կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 23:37
Տնտեսական

Կա տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ, իսկ անկման դինամիկան չի փոխվի

Կա տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ, իսկ անկման դինամիկան չի փոխվի

Տնտեսության ներկայիս վիճակի, առկա մարտահրավերների, տնտեսական ճգնաժամի հնարավոր վտանգների հետ կապված iravunk.com-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Կա՛ տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ

- Պարոն Գրիգորյան, վարչապետը իր ելույթում ասաց, որ սոցիալական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ չկա:Կան սոցիալական խնդիրներ, որոնք առաջացել են այս պանդեմիայի ժամանակ, բայց սոցիալական ճգնաժամ գոյություն չունի: Դուք ի՞նչ եք կարծում, մենք ունե՞նք տնտեսական ճգնաժամ, ունե՞նք սոցիալական ճգնաժամ:

- Սոցիալական խնդիրներն ուղիղ կապ ունեն մարդու պարզ պահանջմունքների, սպասումների եւ դրանց ապահովման դժվարությունների հետ:Կան ձեւավորված եւ չիրականացած սպասումներ: Այստեղ հարցը այլ է: Եթե առկա է տնտեսական ճգնաժամ, ապա չի կարող չլինել սոցիալական ճգնաժամ. դրանք փոխկապակցված են՝ նաեւ կապված լինելով ընթացիկ տարվա պետբյուջեի կատարման հետ: Պարզ է, որ Բյուջե 2020-ը չի կատարվելու: Տնտեսական անկումն էլ ակնհայտ է, իսկ սոցիալական ճգնաժամը արդեն մուտք է գործել մարդկանց տներ: Կա այս տարվա համար երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով հաստատված 4,9% տնտեսական աճի սպասելիք, եւ կա իրական պատկեր՝ տնտեսական էական անկում: Սա դասական իմաստով տնտեսական ճգնաժամ է: Իսկ թե ի՞նչ նկատի ունի վարչապետը՝ ճգնաժամ չկա ասելով, հայտնի չէ: Սակայն պարզ հարց է առաջ գալիս, իսկ այդ դեպքում ի՞նչ պետք է լինի, կամ որքա՞ն պետք է լինի անկումը, որ գնահատվի ճգնաժամ: Կարծում եմ՝ հայտարարությունը, որն արվել է, քաղաքական է եւ կապ չունի տնտեսական իրական պատկերի հետ: Սակայն այդպիսի հայտարարություններին սպասողների բանակը նոսրացել է. մարդիկ բոլորից լավ գիտեն իրենց սոցիալ-տնտեսական վիճակը: Հետեւաբար, իմ գնահատականը հետեւյալն է՝ այո, կա տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ: Պաշտոնական վիճակագրական տվյալներում այդ պատկերն արտացոլված է: Այս տարվա յոթ ամիսների տվյալներով անկում ունենք գրեթե բոլոր ոլորտներում, տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 5,7%, շինարարության ծավալը՝ 22,6%, առեւտրաշրջանառությունը՝ 11%-ով, եւ այս ամենը բյուջեի եկամուտների շուրջ 170 միլիարդ դրամ պակաս հավաքագրման պայմաններում:

Անկման դինամիկան չի փոխվի

- Առհասարակ, ինչպե՞ս կներկայացնեք Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, բացի համավարակից, որո՞նք են արտահանման եւ ներմուծման կրճատման օտարերկրյա ներդրումների զրոյացման պատճառները:

- Արտաքին առեւտրաշրջանառությունը անկում է գրանցել 11,3%, այդ թվում` արտահանումը՝ 6,4%, ներմուծումը՝ 13,7%:  Այս պատկերի պատճառը միայն համավարակը չէ, այստեղ կարեւոր են նաեւ հարկային եւ մաքսային կարգավորումները: Արդեն դժգոհություն են հայտնում փոքր ու միջին ձեռնարկատերերը, ովքեր ներմուծման ժամանակ մաքսազերծում կատարում են հարկման բազա համարելով ներմուծված ապրանքի քաշը՝ վճարելով յուրաքանչյուր 1 կգի համար 4,6 դոլար: Իսկ հիմա առաջարկվում է անցնել անվանացանկի հատով մաքսազերծման: Եթե մարդը Չինաստանից բերում է հագուստ եւ դրա համար վճարում է տրանսպորտային ընկերությանը, ով էլ հանձն էր առնում մաքսային հարցերով զբաղվել եւ բերել ապրանքը հասցնել իր տիրոջը, հիմա արդեն առաջ է գալու փոքրիկ տնտեսվարողի եւ չինական մի ընկերության միջեւ ձեւակերպվող հաշիվ ապրանքագրերի դժվար վերահսկելի շղթան, դրանց համար կատարված վճարումները, տրանսպորտային ծախսեր հիմնավորող փաստաթղթերը, ինվոյսային արժեքի, իսկ որոշ դեպքերում՝ համանման ապրանքների գների տարբերության համար հսկիչ գների կիրառումը: Այս վիճակում սովորական փող աշխատող անհատ ձեռնարկատերը կանգնում է խնդիրների առաջ: Արտահանման պարագան այլ է: Առանձին ապրանքների համար գլխավոր գնորդ երկիր է հանդիսանում ՌԴ-ն, իսկ այստեղ դոլար-ռուբլի փոխարժեքային տեսանելի եւ կտրուկ տատանումները ֆինանսական լուրջ հարված են հասցնում մեր տեղական ընկերություններին: Իմ ասածը կհաստատի յուրաքանչյուր գյուղմթերք մշակող ընկերություն: Հաջորդ կարեւոր գործոնը`  հարկային օրենսգիրքն է: Հարկային օրենսգիրքը չի արտացոլում այն խոստումները, որոնք տրվեցին ԱԺ ընտրություններից առաջ: Այն է՝ սոցիալական արդարության հաստատում: Բայց փոխարենը բերվեց համահարթ եկամտային հարկի մասին սոցիալական բեւեռացումը խորացնող կարգավորումը: Այս օրենսդրական փոփոխությունների նախընթաց շրջանում իշխանությունների ներկայացուցիչները պնդում էին, որ անուղղակի հարկերի ավելացումը եւ եկամտային հարկի համահարթեցումը միտված է արտահանման քաղաքականություն իրականացնելուն: Հետո եկավ համավարակը եւ ջնջեց այդ թեզերը, եւ արդյունքում ունենք թանկացած սպառման ապրանքներ, որոնց ակցիզային հարկը բարձրացվեց, ու պակասեց սպառումը: Նաեւ ունենք արտահանման նվազում:

- Որո՞նք են տնտեսության՝ վերականգնման միտումներ ցույց տվող ճյուղերը: Մինչեւ տարեվերջ ի՞նչ պատկերի ենք ականատես լինելու:

- Տնտեսության վերականգնումը շուտ չի լինելու, որովհետեւ չկա զարգացման ռազմավարություն: Նորից հղում անելով Վիճակագրական կոմիտեի հրապարակումներին` պետք է նշեմ, որ առանձին ճյուղեր որոշակի աճ են գրանցել, օրինակ` հանքարդյունահանումը, այդ թվում՝ մետաղական հանքերի շահագործումը: Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք հանքերի անողոքաբար շահագործման ծանր փուլում: Պետության սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխության համար անհրաժեշտ է ունենալ ձեւակերպված խնդիրներ՝ կոնկրետ ոլորտների համար, մշակված ռազմավարություններ, միջոցառումների պլան, իրականացման համար հաշվարկված ռեսուրսներ եւ անհրաժեշտ մասնագիտական կադրեր: Հիմա կարծես թե նշածներս չկան, հետեւաբար տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է, որ երկրում տեղի ունենան քաղաքական փոփոխություններ: Իսկ մինչեւ տարեվերջ անկման դինամիկան հիմնականում չի փոխվի:

ԶրույցըԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ