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Խորհրդային Միության կամայական որոշման արդյունքում տարածաշրջանը հայտնվեց Ադրբեջանի տարածքում: Հայերը միշտ եղել են սպառնալիքի տակ: Սկզբում այն թաքնված էր, բայց հետագայում այն տեսանելի դարձավ: Երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, հայերը որոշեցին օգտագործել իրենց ինքնորոշման իրավունքը: Ինչպես Ադրբեջանն առանձնացավ Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը առանձնացավ Ադրբեջանից: Ի դեպ, դա ամբողջովին խաղաղ գործընթաց էր: Ադրբեջանը հենց սկզբից արձագանքեց այս գործընթացին բռնի ուժով, ջարդերով, սպանություններով: Եվ այդ պահից սկսվեց հակամարտությունը: Ցավոք, միջազգային հանրությունը խորապես սխալ է հասկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Խոսքը տարածքի մասին չէ: Դա մարդկանց, մարդկանց անվտանգության մասին է: Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր միշտ եղել են Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը, ցանկանում են օգտագործել իրենց ազատության, անկախության և ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել է Փաշինյանը:
Փաշինյանը ակնհայտ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնեցված գործողությունները:
«Թուրքիան վերահսկում է ողջ գործընթացը, նրանք չեն փորձում դա թաքցնել: Սա իրականում շատ հրապարակային գործընթաց է: Ես նշեցի Լեռնային Ղարաբաղի հայության առջև ծառացած սպառնալիքը: Բայց երբ նշում եք Թուրքիային, մտածեք այն էքզիստենցիալ սպառնալիքի մասին, որին հայերը բախվել են Թուրքիայի կողմից մեր պատմության ընթացքում: Ինչպես գիտեք, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրականացվեց Օսմանյան Թուրքիայում, երբ սպանվեց 1,5 միլիոն հայ: Մինչ այժմ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, Թուրքիան, ըստ էության, շարունակում է իր քաղաքականությունը հայերի դեմ: Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին, ապա կրկնում եմ` մեզ համար սա էքզիստենցիալ սպառնալիք է, և մենք մեզ պաշտպանելուց բացի այլ բան չունենք»,- ընդգծել է Փաշինյանը: