կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 16:51
Մշակույթ

Արզականի Սուրբ Ստեփանոս մատուռը

Արզականի  Սուրբ Ստեփանոս մատուռը

Արզական գյուղում պատմամշակութային արժեքները բազմաթիվ են և թվագրվում են տարբեր ժամանակներով: Դրանցից մեկն էլ Սուրբ Ստեփանոս մատուռն է, որ գտնվում է Արզականը շրջապատող Ծաղկունյաց լեռնաշթայի  լանջերին: Մատուռը և նրա հարակից տարածքը լի են քարամշակույթի  միջնադարյան արվեստը բնութագրող  խաչքարերի, սրբատաշ  քարերի, տապանաքարերի եզակի նմուշներով:

Այդ  նմուշներից  բացառիկը հայկական հավերժության (սվաստիկայի) նշանի այս քանդակն է, որը միջնադարյան արվեստը բնորոշող երևույթ է:  Արզականցիների համար այս քանդակը  առանձնահատուկ նշանակություն ունի, և դրա հետ կապված պատմությունը բավականին հետաքրքիր  է:

Ինչպես գիտենք, բաղարջը հացի մի տեսակ է, որը պատրաստվում է ջրաղացի պատերի վրա հավաքված ալյուրից, սովորաբար պատաալյուր են անվանում: Այն սովորական ալյուրից տարբերվում է նրանով, որ ջրաղացի պատերին սովորաբար հավաքվել է ալյուրի մանր զանգվածը: Հենց այդ զանգվածը հավաքելով` պատրաստել են հացի այդ տեսակը, որն անվանում են բաղարջ: Այն առանձնանում է իր յուրահատուկ համով:

Արզականցիները  բաղարջի խմորը հուցում էին կաթով, և  բոլոր տներում առ այսօր սովորույթ կա՝ թխվող բաղարջի վրա պատկերել  հենց Սուրբ Ստեփանոս մատուռի արևմտյան ճակատին պատկերված՝ հավերժության նշանը:

Այս իրողությունը փաստում է, որ Սուրբ Ստեփանոսը արզականցիների համար բացառիկ նշանակություն ունեցող սրբավայր է: Հաճախակի են դեպքերը, երբ բանակ զորակոչվող երիտասարդները բարձրանում են այս մատուռը`  նրա աստվածային օրհնությունն ու զորությունը ստանալու:

No description available.

Մատուռի տարածքում գտնվող այս  քարերից  յուրաքանչյուրը  քարամշակույթի միջնադարյան արվեստի բացառիկ նմուշ է, դրանք բնութագրում են  թե' վաղ, թե' զարգացած, թե' ուշ միջնադարյան քարամշակութային արվեստը: Ըստ էության, սրանցից յուրաքանչյուրը միջնադարյան եկեղեցիների կառուցվածքային նմուշներ են, որոնք հետագայում գյուղի բնակիչները հավաքել և կառուցել են Սուրբ Ստեփանոս մատուռը, որի կառուցման թվականը այս պահին թերևս անհայտ է:

Այդ բոլորի մեջ, սակայն, առանձնանում է այս խաչքարը, այն պատրաստված է  Հայաստանում հազվադեպ հանդիպող սպիտակ որձաքարից: Այն համարվում է ծաղկած խաչքար, որը բնորոշ էր 12-13-րդ դարերի խաչքարային արվեստին: Խաչքարի եզրերը զարդարված են հելունագործ զարդանախշի պատկերներով: Խաչի եզրերից բացվում են ծաղկի թերթիկներ,  գագաթին նռան երկու ճյուղեր են, որոնցից կախված են նռան պտուղները: Խաչի ներքևից բացված են արմավենու թփեր, որոնք բարձրանում և գրեթե հասնում են խաչի թևերին: Խաչքարի ամենաներքևում էլ պատկերված է հավերժության  հայկական  տարբերանշանը:

Այս խաչքարի յուրահատկությունը, տարածքի բոլոր խաչքարերի համեմատությամբ, այն է, որ ունի սրածայր գագաթ:

Մատուռի ներսը ևս հարուստ է միջնադարյան արվեստին  բնորոշ  նմուշներով, որոնցից  առանձնանում է մեսրոպատառ այս արձանագրությունը, որը, ցավոք, վնասված է, և քարի վրայի գրվածքի բովադակությունը գրեթե անհասկանալի է:

Ստորև բերվող ֆոտոշարքը ներկայացնում է մատուռի ներսը:

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ  Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի  հասարակագիտության ուսուցիչ