Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պայմանական հակառակորդը խախտել է սահմանը, ներքաշվել մեր տարածք, մենք նրան հետ ենք շպրտել ու վերականգնել պետական սահմանը․ ըստ Yerkir.am-ի, այսպիսի սցենարով Արագածի փեշին՝ «Ալագյազ» զորավարժարանում, ավելի քան 1 500 զինծառայող ու մոտ 300 միավոր զրահատեխնիկա մասնակցեցին «Կովկաս 2020» զորավարժության հայաստանյան փուլին։
«Տպավորությունը շատ բարձր է, որ ՀՀ զորքերը ՌԴ զորքերի հետ համատեղ մասնակցեց, ունեցանք արդյունքներ։ Աշխատել, պատրաստվել էինք։ Դրական կողմերով աչքի ընկանք, ոնց հասկացանք»,-ասաց տանկիստ, կապիտան Սամվել Անդրեասովը։
Սա Սամվել Անդրեասովի արդեն 5-րդ զորավարժությունն է։ Ընդհանուր առմամբ, վարժանքին մասնակցեցին հայկական բանակային տարբեր կորպուսների ստորաբաժանումներ, ռուսական 102-րդ բազայի զորախմբերը և սահմանապահ զորքերը։ Հայ-ռուսական միացյալ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն ասաց՝ վարժանքի կիրառական նշանակությունն այն է, որ բոլոր այս ստորաբաժանումները կարողանան գործել մեկ հրամանատարության ներքո, որպեսզի ընդհանուր հակառակորդի հանդեպ խնդիրը կարողանան լուծել։
«Այդ ներդաշնակությունն իհարկե, ես տեսնում եմ, հայկական և ռուսական կողմերը շատ ներդաշնակ գործողություններ են կատարում, որից ես գոհ եմ»,-ասաց նա։
Թերություններ էլ, իհարկե, նկատել է գեներալ-մայորը, բայց ասաց՝ դրանք այնքան չնչին են, որ համարում է՝ մարտական խնդիրն այսօր կատարել են։ Երկու երկրների հրետանային ստորաբաժանումները կրակեցին «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներից և «Սանի» հրվող մինոմյոտներից՝ կիրառելով ռադիոլոկացիոն և հետախուզական միջոցներ։ Խոցեցին պայմանական հակառակորդի՝ մինչև 5 կմ հեռավորության թիրախները փակ կրակային դիրքերից։
Տանկերը կիրառեցին ժամանակակից ռազմական հակամարտությունների փորձը՝ պայմանական հակառակորդի բրոնիտեխնիկան և կարևոր օբյեկտները խոցելով «տանկային կարուսել», «տանկ հետախույզ» և նմանատիպ այլ հնարքներով։ Կիրառվեցին նաև անօդաչու թռչող սարքեր։
«Ամեն ինչից տպավորված եմ, կոնկրետ բան չկա։ Առաջին անգամ անում էի կրակոցը․ մասնակցություններ շատ են եղել, բայց այսպիսի մեծածավալ զորավարժություն առաջին անգամն էր։ Անբացատրելի է, ինչ զգացում ունեցա, ոնց կարելի է բացատրել։ Ամենակարևորն այն է, որ մեր հրամանատարները մեզնից շատ հոգ էին ու մեր առջև դրված խնդիրը կատարել ենք գերազանց»,-ասաց զինծառայողներից մեկը։
Զորավարժության ավարտին զինծառայողները պարտադիր դրեցին դիմակները․ համավարակը մոռացված չէ։
Հայ-ռուսական համատեղ զորավարժությունը ուղերձ չէ ոչ մեկին, դա մեր մարտական ծրագրի կատարումն է, որը մշակել ենք տարեսկզբին՝ ասաց Տիգրան Փարվանյանը։ Մշակել են համատեղ՝ Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի հրամանատարությունն ու Հայաստանի ԶՈՒ շտաբը։
«Համաձայն մեր ծրագրի շարժվում ենք առաջ։ Մենք պետք է այսպիսի միջոցառում անեինք ապրիլ ամսին, բայց պանդեմիայի պատճառով չարեցինք։ Այսպիսի միջոցառումներ լինում են տարին 2-3 անգամ․ սա առաջին անգամը չէ ու ոչ մեկին ուղերձ չէ, մենք մեր գործն ենք անում»,-ասաց Տիգրան Փարվանյանը։
Ռազմավարական հրամանատարաշտաբային «Կովկաս 2020» լայնածավալ զորավարժությունն անցկացվում է սեպտեմբերի 21-26-ը ՌԴ հարավային ռազմական օկրուգում, ինչպես նաև Սև և Կասպից ծովերի ջրային տարածքներում։ Այս պահին Ռուսաստանում են նաև հայկական ստորաբաժանումները՝ այնտեղի զորավարժարաններում վարժանքին մասնակցելու համար։ Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում է 80 հազար մարդ, մինչև 250 տանկ, 450 ԲՄՊ, 200 հրետանային համակարգեր։
Աննա Բալյան